Աղբը և գարշահոտությունը Հայաստանում. «Մաքուր Հայաստան» ծրագիրը չի աշխատում


Աղբը և գարշահոտությունը Հայաստանում. «Մաքուր Հայաստան» ծրագիրը չի աշխատում

  • 28-08-2017 16:21:22   | Հայաստան  |  Վերլուծություն

«Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացմանը զուգահեռ վերջին շրջանում բազմաթիվ տեղեկություններ են ստացվում մարզերում ու Երևանում աղբաշատ վայրերի, համայնքների ներսում, հանգստավայրերում, մարզերի ճանապարհամերձ տարածքներում աղբի կուտակումների մասին: Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերը հատկապես վերջին շրջանում աղբի կուտակումների մասին տարբեր լուսանկարներ են տեղադրում:
 
«Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկը վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից տրվել էր այս տարվա ապրիլի 20-ին: Վարչապետն ասել էր, որ ծրագիրը պարբերաբար պետք է շատ կոշտ վերահսկողության ենթարկվի: Կառավարության նիստում նա վատ աշխատանքի համար նկատողություն էր արել մարզպետներին և համայնքների ղեկավարներին, ոստիկանապետին էլ հանձնարարել կոշտ գործողությունների դիմել աղբահանության վերաբերյալ: «Անհրաժեշտ է արձանագրել, որ մեծ մասամբ մարզպետների, համայնքների ղեկավարների՝ տարիների ընթացքում վատ աշխատանքի, թերացումների, իսկ շատ դեպքերում նաև իրենց պարտականությունների ուղղակի չկատարման արդյունքում ունենք այս վիճակը»,- ասել էր Կարեն Կարապետյանը:
Նա այս հանձնարարականները տալով՝ ոստիկանապետին ասել էր, որ 10 օր անց արդեն այլ իրավիճակ պետք է լիներ: «Բռնում եք, ասում եք՝ լսի, հավաքի գնա: Մենք 10 օր հետո ուրիշ ռեժիմ ենք ունենալու»,- ասել էր նա: Ի պատասխան ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասել էր, թե չեն կարող այդպես անել, և խնդիրն այդքան էլ հեշտ լուծելի չէ:
Այս հանձնարարականից անցել է ավելի քան 4 ամիս, «Մաքուր Հայաստան» ծրագրի ֆեյսբուքյան էջում ամեն օր տեղադրվում են տարբեր լուսանկարներ, որոնք փաստում են, որ համայնքների ղեկավարներն ու մարզպետները վարչապետի հանձնարարականը չեն կատարել ու չեն կատարում: Փոխարենը ֆեյսբուքյան օգտատերերն են բացահայտում, թե որ համայնքներում աղբը չի մաքրվել, դրանք փաստող լուսանկարները տեղադրում են ծրագրի ֆեյսբուքյան էջում, դրանից հետո արդեն էջը կառավարողների կողմից ժամեր կամ օրեր անց տեղադրվում են լուսանկարներ, որոնք փաստում են, որ աղբը մաքրվել է և շնորհակալություն են հայտնում քաղաքացիներին՝ խնդիրը բարձրացնելու համար:
Երևանում ևս աղբահանության խնդիրը ամռան ամիսներին սրվել է, սոցիալական ցանցում տարբեր տեղեկություններ են լինում այն մասին, որ «Սանիտեկ» ընկերությունը աղբը ժամանակին չի մաքրում, աղբամաններից աղբը թափվում է մայթերին ու բակերը: Օրինակ՝ Շենգավիթ վարչական շրջանի որոշ թաղամասերում բոլորովին վերջերս մոտ մեկ շաբաթ աղբը չէր մաքրվել, ինչը շոգ եղանակին գարշահոտության պատճառ էր դարձել: 
Վարչապետն արդարադատության նախարարին ապրիլի 20-ին հանձնարարվել էր երկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել համապատասխան օրենսդրական փոփոխություններ՝ աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում իրավախախտումների համար առավել հստակ ու համապարփակ նորմեր ներդնելու վերաբերյալ: Նախատեսվում է խստացնել վարչական տույժերը, ըստ անհրաժեշտության՝ նաև քրեական պատասխանատվություն պետք է կիրառվի: Հետաքրքիր է, թե քանի համայնքապետ ու մարզպետ կպատժվի վարչապետի հանձնարարականը չկատարելու համար: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն