Աղետը կգա, այդ ժամանակ էլ կմտածենք դեմն առնելու մասին. Մխիթար Հայրապետյան


Աղետը կգա, այդ ժամանակ էլ կմտածենք դեմն առնելու մասին. Մխիթար Հայրապետյան

  • 23-08-2017 18:31:29   | Հայաստան  |  Վերլուծություն

 
Դեռևս նախորդ տարվա ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հայկական բանակի ռազմական ներուժի, վերջինիս՝ սպառազինության մրցավազքից իբրև թե հետ չմնալու և բազմաթիվ այլ գործոնների (օրինակ՝ ՀՀ զինված ուժերում այդպես էլ հակառակորդի համար զսպող ազդեցություն չունեցած «Իսկանդերի» գերագնահատումը) վերաբերյալ մեր պատկերացնումները, մեղմ ասած, չէին համապատասխանում իրականությանը: 
 
Մարտական գործողություններից բացի, այդ ամենը հաստատեց ինքը Սերժ Սարգսյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ, մասնավորապես, նշելով. «Այո՛, մենք կռվում ենք հիմնականում 80-ական թվականների զենքով, բայց այս կոնֆլիկտը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում»:
 
Այժմ կարող ենք միանշանակ փաստել, որ քառօրյա պատերազմից հետո առնվազն առաջնագծում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել: Խոսքը, նախևառաջ, վերաբերում է տեխնիկական պատրաստվածությանը (գիշերային զննման սարքերի, կապի նոր համակարգերի տեղադրում և այլն): Թեև վերջին մեկ տարում դեռևս մեծածավալ քայլեր չեն ձեռնարկվել Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման, ինչպես նաև վերջինս տնտեսության կարևորագույն և առաջատար ոլորտներից մեկի վերածելու ուղղությամբ, սակայն 2016-ի ապրիլից հետո այդ մասին բարձրաձայն անդադար խոսվում է գրեթե բոլոր հարթակներից: Սպասենք, ժամանակը ցույց կտա:
 
Մինչև վերջերս ձևավորված կարծիք կար, թե ԱԻՆ-ը թե՛ տեխնիկապես, և թե՛ մասնագիտական ռեսուրսներով բավականին պատրաստված է արտակարգ իրավիճակներին: Մինչդեռ ընթացիկ ամսվա առաջին կեսին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհը հանրության մոտ շատ հարցեր առաջացրեց: ԱԻ նախարարը դիմեց իր ռուս գործընկերոջը՝ Հայաստանին տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար: 
 
Ինքնաթիռը եկավ, արեց իր գործն ու հեռացավ: Նույն ԱԻ նախարարությունից հայտարարեցին, որ երկնքից հրդեհաշիջում կազմակերպելու շնորհիվ հնարավոր է եղել զգալի չափով կանխել կրակի տարածումը: Ոլորտի ներկայացուցիչների համոզմամբ՝ ԱԻՆ-ի մասնագետները լավ են աշխատում, պարզապես սույն գերատեսչությունը չունի միջոցներ նման արտակարգի իրավիճակներում արագ աշխատելու համար: Գրեթե նույն տրամաբանությամբ, ինչ Սերժ Սարգսյանի դեպքում էր՝ մենք զենք չունենք, բայց զինվորները լավ են կռվում, մենք զենք չունենք, բայց մեր հովիվները որսորդական հրացանով ադրբեջանական անօդաչու թռչող սարք են գցում, մենք զենք չունենք, բայց մեր առաջնագծի տղաները նռնականետով ուղղաթիռ են խոցում:
 
Այժմ հայտնի չէ՝ արդյոք ԱԻՆ-ն առաջիկայում պատրաստվում է ձեռք բերել հրդեհաշիջող ինքնաթիռ, համապատասխան այլ տեխնիկա, թե ոչ, սակայն Խոսրովի անտառի հրդեհից հետո լրատվական դաշտում, սոցցանցերում ավելի ու ավելի շատ է խոսում դրա կարևորության մասին: Սպասենք, ժամանակը ցույց կտա: 
 
2 տարի առաջ ԱԳՆ մի շատ բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ ես հարցրի. «Դիցուք, վաղն առավոտյան ՀՀ-ն նոր հարևան կունենա՝ հանձին, ասենք, 20-30 միլիոնանոց Քրդստանի, ի՞նչ ենք անելու մենք, ինչիպիսի՞ տնտեսական, դիվանագիտական, ռազմաքաղաքական հարաբերություններ ենք հաստատելու վերջինիս հետ, ի՞նչ ձևաչափով, ունե՞նք այդպիսի մի տեսլական, ծրագիր, այն թող չլինի 50-100 տարվա, թող լինի առաջիկա 5 տարիների համար, բայց արդյո՞ք ունենք»: Եվ նրա պատասխանը կանխատեսելի էր, բառացիորեն մեջբերում եմ. «Գիտե՞ք, հիմա անիմաստ են նման խոսակցությունները, թող Քրդստանն անկախանա, հետո կմտածենք»:
 
Ահա այս պատասխանը ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության լավագույն բնորոշումն ու սահմանումն է՝ մեկ նախադասությամբ: Մենք անընդհատ նույն բանն ենք կրկնում, թե վերոնշյալ իրավիճակներից մեր պետությունը նվազագույն կորուստներով դուրս եկավ, թե մեր լավագույնն ենք արել, ու չնայած «ծեծված» թեմա է, բայց չէ՞ որ ամեն անգամ մեր հովիվները որսորդական հրացանով հակառակորդի անօդաչու թռչող սարքերը չեն խոցելու, կամ չէ՞ որ չկա մի երաշխիք, որ Հայաստանի ամենաանհուսալի դաշնակիցը հետագայում ևս անմիջապես կարձագանքի և կուղարկի անհրաժեշտ տեխնիկան՝ մարելու մեր իսկ հրդեհները: 
 
Իսկ ո՞վ է ասել, որ ավելի լավ լինել չէր կարող, եթե համապատասխան կառույցներն ու մարդիկ ժամանակին ավելի հեռատես գտնվեին, չալարեին ու հաշվարկեին իրադարձությունների հնարավոր բոլոր զարգացումները, չսպասեին աղետին և միայն դրանից հետո մտածեին լուծումների մասին: Աներկբա է, որ այդ դեպքում հրդեհից շատ ավելի քիչ ծառեր կայրվեին, տարածքային կորուստներ չէինք ունենա, և վերջապես, անհամեմատ ավելի քիչ զոհեր կտայինք ռազմի դաշտում:
 
 
Մխիթար Հայրապետյան
Քաղաքացիական կրթության կենտրոնի տնօրեն
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play