Հայաստանը գնալով վերածվում է քրեականների ու «բեսպրեդելով» առաջնորդվողների երկրի. նույնիսկ բարձրաստիճան ոստիկանները պաշտպանված չեն


Հայաստանը գնալով վերածվում է քրեականների ու «բեսպրեդելով» առաջնորդվողների երկրի. նույնիսկ բարձրաստիճան ոստիկանները պաշտպանված չեն

  • 24-08-2017 17:45:24   | Հայաստան  |  Իրավունք

 
 
Լրագրողական հանրությունը վաղուց էր ահազանգում, որ Հայաստանը գնալով վերածվում է քրեականների ու «բեսպրեդելով» առաջնորդվողների երկրի, որ իրենց օրենքից վեր դասող ստվարաթիվ անձանց մոտ մեծ քանակության ապօրինի պահվող զենք-զինամթերք կա, ու դրանց տիրապետողները հաճախ նախընտրում են հասարակության մնացած անդամների հետ խոսել իրենց ունեցած հրազենի լեզվով, ուժի դիրքերից ու տրամաբանությամբ:
Գրում և ահազանգում էինք, որ մեր երկրում շարքային քաղաքացիները, ավելին` նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաները, եթե հակառակվում են քրեական և քրեաօլիգարխիկ աշխարհների թելադրած խաղի կանոններին, ինչպես, օրինակ, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի խորհրդական, ՊԵԿ-ի նախկին ղեկավար Գագիկ Պողոսյանը, պաշտպանված չեն: Օրենսդիր և իրավապահ մարմիններին կոչ էինք անում կուլ չգնալ մարդու իրավունքների պաշտպանության անվան տակ Արևմուտքի և արևմտյան կառույցների թելադրանքներին, հատկապես ապօրինի պահվող, կրվող, տեղափոխվող զենք-զինամթերքի հայտնաբերման նպատակով, ժամանակին ձեռնարկել վտանգավոր իրավիճակից բխող ու դրան համարժեք միջոցներ:
Ցավոք, ոչ օրենսդիր, ոչ էլ իրավապահ մարմինները չանսացին մեր հորդորներին, և այսօր ունենք մի իրավիճակ, որ զենքով իրականացվող բռնությունների զոհ են դառնում արդեն նույնիսկ ոստիկանները` շարքայինից մինչև բարձրաստիճան:
Անցած գիշեր (օգոստոսի 24-ին, ժամը 4-ի սահմաններում), ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանում հետապնդման ու հրազենային հարձակման է ենթարկվել ոստիկանության աշխատակից Վ. Նազարյանը: Ուշագրավ զուգադիպությամբ Երևանի մեկ այլ վայրում դարձյալ այս գիշեր առայժմ անհայտ անձը դանակահարել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության մայոր Հակոբ Մկրտչյանին, որը հարձակումից հետո գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում։ Անգամ բարձրաստիճան ոստիկանի ուսադիրների նկատմամբ չկա ակնածանք, հարգանք կամ նույնիսկ վախ՝ դրանք կրողից: Քանի՞ այսպիսի դեպք է պետք, որպեսզի Ազգային ժողովը և հենց ՀՀ ոստիկանությունն ուշքի գան… Հետաքրքիր է, որ այս դեպքերի վերաբերյալ ՀՀ ոստիկանության կայքում այսօր ժամը 17:26-ի դրությամբ դեռ որևէ տեղեկատվություն հրապարակված չէր, գուցե ամաչե՞լ են հասարակությանն իրազեկել նույն օրվա մեջ ոստիկանների նկատմամբ կատարված երկու հարձակման մասին, որոնք վկայում են, որ Հայաստանում, ըստ էության, նույնիսկ ոստիկանները պաշտպանված չեն:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Իրավունք