ԱՄՆ-ն վերջին ճշտումներն է անում Հայաստանի հարցում՝ վճիռը կայացնելուց առաջ. Մեկնաբան


ԱՄՆ-ն վերջին ճշտումներն է անում Հայաստանի հարցում՝ վճիռը կայացնելուց առաջ. Մեկնաբան

  • 28-08-2017 18:17:03   | Հայաստան  |  Վերլուծություն

«Պարզորոշ ասել ենք, որ մեր նպատակն է համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում: Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ և վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետևելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ», ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում:
 
Հայաստանի հետ շարունակում են խոսել չափազանց պարզ եւ հստակ: ԱՄՆ-ն Հայաստանին բազմաթիվ գործիքներ է տվել՝ ֆինանսական, ռազմա-տեխնիկական, տեխնոլոգիական եւ այլն:
Անկախությունից ի վեր ֆինանսական միայն օգնությունը կազմել է 2 միլիարդ դոլարից ավելի: ԱՄՆ ռազմական հնարավորություններ ստեղծեց հայկական կողմի համար 2014-2015 թթ. լարվածության շրջանում, երբ Ռուսաստանը սկսեց ինտենսիվ զինել Ադրբեջանին ու մղել հարձակումների, իսկ ապրիլյան պատերազմից հետո տրամադրեց նորագույն սարքավորումներ, որոնք հնարավորություն տվեցին խորքային հետախուզության միջոցով կանխել ադրբեջանական ագրեսիաները:
ԱՄՆ-ն ըմբռնումով էր վերաբերվում Հայաստանի ու Իրանի հարաբերություններին, հասկանալով դրանց կարեւորությունը Հայաստանի համար: ԱՄՆ-ն ղարաբաղյան գործընթացում թույլ չի տալիս խնդիրը տեղափոխել ռուս-թուրքական սեպարատ համաձայնությունների շրջանակ:
Բոլորովին վերջերս Միլզը խոսեց Հայաստանի էներգետիկայի ոլորտում 8 միլիարդ դոլարի ներդրումների հնարավորության մասին: Դա Հայաստանի էներգետիկ կախվածությունը հաղթահարելու, ոլորտը տեխնոլոգիապես վերազինելու առաջարկ էր:
Դեսպանն ասում է, որ ԱՄՆ նպատակն է համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում: Արդյոք այստեղ ակնարկ կա, որ ԱՄՆ-ում այդքան էլ վստահ չեն, որ Հայաստանը կարող է կայացնել ինքնիշխան որոշումներ, եւ որ «ճնշման չի ենթարկվի՝ հետևելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ»:
Իսկ նման կասկածներն անհիմն չեն, որքան էլ Հայաստանի իշխանությունը պնդի, որ իր մեկ գիշերվա մեջ կայացրած որոշումը եղել է կամավոր: Եվ պետք է հասկանալ՝ Հայաստանն ուզո՞ւմ է գնալ այդ ուղով, թե գնում է ճնշման տակ: Որովհետեւ քիչ ինչ դժվար է հասկանալ, որ երկիրը կամավոր գնում է մի ուղով, որը տանում է դեպի սոցիալ-տնտեսական թշվառություն ու հետամնացություն, ինքնիշխանության վերացում ու պաշտպանության ու անվտանգության հարցերում մեծ ռիսկերի:
Պետք է նկատի առնել մեկ այլ հանգամանք էլ. Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ նոր քաղաքականությունը, որի սկիզբը Կոնգրեսի ընդունած օրենքն է, ենթադրում է նաեւ պարզել, թե արդյոք Ռուսաստանը միջամտում է երկրների որոշումներին, թե այդ երկրները որոշումներն ընդունում են կամավոր, առանց ճնշումների: Ըստ այդմ էլ, նոր քաղաքականության շրջանակում ճշտվելու է վերաբերմունքը նաեւ տվյալ երկրների հանդեպ: Կարելի է ասել, որ ԱՄՆ-ն վերջին ճշտումներն է անում Հայաստանի հարցում՝ վճիռը կայացնելուց առաջ:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play