Հայաստանի և Արցախի համար ուղղակի կործանարար է Ռիչարդ Հոգլանդի հրապարակած ամերիկյան դիրքորոշումը


Հայաստանի և Արցախի համար ուղղակի կործանարար է Ռիչարդ Հոգլանդի հրապարակած ամերիկյան դիրքորոշումը

  • 25-08-2017 21:19:39   | Ադրբեջան  |  Քաղաքական

 
 
Ս. թ. օգոստոսի 23-ին Սոչիում հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցություններից հետո ՀՀ նախագահի կայքում նույն օրը հրապարակվեց «ՍՈՉԻՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» վերտառությամբ մի տեղեկատվություն, որում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդամենը մի քանի բառ է. «Նախագահներ Սարգսյանը և Պուտինը անդրադարձել են նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում զարգացող ինտեգրացիոն գործընթացներին, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ»:
Թե ինչ մտքեր են նրանք փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, որոշակի պայմանավորվածություններ եղե՞լ են, թե ոչ, ՀՀ նախագահի կայքը նպատակահարմար չի համարել հանրությանը տեղեկացնել:
Ռուսաստանի Դաշնություն ՀՀ նախագահի կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման վերաբերյալ գրեթե նույն տեղեկատվությունն է հրապարակված նաև ՌԴ նախագահի կայքում, որում, սակայն, բառ անգամ չկա այն մասին, որ նախագահները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Կարելի է ենթադրել, որ կողմերի (ՀՀ և ՌԴ նախագահների) միջև եղել է բանակցությունները չգաղտնազերծելու պայմանավորվածություն՝ այն պատճառաբանությամբ, որ տվյալ մասով գաղտնազերծումը չի բխում Արցախի հակամարտության կարգավորման շահերից: Ի դեպ, Սոչիում հուլիսի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման վերաբերյալ ՌԴ նախագահի կայքում հրապարակված տեղեկատվության մեջ նույնպես բառ անգամ չկա, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների կամ նույնիսկ մտքերի փոխանակման վերաբերյալ: Սակայն, այն, ինչ այդ հանդիպումների ընթացում Արցախի առնչությամբ քննարկված հարցերի, բանակցությունների վերաբերյալ հայտնի չէ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հասարակություններին ու նույնիսկ լրագրողներին, ամենայն հավանականությամբ, հայտնի է ԱՄՆ ղեկավարությանը: Կարելի է ենթադրել, որ հիշյալ հանդիպումների, մանավանդ, դրանցից վերջինի` Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում այն, ինչ քննարկվել է Արցախի առնչությամբ, չի բխում Ադրբեջանի շահերից, քանի որ Սոչիում երկու օր առաջ կայացած հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցություններից անմիջապես հետո հրապարակայնորեն հանդես եկավ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդը`  հրապարակելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական կետերն ըստ ԱՄՆ-ի պատկերացման: Ահա դրանք.
«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում՝ փոխադարձ համաձայնությամբ և իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ:
Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում, պետք է ժամանակավոր կարգավիճակ տրվի, որն առնվազն ապահովում է անվտանգության և ինքնավարության երաշխիքներ։
Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանի վերահսկողությանը։ Այնտեղ չի կարող լինել որևէ բնակեցում՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի:
Պետք է լինի միջանցք, որը կմիացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է լինի բավականաչափ լայն՝ անվտանգ փոխադրումների ապահովման համար։ Սակայն այն չի կարող ներառել Լաչինի ամբողջ շրջանը:
Հարատև կարգավորումը պետք է ճանաչի բոլոր տեղահանված անձանց և փախստականների իրավունքը՝ վերադառնալ բնակության նախկին վայր:
Կարգավորումը պետք է իր մեջ ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարար միջոցառումներ: Գոյություն չունի սցենար, որում խաղաղությունը կարող է ապահովված լինել առանց լավ նախապատրաստված խաղաղ գործողությունների, որոնք վայելում են բոլոր կողմերի վստահությունը»:
Առաջին իսկ հայացքից պարզ է, որ «կարգավորման» ամերիկյան սցենարի իրականացումը, որին, բարեբախտաբար, դեմ է նաև Ադրբեջանը, նույնիսկ ոչ հեռավոր ապագայում կործանարար է լինելու Արցախի և Հայաստանի Հանրապետության համար, քանի որ դրանով նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված (իրականում` ազատագրված) տարածքների հանձնում Ադրբեջանի վերահսկողությանը, այն էլ` սկզբնապես, առանց կողմերի կողմից Արցախի Հանրապետության վերջնական իրավական կարգավիճակի սահմանման՝ փոխադարձ համաձայնությամբ և իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ: Դա, ըստ Հոգլանդի կամ ԱՄՆ-ի, պետք է կատարվի ապագայում:
Ավելին. Հոգլանդը (ԱՄՆ-ը), ըստ էության, փորձում է մեր հասարակության գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկել, քանի որ մի կողմից համարում է, որ «Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում, պետք է ժամանակավոր կարգավիճակ տրվի, որն առնվազն ապահովում է անվտանգության և ինքնավարության երաշխիքներ», իսկ մյուս կողմից անտեսելով, որ նշված տարածքի անվտանգության և ինքնավարության երաշխիքը Արցախի Պաշտպանության բանակի կողմից ազատագրված տարածքների վերահսկումն է, հայտարարում` «Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանի վերահսկողությանը։ Այնտեղ չի կարող լինել որևէ բնակեցում՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի»:
Ամերիկյան դիրքորոշման համաձայն, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ միացնող միջանցքը պետք է լինի բավականաչափ լայն՝ անվտանգ փոխադրումների ապահովման համար, սակայն այն չի կարող ներառել Լաչինի ամբողջ շրջանը: Ցավում եմ, որ այս պահին Հոգլանդի հետ հանդիպման հնարավորություն չունեմ, որպեսզի առերես ասեմ` կգնաս, այդ լապշան կկախես երկրիդ նախագահի` Դոնալդ Թրամփի ականջին: Փաստն այն է, որ Քելբաջարի շրջանն Ադրբեջանին հանձնելու (Հոգլանդի հրապարակած Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական կետերից, որոնցում նույնիսկ հղում չկա Կազանի փաստաթղթի վրա, հենց դա է բխում՝ «Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանի վերահսկողությանը») և Ադրբեջանի ներկայիս ռազմատեխնիկական հնարավորությունների պայմաններում, եթե Լաչինի նույնիսկ ամբողջ շրջանն Ադրբեջանին չհանձնենք, հնարավոր չի լինելու ապահովել Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ միացնող միջանցքով անվտանգ փոխադրումները:
Ըստ Հոգլանդի (ԱՄՆ-ի), «Հարատև կարգավորումը պետք է ճանաչի բոլոր տեղահանված անձանց և փախստականների իրավունքը՝ վերադառնալ բնակության նախկին վայր»: Հասկանո՞ւմ են արդյոք Հոգլանդը և Միացյալ Նահանգների ղեկավարությունը, որ Սումգայիթում (1988թ. փետրվարին), Կիրովաբադում և Ադրբեջանի այլ հայաբնակ վայրերում (1989թ.), Բաքվում (1990թ. հունվարին) հայերի ցեղասպանությունից հետո (զանգվածային սպանություններ, ջարդեր, բռնաբարություններ, տեղահանություններ, որոնք լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի 1948թ. Կոնվենցիայի 2-րդ հոդվածի երեք կետերին) Ադրբեջանի նշված և այլ բնակավայրեր այնտեղից տեղահանված ու փախած հայերի վերադարձն ուղղակի անհնար է, հետևաբար և անկարելի, մերժելի է ԼՂԻՄ-ից դուրս եկած ու փախած անձանց վերադարձն Արցախի Հանրապետություն: Առավել ևս` այն բանից հետո, որ Ադրբեջանում ոչ վաղ անցյալում գրեթե ողջ ժողովուրդը և պետությունը հերոսացրեցին Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին դահճաբար սպանած Ռամիլ Սաֆարովին, իսկ 2016թ. ապրիլին շարունակելով իր հայատյաց քաղաքականությունը, Ադրբեջանը նույնիսկ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Այս ամենից հետո էլ ի՞նչ կամ էլ ո՞ւմ վերադարձի մասին կարող է խոսք լինել:
Կարծում ենք, հենց վերը նշվածը նկատի ունենալով է, որ Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Արցախի հանրային հեռուստատեսությանը Ռիչարդ Հոգլանդի հիշյալ հայտարարության մասին տված մեկնաբանության մեջ ուղղակի ասել է. «2016թ․ ապրիլի պատերազմը ակնառու կերպով ցուցադրեց, որ իրականությունից կտրված մոտեցումները վտանգավոր են, և կարող են ճանապարհ հարթել անկանխատեսելի զարգացումների համար»։
Արցախի ԱԳ նախարարը Ռիչարդ Հոգլանդին պարզորոշ հասկացրել է նաև, որ այսօր անհրաժեշտ են ոչ թե այդպիսի հայտարարությունները, Արցախի հակամարտության կարգավորման հիմնական կետերի շուրջ այս կամ այն պետության պատկերացումների հրապարակումը, այլ «նախ և առաջ, անհրաժեշտ է հետևողական քայլեր ձեռնարկել խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման և ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի իրագործման ուղղությամբ»։ Սրանով պարոն Միրզոյանը ամերիկյան կողմին, կարծում ենք, նաև Եվրոմիությունը ներկայացնող Ֆրանսիային հասկացրել է, որ Ադրբեջանն, ըստ էության, հրաժարվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններից, ներառյալ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի իրագործման ուղղությամբ համապատասխան քայլեր կատարելուց, իսկ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Եվրամիության կողմից բացակայում են պահանջկոտությունն Ադրբեջանի նկատմամբ և հետևողական քայլերը խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման և ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի իրագործման ուղղությամբ:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play