«Տարան էնտեղ, որ տղայիս գլուխն ուտեն».կապիտան Անդրանիկ Մկրտչյանի մայր


«Տարան էնտեղ, որ տղայիս գլուխն ուտեն».կապիտան Անդրանիկ Մկրտչյանի մայր

  • 29-08-2017 16:07:34   | Հայաստան  |  Վերլուծություն

Կյանքով հերոսներն ինքնասպանություն չեն գործում։
 
Արմեն Մկրտչյանը խորությամբ գիտի այս խոսքերի իմաստը:
 
Նա արցախյան պատերազմի հենց առաջին օրերին է զինվորագրվել Ապարանում ձևավորված առաջին ջոկատին և մեկնել պատերազմի դաշտ, որտեղ շատ բան է տեսել և հասկացել: Ու հիմա, երբ հերոս որդու, հայոց բանակի կապիտան Անդրանիկ Մկրտչյանի մահը որակել են ինքնասպանություն, հայրը գիտի, որ որդին նման քայլի չէր գնա: «Նա կյանքով հերոս էր»:
Որդու մահվան մասին լուրը Մկրտչյանների ընտանիքը ստացել է այն նույն օրը՝ օգոստոսի 20-ին, երբ  նա տուն էր եկել, միասին էին անցկացրել, ապա վերադարձել էր Մեղրիի զորամաս, որտեղ ծառայում էր: Տրամադրությունը բարձր էր, տագնապալի և անհանգստացնող դրսևորումներ չի ունեցել: Ընտանիքի հետ կապի մեջ է եղել նաև ճանապարհին: Մոր հետ խոսել է տեղ հասնելուց հետո, իսկ ժամեր անց որդու մահվան լուրն են ստացել: Վերջին հաղորդագրությունը Անդրանիկը տեղ հասնելուց հետո գրել էր սիրած աղջկան, ում հետ պատրաստվում էր ամուսնանալ:
Զորամասը կցկտուր բացատրություններ է տվել «ինքնասպանության» շուրջ, ինչը խորացրել է կասկածները, քննություն պետք է կատարվի, բայց մինչև քննությունը կարծես ինքնասպանության մասին որոշումն այլևս ընդունված է: Պաշտպանության նախարարությունը լուռ է մինչ այս պահը և որևէ պարզաբանում չի տվել, թե ինչու են «կյանքով հերոսին» սպանված հայտնաբերել իր աշխատասենյակում:
26-ամյա կապիտան Անդրանիկ Մկրտչյանին հողին են հանձնել առանց զինվորական կարգի: Զորամասից ներկա են գտնվել ոչ հրամանատարի մակարդակով, Պաշտպանության նախարարությունից  որևէ մեկը ներկա չի գտնվել հուղարկավորությանը: Ապարանում տպավորություն կար, որ հերոսին զրկել են բոլոր պատիվներից: Անդրանիկին Ապարանում ճանաչում են որպես հերոսի, որպես հավասարակշիռ և համեստ զինվոր երիտասարդի:
Հայրը՝ Արմեն Մկրտչյանը երկու որդիներից հայրենիքին արժանի զինվորներ է կերտել,  հարուստ գիտելիքներով, ուժեղ կամքով ու նվիրվածությամբ: Երկուսն էլ ավարտել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան, երկուսն էլ հետախույզ են: Մայրը՝ Նարինեն առանձնացնում է Անդրանիկին. «Նա հզոր հետախույզ էր, ոչ սովորական, խորքային հետախույզ էր»:
Վերջին երկու տարիներին Անդրանիկը զինվորական ծառայության մեջ էր Հատուկ գնդում, որտեղից նրանց տանում էին թեժ կետեր: Հենց այստեղից է նա հայտնվել ապրիլյան պատերազմում՝ Թալիշի առաջնագծում, որտեղ և կնքվել է որպես հերոս: Պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով, ստացել է բազմաթիվ պատվոգրեր ու շնորհակալագրեր «ՀՀ և ԼՂՀ սահմանների հերոսական ու անձնուրաց  պաշտպանության, ինչպես նաև ապրիլյան քառօրյա և մայիսյան հաղթանակների համար»:
Տեղեկություններ կան, որ ապրիլյան պատերազմի օրերին Անդրանիկն իր ընկերների հետ մի քանի կիլոմետր մտել են թշնամու թիկունք, սպասել են հրամանի և ամրացման, որպեսզի վերցնեն թշնամու դիրքերը, սակայն ստացել են նահանջ հրաման…
Մայիսին, երբ Անդրանիկն արդեն վերադարձել էր Ղարաբաղից, ծառայակից ընկերների հետ միասին մի միջադեպի մասնակից են դառնում ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ, և նրան Հատուկ գնդից տեղափոխում են Մեղրի՝ Ագարակի զորամաս:
«Տարան էնտեղ, որ տղայիս գլուխն ուտեն», ասում է մայրը:
 
ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն