Մայրաքաղաքում հատկապես վերջին մի քանի ամիսների ընթացքում աղբահանությունը խայտառակ վիճակում է (տեսանյութ)
30-08-2017 15:50:42 | Հայաստան | Հասարակություն
Մայրաքաղաքում հատկապես վերջին մի քանի ամիսների ընթացքում աղբահանությունը խայտառակ վիճակում է: Նման գնահատական օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տվեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը` ընդգծելով, որ շրջակայքի աղբոտման համար տուգանքներ սահմանելու գաղափարը լավն է, բայց ոչ հստակ ու պարզ:
Ըստ նրա` տարիներ շարունակ Երևանում ավանդույթ է ձևավորվել աղբը ցանկացած վայրում թափելու, ինչի արդյունքում քաղաքն ամբողջությամբ հայտնվել է կեղտի և գարշահոտության մեջ:
«Տուգանքներ պետք է անպայման լինեն. Դա ընդունված է ամբողջ աշխարհում: Այստեղ մի խնդիր կա սպառողների հետ կապված. հասկանալի չէ, թե ինչպե՞ս կամ ո՞վ պետք է վերահսկողություն սահմանի և տուգանի աղբը փողոցի կամայական հատվածում նետողին»,- ասաց Կ. Չիլինգարյանը` կարևորելով նաև քաղաքի աղբահանության ծառայությունը մատուցողին տուգանելու հանգամանքը, քանի որ ժամանակին չեն դատարկվում փողոցներում տեղադրված աղբարկղերը:
Բանախոսի խոսքերով` Հայաստանում աղբի տարանջատում չկա, ինչն էլ հանգեցրել է նոր խնդիրների, մասնավորապես, Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության մեքենաներն արագ շարքից դուրս են եկել կենցաղային աղբի հետ միասին շինարարական աղբ տեղափոխելու պատճառով:
Անդրադառնալով կամայական վայրերում կամ մեքենաներից աղբ թափողներին տուգանելու չափերին` Կ. Չիլինգարյանը նկատեց, որ արտերկրում, և անգամ հարևան Վրաստանում տուգանքները բավականին բարձր են:
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը համոզված է, որ մինչև չդիպչեն քաղաքացու գրպանին, էական արդյունք չի արձանագրվի: