Նախիջևանում ռազմական տեխնիկայի ակտիվ կուտակումը լիովին վերահսկելի է հայկական կողմից. փորձագետ


Նախիջևանում ռազմական տեխնիկայի ակտիվ կուտակումը լիովին վերահսկելի է հայկական կողմից. փորձագետ

  • 30-08-2017 18:28:10   | Հայաստան  |  Հասարակություն

 
Նախիջևանն այսօր գտնվում է ռազմական տեխնիկայի և սպառազինության կուտակման ակտիվ փուլում, սակայն հայկական կողմը կարողանում է համապարփակ քայլերի ձեռնարկման միջոցով հակազդել այդ գործընթացին: 
Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը: 
 
Ըստ նրա` 2016 թվականին տեղի ունեցած ապրիլյան պատերազմից հետո այդ տարածքում ռազմական կուտակումները որոշակի մտահոգությունների պատճառ են դարձել: 
 
«Հայաստանի անվտանգության տեսանկյունից մտահոգիչ է Նախիջևանում նոր ռազմական գնդի բացումը, որի բացման արարողությանը անձամբ ներկա է եղել Ալիևը, ինչպես նաև շուրջ 300-350 միավոր ռազմական տեխնիկայի, այդ թվում զրահամեքենաների, հրթիռային համակարգերի և հրետանու կուտակումները»,- նշեց Կ. Վերանյանը` հավելելով, որ խնդիրը միակողմանի ռազմականացմամբ չի ավարտվում։
 
Բանախոսի համոզմամբ` իրավիճակը վերահսկելի է`նախ և առաջ հաշվի առնելով Հայաստանի բավականին մարտունակ Հակաօդային պաշտպանության ( ՀՕՊ) համակարգերի առկայությունը։ 
 
Այս համատեքստում Կ. Վերանյանը ևս երկու փաստ արձանագրեց, մասնավորապես, վերջին տարիներին ռուսական կողմի հետ ստորագրված պայմանագիրը միացյալ ՀՕՊ համակարգ ստեղծելու մասին, ինչը վավերացվել է երկու երկրների խորհրդարանների կողմից, և երկրորդ` հայ-ռուսական միացյալ զորամիավորում ստեղծելու պայմանագիրը, որը ևս կարևորագույն կանխարգելիչ նշանակություն ունի:  
 
Փորձագետի պնդմամբ` վերոնշյալ պայմանագրերը բարձրացնում են ոչ միայն Հայաստանի ՀՕՊ համակարգի արդյունավետությունը, այլև տարածաշրջանային տեսանկյունից հանդիսանում են կայունության և անվտանգության զսպող գործոն։
 
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիայի` Նախիջևանում թուրքական ռազմաբազա բացելու հետ կապված նպատկաները կարդարանան, Կ. Վերանյանն ընդգծեց, որ այդ մասին խոսակցությունները սահմանափակվել են  տեղեկատվական դաշտում և մոտակա տարիներին այդպես էլ շարունակվելու է: 
 
Նրա կարծիքով` պետք է հաշվի առնել 20-րդ դարում կնքված պայմանագրերը, որոնք թույլ չեն տալիս ուղղակի ռազմաբազա տեղակայել Նախիջևանում, քանի որ այն գտնվում է Թուրքիայի և Ռուսաստանի ընդհանուր դիտարկման համատեքստում և  միակողմանիորեն խախտել հավասարակշռությունը գրեթե անհնար է: 
 
Ինչ վերաբերում է փորձագիտական շրջանակներում քննարկվող Իրանի կողմից Նախիջևան զորք մտցնելու հարցին, ապա Կ. Վերանյանը շեշտեց, որ դա զուտ քարոզչական բնույթ է կրում, քանի որ որևէ հիմնավորում, գործընթաց կամ միտում չկա նման զարգացումներ կանխատեսելու համար:
 
Լուսանկարը՝ Razm.info
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն