«Հիմնախնդրի լուծման փուլային եղանակի պատճառով մեզ մոտ նույնիսկ տեղի է ունեցել, այսպես կոչված, թավշյա հեղափոխություն». Գառնիկ Իսագուլյան


«Հիմնախնդրի լուծման փուլային եղանակի պատճառով մեզ մոտ նույնիսկ տեղի է ունեցել, այսպես կոչված, թավշյա հեղափոխություն». Գառնիկ Իսագուլյան

  • 28-08-2017 20:44:51   | Ադրբեջան  |  Քաղաքական

 
 
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդն օրերս հրապարակեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական կետերն ըստ ԱՄՆ-ի պատկերացման: Այս կապակցությամբ է մեր հարցազրույցը Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ:
 
- Արցախի Հանրապետությունը համաձա՞յն է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրապարակած Արցախյան հակամարտության կարգավորման հիմնական կետերով կամ սկզբունքներով հակամարտության կարգավորմանը, Արցախն ընդունո՞՚ւմ, թե մերժում է այդ սկզբունքները: 
- Եթե ուշադիր հետևում ենք, 1992 թվականից ի վեր, երբ որ ձևավորվեց Մինսկի խումբը և ընտրվեցին երեք համանախագահող երկրները, ըստ էության, Արևմուտքը ներկայացնող Միացյալ Նահանգները, Եվրոմիությունը ներկայացնող Բրյուսելը` ի դեմս Ֆրանսիայի, և արևելյան կամ հյուսիսային ուժային կենտրոնը` ի դեմս Ռուսաստանի, այդ համանախագահող երկրները տարբեր ժամանակներում արել են հայտարարություններ: Եվ եթե ուշի ուշով հետևում ենք այդ հայտարարությունների բովանդակությանը, տեսնում ենք, որ անկախ նրանից` այդ հայտարարություններն արվել են համատեղ, թե առանձին-առանձին` տարբեր պետությունները ներկայացնող համանախագահների կողմից, ըստ էության, բովանդակության առումով, նաև մնացած առումներով դրանք լուրջ փոփոխության չեն ենթարկվել: Միշտ էլ այս խնդիրը դիտարկվել է այն տեսանկյունով, որ ինչ-որ կարգավիճակ Արցախին, Հայաստանի հետ միացնող միջանցք, փախստականների վերադարձ և այլն, և այլն: Այսինքն` որևէ նոր բան Հոգլանդը չի ասել, կրկնում է այն, ինչ ասվել է վերջին 25 տարվա ընթացքում:
Ուշադիր հետևելու դեպքում մենք տեսնում ենք նաև, որ եթե մեր հանրապետության նախագահը հանդիպում է համանախագահող երկրներից որևէ մեկի հետ, ապա մյուս կողմերն անպայման հանդես են գալիս այդպիսի հայտարարությամբ` կամ հանդիպման նախօրեին, կամ հանդիպումից անմիջապես հետո: Ինչո՞ւ չէ, նաև տարածաշրջանում որոշակի շահեր ներկայացնող երկրների ղեկավարների հետ հանդիպումներում, որտեղ քննարկվելու կամ քննարկվել է Արցախյան հիմնախնդիրը, եռանախագահող երկրներից որևէ մեկը կամ համատեղ հայտարարություններ անում են: Կրկնում եմ, որ այդ հայտարարությունների բովանդակությունն, ըստ էության, չի փոխվում:
