Իսրայելը և ԱՄՆ-ը սադրում են մեծ պատերազմ, որը կխառնի աշխարհը


Իսրայելը և ԱՄՆ-ը սադրում են մեծ պատերազմ, որը կխառնի աշխարհը

  • 26-08-2017 21:05:09   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
Իսրայելի սիոնիստական ռեժիմը շարունակում է վտանգ ներկայացնել համաշխարհային անվտանգության համար: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն օգոստոսի 10-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում, ինչպես արդեն հայտնի է, չկարողացավ արդյունքի հասնել Իրանի հետ Ռուսաստանի հարաբերությունները փչացնելու հարցում: Իրանի և Ռուսաստանի` ընդհանուր շահեր ունենալը, ամուր կապերը, Իրանին Ռուսաստանի գիտատեխնիկական աջակցությունը, Միջին Արևելքի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երեք տարածաշրջաններում Իրանի և Ռուսաստանի ռազմավարական համագործակցությունը լրջորեն անհանգստացնում են Իսրայելին:
Իրան-Ռուսաստան հարաբերությունների խաթարումը ձախողելուց հետո, Իսրայելի պաշտոնատարները հայտարարել են, որ Իրանը լուրջ սպառնալիք է Իսրայելի համար: Այս մասին նրանք նախկինում էլ են հայտարարել, սակայն կան որոշ հիմքեր` ենթադրելու, որ այս անգամվա հայտարարությունը տարբերվում է նախորդներից ու նպատակ ունի Իրանի նկատմամբ որոշակի գործողությունների հասմար հիմք նախապատրաստելու: 
Սիոնիստական ռեժիմի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը անցած հինգշաբթի հայտարարել է. «Այս պահին, երբ Սիրիայում Իրանի ներկայությունն ամեն օր ավելի գունեղ է դառնում, Իսրայելը ձեռքերը ծալած չի նստելու և Թեհրանին չի թույլատրելու իր դիրքերն ամրապնդել Սիրիայում»:
Թե ինչպե՞ս է դա անելու, դժվար չէ ենթադրել: Պարզ է, որ Սիրիայում ահաբեկչական կազմավորումների դեմ պայքարող, այնտեղ Իսրայելի և ԱՄՆ-ի պլանները Ռուսաստանի հետ միասին ձախողող Իրանը տեղի չի տալու Իսրայելի պահանջներին և ոչ էլ վախենալու է նրա սպառնալիքներից:
Միաժամանակ հայտնի է, որ Իսրայելն այն պետություններից չէ, որոնք իրենց խոսքը քամուն են տալիս, հետևաբար պաշտպանության նախարարի ասածը նշանակում է Սիրիայում գործադրել Իրանի նկատմամբ ռազմական միջամտության լծակը: Կասկածից դուրս է նաև, որ Սիրիայում իր ուժերի նկատմամբ Իսրայելի ցանկացած ոտնձգություն Իրանն անհետևանք կամ անպատիժ չի թողնելու, այդ դեպքում Իրանի արձագանքը շատ կոշտ է լինելու, իսկ թե դա, իր հերթին, ինչ հետևանքներ կունենա և՛ Իրանի համար, և՛ Իսրայելի, կարծում ենք, դժվար չէ կանխատեսել: Խնդիրն այն է, թե ԱՄՆ-ը կցանկանա՞ կամ կկարողանա՞ զսպել Իսրայելին` նկատի ունենալով, որ Իսրայել-Իրան լայնամասշտաբ պատերազմի դեպքում մեծ է այդ պատերազմում իր և Ռուսաստանի, թերևս նաև Չինաստանի ներքաշվելու վտանգը, ինչով էլ կսկսվի Երրորդ համաշխարհային պատերազմը:
Ըստ Իրանի «Ֆարս» լրատվական գործակալության երեկվա հաղորդման, Իսրայելի սիոնիստական ռեժիմի բնակարանի նախարար և կառավարության անդամ Յուավ Գալանթը երեկ ասել է. «Իրանն այս պահին շիա զինվորականների միջոցով ու Ռուսաստանի օգնությամբ լրացնում է Պարսից ծոցից մինչև Միջերկրական ծով ձգվող շիիզմի մահիկը»:
Անդրադառնալով Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշմանը, նշենք, որ Միացյալ Նահանգներն օրերս էլ ավելի խստացրեց մեզ բարեկամ այդ պետության դեմ ավելի վաղ սկսած իր պատժամիջոցները, միաժամանակ կեղծ և արհեստական պատրվակներ է փնտրում էլ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառելու համար: Մասնավորապես` ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին կրկնելով Թեհրանի դեմ Վաշինգտոնի անհիմն հայտարարությունները, պահանջել է, որպեսզի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներն այցելեն ԻԻՀ ռազմական կենտրոններ:
Չնայած միջուկային ոլորտում Իրանն իր գիտատեխնիկական հետազոտությունները կատարում է խաղաղ ատոմի շրջանակներում` լիովին և անքննելիորեն ունենալով դրա իրավունքը, Վաշինգտոնը  ՄԱԿ-ում իր ներկայացուցչի միջոցով վերջին օրերին նոր սցենար է գործադրում ՀԳՀԾ-ի (Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի` Իրանի միջուկային հիմնախնդրի շուրջ միջազգային պայմանավորվածության) խափանման համար: Դա հատկապես արտահայտվել է անցած չորեքշաբթի օրը Վիեննայում ԱԷՄԳ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոի հետ Նիքի Հեյլի հանդիպումից հետո: Վերջին շրջանում ընդհանրապես սրվել են ՀԳՀԾ-ի ճակատագրի և Իրանի միջուկային աշխատանքների շուրջ միջազգային մտահոգությունները: Այս պայմաններում հանդիպելով ԱԷՄԳ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոի հետ և անտեսելով, որ և՛ ըստ ԱԷՄԳ-ի, և՛ ըստ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զեկույցների, Իրանը մշտապես հարգել է ՀԳՀԾ-ի շրջանակում իր ստանձնած պարտավորությունները, Նիքի Հեյլին երեկ Իրանին մեղադրել է «խաբեության» և միջուկային գաղտնի ծրագիր ունենալու մեջ, և սա` այն դեպքում, երբ Իրանը շարունակաբար նույնիսկ միջազգային օրենքների շրջագծից էլ վեր համագործակցություն է ունեցել ԱԷՄԳ-ի հետ, այսինքն` վերջինիս տեսուչներին իր օբյեկտներում թույլատրել է այնպիսի այցելություններ ու գործողություններ կատարել, որոնք նույնիսկ միջազգային օրենքներով նախատեսված չեն:
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչն իր երեկվա հայտարարությամբ, հակառակ միջազգային օրենքներին ու արձանագրություններին, ԱԷՄԳ-ից պահանջել է այցելել Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական կենտրոններ: ԻԻՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Բահրամ Ղասեմին ավելի վաղ արձագանքելով Իրանի ռազմական կենտրոններ այցելելու վերաբերյալ ԱՄՆ-ի ավագ պաշտոնատարների շարունակական բարձրաձայնումներին ու պահանջներին, ընդգծել է, որ Իրանի ռազմական կենտրոններ այցելելու ամերիկացիների պահանջը «քաղաքական երգիծանք» է: Դիվանագիտական լեզվով` սա շառաչուն ապտակ է Միացյալ Նահանգների քաղաքական ղեկավարությանը:
Թերևս ոչ պատահականորեն Իրանի Ատոմական էներգիայի կազմակեպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին երեկ թե այսօր Իրանի ռադիո-հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ «Շուտով շահագործման կհանձնվի Ֆորդոյի միջուկային օբյեկտի նոր նախագիծը», և հավելել` «Այս նախագիծը վերաբերում է կայուն իզոտոպներին և Ֆորդոյի միջուկային օբյեկտի որոշ բաժիններին, որի առաջին փուլը շահագործման կհանձնվի առաջիկա 2 շաբաթվա ընթացքում, իսկ հիմնական բացումը տեղի կունենա 2018 թ.-ի ապրիլին»:
Սալեհին Իրանի և Ռուսաստանի համագործակցությամբ կայուն իզոտոպների նախագծի առաջադիմությունը լավ համարելով, հստակեցրել է. «Նախագծի պայմանագրերը ստորագրվել են և փորձագիտական աշխատանքները շարունակվում են»:
Ալի Աքբար Սալեհի հավաստմամբ, «Անցած 2 տարիների ընթացքում Ֆորդոյի միջուկային օբյեկտը փոփոխության է ենթարկվել, որի մեծ մասը վերաբերում է կայուն իզոտոպներին: Աշխատանքի մի մասը մասը արվել է Ռուսաստանի, իսկ մյուս մասը Իրանի կողմից, և առաջադիմությունը շատ լավ է»:
