Seedstars միջազգային մրցույթը նոր հնարավորություններ է ընձեռնում հայկական ստարտափերին


Seedstars միջազգային մրցույթը նոր հնարավորություններ է ընձեռնում հայկական ստարտափերին

  • 25-08-2017 12:44:56   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է Seedstars միջազգային մրցույթի տեղական փուլը, որին կարող են մասնակցել ցանկացած ոլորտում նորարարական լուծում ներկայացնող թիմերը։ 
 
Seedstars World-ը սթարթափերի բացառիկ մրցույթ է արագ զարգացող շուկաների և ձեռնարկատիրական էկոհամակարգերի համար։ Մրցույթի միջոցով կապ է ստեղծվում ներդրողների և նորաստեղծ ստարտափերի միջև՝ գրավելով Սիլիկոնյան հովտում և Արևմտյան Եվրոպայում գործող խոշոր ներդրողների ուշադրությունը։ Դիմում-հայտ կարող են ներկայացնել զարգացման տարբեր փուլերում գտնվող ստարտափեր, ինչպես նաև արդեն պատրաստի պրոդուկտ առաջարկող թիմեր։ 
 
Լավագույն 12 ստարտափերը կմասնակցեն «Seedstars-Երևան» սթարթափերի տեղական փուլին, որը տեղի կունենա 2017 թ. սեպտեմբերի 23-ին: Մրցույթի հաղթողը հնարավորություն կստանա ներկայացնելու իր պրոդուկտը Շվեցիարիայում կայանալիք Seedstars համաշխարհային մրցույթին, որի հաղթողը կստանա մինչև 1 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում: Տարածաշրջանային հաղթողները կստանան տարբեր մրցանակներ՝ այդ թվում մենթորների, հաջողակ ձեռներեցների և այլ ներդրողների կողմից խորհրդատվություն, մասնակցություն աքսելերացիայի ծրագրերում և այլ ծառայություններ:
 
Նախորդ տարիների տեղական փուլի հաղթող թիմերի համար միջազգային փուլը կարևոր նշանակություն է ունեցել իրենց պրոդուկտի առաջխաղացման համար։ 2015թ․ի հաղթող SoloLearn ընկերությունը ընդգրկվել է լավագույն տասնյակում և գրավել բազմաթիվ ներդրողների ուշադրությունը, ինչից հետո թիմը կարողացել է ներգրավել մեծ ներդրումներ, իսկ ներկայումս ունի 3 միլիոնից ավել օգտատերեր։
 
«Seedstars Երևան» սթարթափերի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ http://bit.ly/2vUOQns կայքում` մուտքագրելով SSW_Yerevan_2017 կոդը։ Դիմում-հայտը պետք է ուղարկել մինչև ս.թ. սեպտեմբերի  19-ը: Մրցույթի տեղական փուլի կազմակերպման հովանավորներն են Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Շվեյցարիայի դեսպանատունը Հայաստանում։ 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