Գյումրիի դոմիկներում ապրող 30-րդ ընտանիքը տուն ստացավ Հիմնադրամի աջակցությամբ


Գյումրիի դոմիկներում ապրող 30-րդ ընտանիքը տուն ստացավ Հիմնադրամի աջակցությամբ

  • 25-08-2017 18:39:36   | Հայաստան  |  Հասարակություն

 
18 ք/մ տարածք ունեցող դոմիկում Քոչարյանների վեցհոգանոց ընտանիքն ապրում է արդեն 19 տարի։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Գյումրի քաղաքի տնակներում ապրող ընտանիքներին վերաբնակեցնելու ծրագրի շրջանակում ընտանիքն այսօր տեղափոխվեց հիմնովին վերանորոգված և կահավորված բնակարան։ 
 
Ընտանիքի հայրը՝Արիստակես Քոչարյանն ունի երկրորդ կարգի հաշմանդամություն, վարում է Երևան-Գյումրի միկրոավտոբուսը։ Ընտանիքի մայրը՝ Ժաննա Կարապետյանը, բուժքույր է «Գյումրի» բժշկական կետրոնում։ Ավագ դուստրը՝ Տաթևը, նույնպես բուժքույր է, աշխատում է «Էսկուլապ» բժշկական կենտրոնում։ Մյուս երկու դուստրերը՝ Արևիկը և Լուսինեն, ուսանողներ են։ Որդին՝ Միշան, դպրոցական է, սովորում է 4-րդ դասարանում։
 
Քոչարյանների ընտանիքը 30-րդ ընտանիքն է Գյումրիում, որ դոմիկից տուն է տեղափոխվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Հիմնադրամը Գյումրիի տնակներում ապրող ընտանիքներին բնակարաններով է ապահովում 2014-ից։
 
Ընտանիքների վերաբնակեցումը հնարավոր է դարձել 2014-ին Լոս Անջելեսում կայացած Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքագրված ամբողջ գումարի, հետագայում կատարված դրամահավաքների, անհատ բարերարների հանգանակությունների, ինչպես նաև Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ֆինանսավորման շնորհիվ։
 
Բնակարաններն ընտանիքի սեփականությունը չեն դառնում՝ հնարավոր վաճառքից խուսափելու համար, այլ տրվում են անհատույց օգտագործման։
 
Բնակարան ստանալու առաջնայնությունը տրվում է երիտասարդ և/կամ բազմազավակ ընտանիքներին։
Նոյյան տապան  -   Հասարակություն