Կարծում եմ, շատ ավելի կարևոր է, թե ինչ հայտարարություններ են արել և անում Հայաստանի Հանրապետության և Արցախի նախկին ու ներկա նախագահները: Ես կարծում եմ, այս առումով մենք անհանգստանալու որևէ խնդիր չունենք, որովհետև Սերժ Սարգսյանը բոլոր պարագաներում միշտ հայտարարել է հետևյալը, որ Արցախյան հիմնախնդիրը չունի որևէ լուծում, որին կողմ չէ Արցախի ժողովուրդը (ամենակարևորը), և երկրորդ` ցանկացած լուծման պարագայում, առաջին հերթին, պետք է ճանաչվի Արցախի ինքնորոշման իրավունքը, այսինքն` սկզբից կարգավիճակ, նոր` մնացած խնդիրները, որոնք, ըստ էության, հետևանք են 1992-94 թվականներին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի, որի ժամանակ հայկական կողմը ոչ միայն կարողացավ հաղթել, այլև ազատագրել այն տարածքները, որոնք այսօր կոչվում են անվտանգության գոտի:
Չմոռանանք նաև, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության մեջ հստակ ձևակերպում կա, որ մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը, Արցախի իշխանությունը տարածվում է նաև փաստացի այն տարածքների վրա, որոնք հիմա Արցախի Հանրապետության իրավասության ներքո են: Այսինքն` սրանք են մեզ համար ամենակարևոր հայտարարությունները, և չեմ կարծում, թե Հոգլանդի այս հայտարարությունից մենք պետք է ընկնեինք որոշակի տվայտանքների մեջ և մտածեինք, որ, ուրեմն, ինչ-որ բան աշխարհում փոխվում է:
Կարծում եմ նաև, որ Սոչիում նախագահի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բավական արդյունավետ է եղել` նույնիսկ եթե հետևենք բացառապես պաշտոնական հաղորդագրություններին, թե ինչ հարցերի շուրջ են քննարկումներ եղել: Ես կարծում եմ, որ որևէ հարց չկա Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հետ կապված, որ քննարկված չլինի, այդ թվում նաև` Արցախյան հակամարտության շուրջ, այսինքն` այնտեղ քննարկվել են թե՛ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի խնդիրը, թե՛ բազմաթիվ այլ խնդիրներ, մեր տարածաշրջանում առկա գործընթացները, անմիջական մեր հարևանների հետ Ռուսաստանի հարաբերությունները և այլն: Չեմ կարծում, որ այդ համալիր քննարկման ընթացքում մեր հանրապետության նախագահը աչքաթող է արել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերը, կարծում եմ, այդ շահերը ներկայացվել և փոխադարձ համապատասխան որոշումներ կայացվել են: Այնպես որ, այդ առումով, կարծում եմ, մենք պետք է հանգիստ լինենք և ամենևին չընկնենք տվայտանքների մեջ` կապված Հոգլանդի վերջին հայտարարության հետ:
- Այսինքն` ձեր պատասխանից բխո՞ւմ է, որ հայկական կողմը համաձայն չէ Հոգլանդի հրապարակած հիմնական սկզբունքների հետ, որոնք հիմնախնդրի ոչ թե փաթեթային, այլ փուլային լուծում են ենթադրում, մասնավորապես` ազատագրված տարածքները հանձնելու դիմաց ոչ թե Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի ու վերջնական կարգավիճակի ճանաչում, այլ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող և այժմ Բաքվի կողմից չվերահսկվող տարածքին ժամանակավոր կարգավիճակի շնորհում:
- Հոգլանդը, նախ, Մինսկի խումբը չէ, Հոգլանդը Մինսկի խմբի համանախագահներից մեկն է, որն ինչ-որ հայտարարություն է արել: Ասում են, որ Հոգլանդի հայտարարության մեջ հիմնականում Մադրիդյան սկզբունքներն են կամ այն, ինչ կա Կազանի փաստաթղթում: Նույնիսկ եթե որևէ կողմ այս փաստաթղթերից մեկնումեկն ընդունում է որպես բանակցությունների հիմք, դա չի նշանակում, որ այդ փաստաթուղթը գործադրվելու է և այն, ինչ գրված է այդ փաստաթղթում, դա է լինելու վերջնական որոշումը: Ցանկացած փաստաթուղթ կարելի է դնել բանակցությունների հիմքում, շատ կարևոր է, թե ինչ են ասում Հայաստանի Հանրապետության նախագահը և արտգործնախարարը: Նախագահը բազմաթիվ անգամներ ասել է, որ չի կարող լինել որևէ որոշում, որը չի բխում Արցախի Հանրապետության ժողովրդի շահերից, որին կողմ չէ Արցախի Հանրապետության ժողովուրդը: Այսինքն` չի կարող լինել հիմնախնդրի որևէ լուծում, եթե բանակցային ձևաչափն ամբողջական չէ, բանակցություններին չի մասնակցում հակամարտության հիմնական կողմերից մեկը` Արցախի Հանրապետությունը: Եվ երկրորդ` նախ ինքնորոշման իրավունք, կարգավիճակ, նոր մնացած խնդիրները, որոնք հետևանք են եղել 1992-1994 թվականներին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի: Սա է մեզ համար ելակետը, իսկ թե հիմա ինչ փաստաթուղթ կդրվի բանակցությունների հիմքում, դա միանգամայն երկրորդական հարց է, կարևորն այն է, թե տվյալ բանակցություններում կողմերը ներկայացնող անձինք ինչ դիրքորոշում ունեն, և վերջնարդյունքում մենք ինչ պետք է ունենանք: Հայկական կողմը միշտ ասել է, որ պատրաստակամ է խաղաղ բանակցությունների միջոցով հարցի կարգավորմանը, Հայաստանը միշտ ընդառաջել է Մինսկի խմբի առաջարկություններին և, հատկապես, այն առաջարկություններին, որոնք վերաբերում են շփման գծում մոնիտորինգ անցկացնելուն, հրադադարն առաջինը խախտող կողմին համապատասխան ապացույցներով պարզելուն: Ադրբեջանն է, որ մերժել է այդ առաջարկությունները:
Միշտ պետք է հաշվի առնել նաև հետևյալը` Հայաստանի Հանրապետությունը բանակցություններում ոչ թե Արցախի փոխարեն է, այլ Արցախի կողքին, և ցանկացած պահին թե՛ Արցախի Հանրապետությունը կարող է ասել, որ Հայաստանն այլևս չի կարող ներկայացնել Արցախի Հանրապետության շահերը, թե՛ Հայաստանն ինքը կարող է հայտարարել, որ ինքը չի պատրաստվում Արցախի փոխարեն որոշում կայացնել: Մենք չպետք է այս իրավիճակն անտեսենք և, հարկ եղած դեպքում, չօգտվենք այդ առիթից: Մնացածն այլոց խնդիրն է:
Հայաստանը կարող է 20 տարի բանակցել, ինչ-որ փաստաթղթի շուրջ նույնիսկ գալ համաձայնության, սակայն Արցախը կարող է հայտարարել, որ Հայաստանը չի կարող ներկայացնել Արցախի տեսակետը: Մենք, կրկնում եմ, այս հանգամանքը պետք է հաշվի առնենք, և ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն առաջնորդվում է հենց այս սկզբունքով, որ ինքը բանակցությունները վարում է ոչ թե Արցախի փոխարեն, այլ փորձում է Արցախի տեսակետներն ինչ-որ տեղ ներկայացնել: Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները և Ադրբեջանը համարում են, որ Հայաստանի հետ բանակցությունները բանակցային ամբողջ ձևաչափն են արտահայտում, թող համարեն, սակայն Հայաստանը և Արցախի Հանրապետությունը բազմիցս հայտարարել են, որ մինչև չլինի ամբողջական` եռակողմ ձևաչափ, այդ հարցը լուծում չունի:
Անդրադառնալով ձեր բուն հարցին, ասեմ նաև, որ Ռիչարդ Հոգլանդը համանախագահներից ընդամենը մեկն է, և որևէ մեկը չի պատրաստվում պետական մակարդակով Հոգլանդի հայտարարությանն այո կամ ոչ ասել: Ես կարող եմ ասել, որ մերժում եմ Հոգլանդի տեսակետները: Չեմ կարծում, թե Հոգլանդի հայտարարությունն այն աստիճան կարևոր է, որին Արցախի Հանրապետությունը կամ Հայաստանի Հանրապետությունը պետք է պետականորեն անդրադառնա: Այն չափով, որքանով անհրաժեշտ է, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարն արդեն անդրադարձել է, Հոգլանդին հասկացրել, որ նրա հրապարակած կարգավորման կետերն անընդունելի են, ընդ որում, այդ մասին ոչ թե նոր են ասում, այլ արդեն 25 տարի: Հիմնախնդրի լուծման փուլային եղանակի պատճառով մեզ մոտ նույնիսկ տեղի է ունեցել, այսպես կոչված, թավշյա հեղափոխություն, ուր մնաց հիմա մենք նորից անդրադառնանք այդ տարբերակին:
- Հոգլանդի հայտարարության, նաև Սոչիում Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման համապատկերին մի շարք լրատվամիջոցներ սկսեցին հրապարակումներ, թե Ռուսաստանը Հայաստանին պարտադրում է Արցախում կամ ազատագրված տարածքներում ռուս խաղաղապահների տեղակայում, Հոգլանդը մեզ դրանից փրկում է` Ռուսաստանին հիշեցնելով, որ բանակցային կողմ է նաև ԱՄՆ-ը և առանց Միացյալ Նահանգների հետ հաշվի նստելու, հնարավոր չէ այդպիսի լուծում, որ Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանից պահանջում է տարածքներ հանձնել, և Հոգլանդն իր հայտարարությամբ փորձում է դրա դեմն առնել: Ի՞նչ կարծիքի եք այդ հրապարակումների վերաբերյալ, դրանց նպատակը Հայաստանում հակառուսական տրամադրությունների առաջացումը չէ՞...
- Դրանք, կարծում եմ, ոչ միայն սիրողական մակարդակի վերլուծություններ ու բացատրություններ են, այլև միտումնավոր ապատեղեկատվություն, որպեսզի կարողանան հասարակությանն ինչ-որ բաներ ներշնչել: Արցախյան հիմնախնդրի հիմնական առավելությունը` մյուս բոլոր հակամարտությունների հետ համեմատած, այն է, որ Արցախում ու նրա շուրջ արտաքին որևէ այլ ուժ չկա` լինի այն ռուսական, ամերիկյան, ՀԱՊԿ-ի, թե ՆԱՏՕ-ի, կարևոր չէ: Արցախն իր պաշտպանությունը, անվտանգությունն ապահովում է բացառապես սեփական ուժերով: Սա իրավիճակը դարձնում է առանձնահատուկ, Արցախին տալիս է ոչ թե անվտանգության սպառողի, այլ արտադրողի կարգավիճակ:
Ցանկացած երկրի խաղաղապահ նշանակում է ավելորդ ծախսեր, տարածաշրջանում ավելորդ լարվածություն մյուս պետությունների կողմից… Քանի այդ ուժերը չկան, Արցախն անվտանգություն արտադրող է, քանի որ սեփական ուժերով կարողանում է ոչ միայն պաշտպանել իր անվտանգությունը, այլև, նախորդ տարվա համեմատ, տնտեսական 14,9 տոկոս աճ տալ (վստահ եմ, որ տարին կփակեն ավելի բարձր ցուցանիշով):
Աճը հատկապես մեծ է արդյունաբերության, էներգետիկայի և շինարարության ոլորտներում, էլ չեմ ասում գյուղատնտեսության մասին, 2020 թվականին ամբողջ Արցախն անցնելու է կաթիլային ոռոգման համակարգի, ամբողջ Արցախում հիմա ներդրվում են համակարգեր, որոնք թույլ են տալու մթերքով ապահովել ոչ միայն իրեն, այլև Հայաստանին: Դուք պատկերացնո՞ւմ եք այդ տարածքում հիմա ավելորդ լարվածության կետի ստեղծում, ցանկացած օտար ուժի առկայություն` ավելորդ լարվածություն է:
Չեմ կարծում, թե գերտերությունները կամ այդ եռանախագահող երկրների ուժային կենտրոնները չեն հասկանում, որ ստատուս քվոյի փոփոխությունն  այդ հարցը հիմնավորապես փոխելու է, և անվտանգություն արտադրող, նույնիսկ տարածաշրջանում անվտանգություն ապահովող երկրից Արցախը դառնալու է անվտանգություն սպառող: Որևէ ուժային կենտրոն` լինի Վաշինգտոնը, Բրյուսելը թե Մոսկվան, պատրա՞ստ են դրան… Էլ չեմ ասում մեր հարևան պետությունների մասին: Վերջերս Իրանի Իսլամական Հանրապետության կողմից արված հայտարարությունները նույնպես այն մասին են, որ երրորդ ուժ պետք չէ, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ, բանակցային ճանապարհով:
Այդ բոլորը նշանակում է, որ Արցախը, որպես սուբյեկտ, այսօր կայացած է և որևէ մեկն այդ փաստը հարցականի տակ չի դնում: Հոգլանդը նույնպես իր հայտարարությունում (լայն միջանցք, նախկին տարածք…) ընդունում է այն փաստը, որ այդ պետությունը կա: Սահմաննե՞րն են ուզում ճշտել, ուրեմն երկու հակամարտող կողմերը` Ադրբեջանն ու Արցախը, կնստեն և Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո կսկսեն խոսել մնացած տարածքների մասին: Թող որևէ մեկը չմոռանա` 300 000 փախստական ադրբեջանցի Հայաստանից և Արցախից է գնացել, մոտ 500 000 հայ` Ադրբեջանի այսօրվա տարածքից: Բա այս փախստականներն ո՞ւր են գնալու, նորից Բաքու և Սումգայի՞թ…
Մի շարք խնդիրներ Հայաստանը դեռ չի բարձրացնում ոչ թե այն պատճառով, որ չի կարող, այլ նրա համար, որ դրանց ժամանակը չի դեռ: Այս խնդրի առկայության պայմաններում հայ փախստականներին մենք պետք է ուղղենք ազատագրված տարածքներ: Եթե իրավական տեսակետից էլ նայենք, ապա ոչ մեկը չի կարող ասել, թե Բաքվում ապրողն հիմա ինչու է ապրում, ասենք, Զանգելանի, Ջեբրայիլի կամ մյուս տարածքներում: Այնպես որ, եթե այդ հարցը նստենք լրջորեն քննարկենք, կտեսնենք, որ հայկական կողմը որևէ խոցելի կողմ չունի:
Այդ տարածքների վերադարձն ինչի՞ դիմաց… Հայաստանը 1994 թվականին անսալով այդ պետությունների խնդրանքին, գնաց զիջման, զինադադարի պայմանագիր կնքեց, երբ Արցախի բանակը կարող էր մինչև Բաքու հասնել, 1998 թվականից հետո Հայաստանը գնաց երկրորդ զիջմանը` բանակցություններին սկսեց մասնակցել մենակ, առանց Արցախի, որպեսզի անհարմար վիճակ չստեղծվի Ադրբեջանի և եռանախագահների համար:
Այդ զիջումներից հետո ի՞նչ` Ադրբեջանն ավելի չկոշտացրե՞ց իր դիրքերը… Ավելի կոշտացրեց, գնաց ոչ միայն փոխզիջումը բացառող, ռազմաշունչ հայտարարությունների, այլև ապրիլյան հայտնի գործողություններին: Դրանից հետո ինչպե՞ս հավատալ, որ այդ պետությունն ունակ է ցանկացած միջազգային, նույնիսկ ամենաբարձր ատյանի փաստաթղթի տակ ստորագրել ու մնալ հավատարիմ այդ փաստաթղթին:
 
Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի
 
Նոյյան տապան  -   Քաղաքական