Լեռնաշղթայի ներսում կառուցված և ավիահարվածներից բավական լավ պաշտպանված Ֆորդոյի ստորերկրյա միջուկային կենտրոնում, ինչպես 2014թ. հուլիսին հայտարարել էր Իրանի փոխնախագահ և Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, «տեղակայված է ավելի քան 2000 ցենտրիֆուգ, որոնք ուրանը հարստացնում են մինչև 5 տոկոս»: Ալի Աքբար Սալեհին նաև հավելել էր, որ նախքան Ժնևում համաձայնագրի ստորագրումը, «այնտեղ ուրանը հարստացվում էր մինչև 20 տոկոս»: Դրանից հետո Իրանն ընդունել է Ֆորդոյի միջուկային կենտրոնը կայուն իզոտոպներ ստանալու կենտրոնի վերածելու Ռուսաստանի առաջարկը, ինչի համար նույնպես անհրաժեշտ են ցենտրիֆուգներ: Դեռ 2010թ. նոյեմբերի դրությամբ Իրանն արդեն մինչև 20 տոկոս հարստացված 35 կգ ուրան էր արտադրել և կարող էր ամսական արտադրել մինչև 5 կգ այդպիսի ուրան, որն, ըստ պաշտոնական հաղորդագրության, օգտագործվում է Թեհրանի հետազոտական ռեակտորը վառելիքով ապահովելու համար: Դեռ 7 տարի առաջ Իրանի մասնագետները ձեռնամուխ էին եղել ավելի արագագործ և արդյունավետ չորրորդ սերնդի ցենտրիֆուգների ստեղծման աշխատանքներին: Ի դեպ, Ֆորդոյի միջուկային կենտրոնն անցյալ տարվա ամռանից պաշտպանված է նաև ռուսական արտադրության C-300 զենիթահրթիռային համալիրներով:
Միացյալ Նահանգները պետք է նկատի ունենա, որ Իրանի նկատմամբ իր անհիմն պատժամիջոցները (որոնցով արդեն իսկ խախտել է նաև իր ստորագրած Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը) առաջիկայում էլ ավելի խստացնելու դեպքում Իրանին հարկադրելու է դուրս գալ ՀԳՀԾ-ից, տապալելու է նշված ծրագիրը, որից հետո Իրանը, ամենայն հավանականությամբ, վերստին կսկսի մինչև 20 տոկոս ու գուցե նույնիսկ ավելի մեծ չափով հարստացված ուրանի արտադրությունը (միջուկային մարտագլխիկ պատրաստելու համար ավելի քան 90 տոկոս հարստացված ուրան է անհրաժեշտ, որը ստացվում է դրանից պակաս հարստացված ուրանի հետագա հարստացմամբ), որը նրան հնարավորություն կտա նաև միջուկային զենք արտադրելու` իրեն թշնամի երկու միջուկային պետություններից` Իսրայելից և ԱՄՆ-ից պաշտպանվելու համար: Իսկ ԱՄՆ-ի նպատակը գուցե հենց սա՞ է` Իրանին նշված քայլին սադրելը, որպեսզի այդ պետության դեմ Իսրայելի հարձակման համար հիմք ապահովի…
Իրանական լրատվամիջոցները և քաղաքական շրջանակներն արդեն հայտնել են, որ ԱՄՆ-ն անկասկած խախտել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը:
 ՀԳՀԾ-ն կնքվել է Իրանի և աշխարհի վեց երկրների` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 անդամների ու Գերմանիայի միջև փոխհամաձայնության արդյունքում: ԱՄՆ-ը, ըստ իրանական լրատվամիջոցների հաղորդման, «այս փոխհամաձայնության կողմերից մեկն է և պարտավորություն ունի ԱԽ թիվ 2231 բանաձևի հիման վրա չեղարկել հակաիրանական բոլոր շրջափակումները և խուսափել այն բոլոր քայլերից, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ Իրանում ներդրումներ անելու կամ տնտեսական գործունեության համար: ՀԳՀԾ-ի 26, 28 և 29-րդ կետերը հենց այդ մասին են»: Սակայն, Միացյալ Նահանգներն ակնհայտորեն խախտում է ՀԳՀԾ-ն` հայտարարելով, որ Իրանը փորձարկել է բալիստիկ հրթիռներ, անտեսելով, որ այդ փորձարկումները որևէ կապ չունեն Իրանի ատոմային խնդրի շուրջ կայացած բանակցությունների ու ձեռք բերված պայմանավորվածությունների հետ: Չնայած ԱԽ այն սկզբունքին, որ բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան ՀԳՀԾ-ին, ԱՄՆ-ը խախտել ու խախտում է հիշյալ ծրագիրը; Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, թե պատռելու է ՀԳՀԾ-ն, ինչին արձագանքելով, ԻԻՀ նախագահը հայտարարել էր. «Եթե Միացյալ Նահանգները պատռի ՀԳՀԾ-ն, մենք այն կվառենք»: Իրանի համբերությունը մոտ է սպառմանը, իր շահերի հետագա և էական ոտնահարման պարագայում Իրանը կհայտարարի ՀԳՀԾ-ից դուրս գալու ու ծրագրի պահանջների կատարումից հրաժարվելու մասին:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական