Մասիսում մեծ «պատերազմ» է հասունանում.Քաղաքապետի համակիրները քաղաքը պահում են լարված մթնոլորտում.hraparak.am


Մասիսում մեծ «պատերազմ» է հասունանում.Քաղաքապետի համակիրները քաղաքը պահում են լարված մթնոլորտում.hraparak.am

  • 29-08-2017 17:47:32   | Արարատի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

hraparak.am.Արարատի մարզի Մասիս քաղաքում մեկ շաբաթից ավելի է` կրքերը չեն հանդարտվում։ Քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի շրջապատի մարդիկ Մասիսը պահում են լարված մթնոլորտում։
 
Նախորդ շաբաթ տեղի ունեցած մեծ ծեծկռտուքից հետո մթնոլորտը չի լիցքաթափվել, եւ շատերը մեծ «պատերազմ» են կանխատեսում։ Հիշեցնենք՝ մամուլում գրվեց, որ անցած շաբաթ քաղաքում մեծ ծեծկռտուք է եղել, որին մասնակցել են քաղաքապետի եղբայր Գոռ Համբարձումյանը եւ նրա սանիկը։ Քաղաքապետը, իհարկե, իր զարմանքն էր հայտնել եւ լրատվամիջոցներին մեկնաբանել, թե եղբայրը որեւէ առնչություն չունի միջադեպի հետ, եւ նեղսրտել էր, թե եղբոր անունն անհարկի շոշափում են իր անունը կեղտոտելու նպատակով։ Քաղաքապետը եղբոր սանիկի մասնակցության մասին հարցն էլ է շրջանցել՝ ասելով, թե սպասում է իրավապահների վերջնական գնահատականին՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել։ Սակայն իրականում ոչ միայն եղբայրն է առնչվում այս միջադեպին, այլեւ անձամբ ինքը՝ քաղաքապետը։ Ծեծկռտուքն էլ, կարելի է ասել՝ խորհրդարանական ընտրություններին նախորդած դեպքերի շարունակությունն են։ Քաղաքապետի շրջապատի թիրախում կրկին հայտնվել են Սամվել Հակոբյանն ու նրա շրջապատը, որոնք ընտրությունների ժամանակ աշխատում էին պատգամավորության ՀՀԿ-ական թեկնածու, այժմ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի համար։
 
Հիշեցնենք, որ ընտրությունների նախաշեմին Մասիսում ծեծկռտուք տեղի ունեցավ Մուրադ Մուրադյանի եւ Արայիկ Գրիգորյանի կողմնակիցների միջեւ։ Այն ժամանակ էլ գլխավոր «հերոսները» նույն մարդիկ էին՝ քաղաքապետի եղբայրն ու Մուրադյանի որդի Նվեր Մուրադյանը, որն այժմ Հայաստանում չէ, իսկ «հակառակորդ» կողմից՝ Սամվել Հակոբյանն ու Էդգար Ավոյանը․ վերջինը Վեդիի գազի գրասենյակի պետն է։ Ամիսներ առաջ ծագած վեճը շտաբի պատճառով էր, Գրիգորյանների՝ Մասիսում բացած նախընտրական շտաբը դուր չէր եկել Մուրադյանի աջակիցներին, որոնց թվում՝ քաղաքապետին, ու վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, ինչի առիթով որեւէ գործ չհարուցվեց։ Քանի որ կողմերը «գողական» են, բողոք չգրանցվեց, գործն էլ «ջրվեց»։ Ի դեպ, հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնազորի պետը Մասիսի քաղաքապետ Դ․ Համբարձումյանի աներն է։ Մեզ հաջողվեց պարզել նաեւ վեճի պատճառը կամ, ավելի ճիշտ՝ նպատակը։ Քաղաքապետի շրջապատը որոշել է ինչ-ինչ պատրվակով «գծերից քցել» Սամվել Հակոբյանին, որը Մասիսի շրջանում եւ, առհասարակ, մարզում ավելի մեծ հեղինակություն ունի, քան Համբարձումյանները։ Գոռը եւ ընկերներն օգոստոսի 18-ին 5-6 ավտոմեքենայով, դանակներով եւ մահակներով զինված, ծեծի են ենթարկել Սամվել Հակոբյանին։ Դեպքը տեղի է ունեցել Մասիս քաղաքի հրապարակի սրճարաններից մեկում։ Նախ՝ մի խումբ 18-20 տարեկան երիտասարդների են ուղարկել Հակոբյանի կողմը, որոնց հրահրմամբ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով քաղաքապետի մերձավորները վիճաբանող մյուս կողմին հասցրել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատել են վիճաբանության փաստը, ասել, որ հետաքննություն է կատարվում: Սակայն ոչ մեկը հիվանդանոց չի դիմել։ Սամվել Հակոբյանն իր շրջապատում հայտարարել է, թե այս անգամ չեն մարսելու։ Տեղեկություններ կան, որ մյուս կողմն ամեն ինչ անում է «հաղթած» դուրս գալու եւ շարունակություն թույլ չտալու համար։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այդ նպատակով գործին միջամտել են անգամ ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը, Վստրեչի Ապերը, որը ծնունդով մասիսցի երգիչ Արման Հովհաննիսյանի միջոցով հորդորել է, որ դադարեցնեն հաշվեհարդարը։ Սակայն, շատերի համոզմամբ, այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու, եւ վենդետան չի ուշանալու։ «Երկու թիմերի միջեւ ընթացող պատերազմը խախտել է մասիսցիների անդորրը, այդ պատճառով էլ դիմում ենք ձեր օգնությանը, որպեսզի թույլ չտանք ավելի մեծ արյունահեղություն»,- իր մտահոգությունն է հայտնում խմբագրություն դիմած մասիսցին։
Մենք կապվեցինք նաեւ Սամվել Հակոբյանի հոր՝ Նուբար Հակոբյանի հետ, որը «Ժառանգություն» կուսակցության ակտիվ անդամներից է։ Նա հրաժարվեց որեւէ բան հայտնել, ասաց, որ ոչինչ չունի ասելու, իսկ դիտարկմանը, թե իր լռությամբ մեծ աղմուկի հող է ստեղծում, ասաց․ «Ո՜վ պիտի մեզ բան անի»։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը