ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի դեմ պատերազմը կարող է սանձազերծել ցանկացած պահի


ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի դեմ պատերազմը կարող է սանձազերծել ցանկացած պահի

  • 29-08-2017 21:33:53   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
Օգոստոսի 28-ի, լույս 29-ի գիշերը Հյուսիսային Կորեան միջին հեռահարության բալիստիկ հրթիռի հերթական արձակումն է կատարել: Հրթիռը թռել է Ճապոնիայի օդային տարածքի վրայով և ընկել Հոկայդո կղզուց արևելք, Էրիմո հրվանդանից 1180 կմ հեռավորության վրա:
Ճապոնացի զինվորականները հրթիռը խոցելու փորձ չեն կատարել: Թեև Տոկիոյում հայտարարել են, թե հրթիռը չեն խոցել, քանի որ այն «վտանգ չէր ներկայացնում», սակայն, ամենայն հավանականությամբ, չէին էլ կարող խոցել, որովհետև հրթիռը շատ բարձր է թռել: Հարավային Կորեայի շտաբի պետերի միացյալ կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն,  հրթիռը թռել է 2700 կմ, թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է մոտ 550 կմ։
Չնայած հյուսիսկորեական հրթիռի` Ճապոնիայի համար անվտանգ լինելու վերաբերյալ հայտարարությանը, Ճապոնիայի իշխանությունները երկրի հյուսիսային շրջանների քաղաքացիներին նախազգուշացրել են հրթիռային սպառնալիքի մասին՝ առաջարկելով նախազգուշական միջոցներ ձեռնարկել: Ավելին. կարճ ժամանակով դադարեցվել է «Սինկանսեն» արագընթաց գնացքների և էլեկտրագնացքների երթևեկությունը:
Ըստ ՏԱՍՍ-ի հրապարակման, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն օգոստոսի 29-ին լրագրողներին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում կողմերն անհրաժեշտ են համարել ուժեղացնել ճնշումը ԿԺԴՀ-ի վրա:
«Ճապոնիան և ԱՄՆ-ը համակարծիք են, որ Հյուսիային Կորեայի վրա գործադրվող ճնշումը պետք է ուժեղացվի,- ասել է նա:- Մենք հավաստեցինք նաև այդ հիմնախնդրի շուրջ ՌԴ-ի և Չինաստանի հետ համագործակցելու անհրաժեշտությունը»: Դրա հետ մեկտեղ, Ճապոնիայի վարչապետն ադել է, որ «Ճապոնիան, ԱՄՆ-ը և Հարավային Կորեան պետք է ազդեն Ռուսաստանի և Չինաստանի վրա, որպեսզի նրանք փոխեն իրենց քաղաքականությունը» ԿԺԴՀ-ի նկատմամբ:
Reuters-ի տեղեկացմամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի նախաձեռնությամբ այսօր արտահերթ նիստ է գումարել ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի հերթական փորձարկման շուրջ:
Հիշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս հայտարարել էր, որ եթե Հյուսիսային Կորեան նորից հրթիռ արձակի, ապա դա կհամարվի պատերազմի մեկնարկը: Դրանից հետո, ընդամենը մի քանի օր առաջ ԿԺԴՀ-ն երեք հրթիռ արձակեց, սակայն դրանք փոքր հեռահարության էին (մոտ 250 կմ), և ԱՄՆ-ի համար դժվար էր դրանք պատրվակ ծառայեցնելը` Հյուսիսային Կորեայի դեմ պատերազմ սանձազերծելու համար: Այն ժամանակ Միացյալ Նահանգները հայտարարեց, որ այդ հրթիռները վտանգ չէին ներկայացնում իր և տարածաշրջանի իր դաշնակիցների` Հարավային Կորեայի և Ճապոնիայի համար, ինչը, սակայն, այսօրվա հրթիռի արձակման վերաբերյալ չի կարող ասել, քանի որ այն սկզբունքորեն կարող էր խոցել ճապոնական քաղաքներից կամ ռազմական օբյեկտներից որևէ մեկը, եթե ուղղված լիներ նրան: Նույնը կարելի է ասել նաև Հարավային Կորեայի քաղաքների կամ ռազմական օբյեկտների վերաբերյալ: Միաժամանակ, ակնհայտ է, որ Հյուսիսային Կորեան առայժմ չունի այդպիսի նպատակ, և հրթիռների փորձարկումներով աշխատում է երկրի ռազմական հնարավորությունները մեծացնել` նկատի ունենալով իր նկատմամբ ԱՄՆ-ի հարաճուն սպառնալիքները:
Հյուսիսային Կորեայի կողմից վերջին հրթիռի արձակման կապակցությամբ ԱՄՆ նախագահը արդեն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է կայացվելիք որոշման բոլոր տարբերակները: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ում այս պահին լրջորեն քննարկում են նաև ռազմական, այսինքն` Հյուսիսային Կորեային օդից, ծովից ու ցամաքից միաժամանակ կայծակնային ու շշմեցուցիչ հարված հասցնելու տարբերակը: ԱՄՆ-ին նշված քայլից առայժմ ետ են պահում երկու գործոն` միջուկային զենք ունեցող Հյուսիսային Կորեայի պատասխան հարվածը Գուամ կղզու իր ռազմաբազային, նավերին, Ճապոնիային և, հատկապես, ԿԺԴՀ-ին շատ մոտ գտնվող Հարավային Կորեային, որը մանավանդ վերջինի պարագայում 100 տոկոսով չի կարող բացառել, ինչպես նաև Չինաստանի և Ռուսաստանի հզոր հակազդեցությունը, որոնք մեծամասշտաբ պատերազմի դեպքում ստիպված կլինեն պաշտպանել իրենց անվտանգությունը և շահերը` նկատի ունենալով էկոլոգիական սպառնալիքը և այլ հանգամանքներ:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play