Փորձագիտական մի շարք շրջանակներ Կրեմլին ազդարարում են Հայաստանի «կորուստը»
28-08-2017 18:39:44 | Հայաստան | Վերլուծություն
Պուտին-Սարգսյան Սոչիի հանդիպման օրակարգն այդպես էլ չկոնկրետացավ, համենայն դեպս հրապարակված տեղեկատվության մասով:
Հանդիպումն ավելի շատ դիտարկման արժանացավ «շրջակա միջավայրի» տեսանկյունից, զուգահեռ տեղի ունեցած մի քանի քայլերի, ընդհանուր աշխարհքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումների համատեքստում:
Այդ առումով կար մեկ այլ հետաքրքիր ֆոն. Պուտինն ու Սարգսյանը հանդիպում էին Ռուսաստանում Բանակ 2017 ռազմա-տեխնիկական վեհաժողով-ցուցահանդեսին զուգահեռ, որ մեկնարկել եւ ընթանում էր այդ օրերին: Իհարկե ոչ Սոչիում: Այդ ցուցահանդեսին մասնակցում էր նաեւ Հայաստանի պատվիրակությունը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ:
Ցուցահանդեսում ցուցադրվում էր ՌԴ նորագույն ռազմական տեխնիկան, սպառազինությունը: Դրա շարքում նշվում էր C 500 ՀՕՊ համակարգերի մասին, որոնք C 400 համակարգերի արդիական մշակումն են, ըստ ռազմական փորձագետների: Հետաքրքիր է, որ ռուսական մամուլն այդ համակարգերի հավանական գնորդների, համենայն դեպս հաճախորդների շարքում դիտարկում էր նաեւ Ադրբեջանը:
Այստեղ իհարկե առաջին ասոցիացիան հայկական Իսկանդերի հետ է, այսինքն Իսկանդերը զսպելու ադրբեջանական հնարավորության հետ: Շաբաթներ առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել էր, թե ունեն Իսկանդերը զսպող տեխնիկա: Հասանովը ասել էր, թե այդ հնարավորությունը Ռուսաստանից չեն ձեռք բերել, բայց փորձարկել են եւ ստացել են լավ արդյունք:
Հայտարարությունն ամենայն հավանականությամբ զուտ քարոզչության ոլորտից է: Համենայն դեպս առաջանում են հարցեր, թե ինչպե՞ս կարող էր Ադրբեջանը փորձարկել Իսկանդերի «զսպում», առնվազն այնպիսին, որ հիմք տար ասելու, թե ունեն զսպման արդյունավետ միջոց:
Բայց հետաքրքիր էր ռուսական կողմի պահվածքը, որը կարծես թե առանձնապես ջանք չգործադրեց թե պաշտոնական, թե ոչ պաշտոնական մակարդակով պաշտպանել ռուսական ռազմարդյունաբերության հպարտություն հանդիսացող անորսալի Իսկանդերի պատիվը: Որովհետեւ, դա ի՞նչ հպարտություն է, եթե Ադրբեջանի կարգի պետությունը կարող է ունենալ զսպելու հնարավորություն:
Իսկ արդյոք խոսքը ոչ թե այդպիսի հնարավորության մասին էր, այլ պարզապես դրա վերաբերյալ ռուս-ադրբեջանական բանակցություն «ցրցամ» տալու, որի համար էլ Հասանովին թույլ տրվեց ՌԻԱ Նովոստիի «եթերում» խաղալ ռուսական ռազմաարդյունաբերության պատվի հետ:
C 500-ն ունի՞ Իսկանդեր զսպելու կարողություն, թե ոչ: Ռուսաստանն ու Ադրբեջանը սկսե՞լ են դրա վերաբերյալ բանակցություն: Սերժ Սարգսյանը Պուտինի հետ հանդիպմանը խոսե՞լ է այդ մասին, դրա հեռանկարների մասին:
Կա տարածված տեսակետ, ընդ որում ոչ անհիմն, որ Իսկանդերը զսպում է խոշորամասշտաբ գործողությունը, բայց այնպիսի մասշտաբների դեպքում, ինչպիսին օրինակ ապրիլյան քառօրյան է, Իսկանդերը հարց չի լուծում, պետք է լոկալ անվտանգության եւ պաշտպանության արդիական համակարգ: Անհերքելի է: Սակայն այստեղ էլ ամեն ինչ չէ, որ միարժեք է: Ապրիլից հետո անկասկած կատարվել են քայլեր առաջնագծում այդ լոկալ բախումների հարցում թե կանխարգելման, թե հակազդման կարողությունները էապես ավելացնելու ուղղությամբ:
Մյուս կողմից, սակայն, Ադրբեջանն օբյեկտիվորեն սպառազինված է զգալիորեն ավելի: Բայց, այդ ավելին «կարճ տարածության» վրա հարց չի լուծում, չի տալիս Ադրբեջանին ռազմավարական առավելություն, եթե Հայաստանն ունի ռազմավարական զսպման եւ հակազդման հզոր միջոց: Այսինքն, Ադրբեջանին իր ռազմա-տեխնիկական առավելությունը էական արդյունքի վերածելու համար անհրաժեշտ է աստիճանաբար աճող մասշտաբ, այսպես ասած մասշտաբի էֆեկտ: Ու քանի որ ռազմավարական իմաստով Հայաստանն ունի արդյունավետ զսպման մեխանիզմ, Ադրբեջանը զրկվում է լոկալ գործողությունը մասշտաբի վերածելու հնարավորությունից: Այդ տեսանկյունից, Իսկանդերն այդուհանդերձ անուղղակիորեն հանդիսանում է նաեւ լոկալ մակարդակում զսպող գործոն:
Հետեւաբար, եթե Ադրբեջանն իրապես տնօրինի Իսկանդերի դեմ արդյունավետ համակարգ, ապա դա կբերի նրան, որ Բաքուն կրկին կագրեսիվանա առնվազն լոկալ հարթությունում, ստանալով հակազդման դեպքում «մասշտաբի էֆեկտի» միջոցով ճնշումն ուժգնացնելու հնարավորություն: Այստեղ իհարկե կան կարեւոր ռազմա-քաղաքական գործոններ, որոնք եւս պետք է Բաքվի համար լինեն բարենպաստ: Բայց, եթե հանկարծ Հայաստանին ռազմավարական զսպում իրականացնելու հնարավորություն տված Ռուսաստանը Ադրբեջանին էլ տա նաեւ դրա դեմ հակազդման իրական հնարավորություն, դա կլինի արդեն նաեւ ծանրակշիռ ռազմա-քաղաքական գործոն հօգուտ Բաքվի:
Հետեւաբար հույժ կարեւոր է դառնում, որպեսզի Երեւանը ունակ լինի ձեռքը պահել զարկերակի վրա, եւ եթե կա այդօրինակ ռուս-ադրբեջանական գործարքի թեկուզ տեսական հնարավորություն, ապա պետք է հակազդել դրան հենց «օրորոցում»:
Մյուս ուշագրավ հանգամանքը, որ առկա էր Պուտին-Սարգսյան հանդիպմանը զուգահեռ ընթացող Բանակ 2017 ցուցահանդեսի ֆոնին, ընթացիկ տարվա մարտին Սերժ Սարգսյանի առաջարկն էր Ռուսաստանին: Սերժ Սարգսյանն առաջարկում էր Գյումրիի ռազմակայանի հիման վրա ստեղծել ռազմարդյունաբերական համալիր, որը մի կողմից կփոխի սոցիալական վիճակի պատկերը Շիրակի տարածաշրջանում, մյուս կողմից էլ այդ համալիրի արտադրանքը հնարավոր կլինի իրացնել մոտակա շուկաներում:
Թե որոնք են մոտակա շուկաները, ինչ նկատի ուներ Սարգսյանը, այլ հարց է: Բայց պարզ չեղավ, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերում այդ գաղափարին, որը գործնականում ինչ որ իմաստով նաեւ Գյումրիի ռուսական ռազմակայանն աշխարհքաղաքական առումով ֆունկցիոնալ տրանսֆորմացիայի ենթարկելու գաղափար է:
Պուտին-Սարգսյան հանդիպմանը ընդհանուր հայտարարություն եղավ ռազմա-տեխնիկական, անվտանգության ոլորտում սերտ գործակցության եւ աճի մասին, իսկ ահա Երեւանի շատ կոնկրետ առաջարկն առայժմ գոնե հրապարակային մակարդակում մնում է անպատասխան:
Մինչդեռ խնդիրը տվյալ դեպքում ունի առանցքային նշանակություն: Ռուսական ռազմակայանը ներկայում իրականացնում է տարածաշրջանային անվտանգության հին համակարգի պարեկություն: Համակարգ, որը գործնականում գոյություն էլ չունի արդեն երկու տասնամյակ, Արցախի առաջին պատերազմի հայկական հաջողության շնորհիվ:
Վերջին տարիներին Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը ինտենսիվ փորձում էին վերականգնել այդ հին համակարգը, այսինքն վերականգնել այն ստատուս-քվոն, որ գծվել է այդ համակարգի հիմքում: Ապրիլյան պատերազմն այդ ցիկլի գագաթնակետն էր, որտեղ փորձը մատնվեց անհաջողության:
Դրանից հետո փոխվել է շատ բան, այդ թվում համաշխարհային քաղաքականության համատեքստում: Ռուսական ռազմակայանը գործնականում «հսկում» է մի բան, որն այլեւս չկա եւ ժամանակի ընթացքում ստեղծվելու է իրավիճակ, երբ այդ ռազմակայանը ի վիճակի չի լինելու իրենից ներկայացնել որեւէ բան: Ներկայում էլ այն սպառնալիքից բացի չի ներկայացնում ոչինչ, բայց ժամանակի ընթացքում այն սպառնալիք է մնալու միայն Հայաստանի համար: Իսկ դա արդեն չի հետաքրքրելու ոչ մեկին:
Երեւանը գործնականում առաջարկում է անիմաստ եւ արդեն ոչ մեկին չհետաքրքրող Հայաստանի սպառնալիքից ռուսական ռազմակայանը տրանսֆորմացնել Հայաստանի անվտանգության իրական աղբյուրի, ինչը Մոսկվային կտա տարածաշրջանային նոր անվտանգության համակարգում իմաստավորված ներկայության հնարավորություն:
Մոսկվան առայժմ լռում է, թեեւ խուճապը, որով Ռուսաստանից Հայաստանի կախվածության վրա բավական շահեկան բիզնես իրականացնող հայ-ռուսական փորձագիտական մի շարք շրջանակներ Կրեմլին ազդարարում են Հայաստանի «կորուստը», հուշում է, որ Կրեմլը նոր իրողությունների հետ հաշվի նստելով առնվազն մտածում է վերաիմաստավորման ուղղությամբ: