«Նաիրիտ-1»-ում պայթյունն ու հրդեհը հանցանքի հետևանք են, սակայն երրորդ օրն է արդեն, քրեական գործ հարուցված չէ (տեսանյութ և լուսանկարներ)


«Նաիրիտ-1»-ում պայթյունն ու հրդեհը հանցանքի հետևանք են, սակայն երրորդ օրն է արդեն, քրեական գործ հարուցված չէ (տեսանյութ և լուսանկարներ)

  • 31-08-2017 10:08:30   | Հայաստան  |  Իրավունք



 
 
Թերևս միայն կոռուպցիայի հետևանք կարող է լինել այն, որ երկրի քիմիական գործարանում վտանգավոր միջադեպից (հզոր պայթյունից ու խոշոր հրդեհից) նույնիսկ 3 օր հետո քրեական գործ դեռ հարուցված չէ: Այս պահի դրությամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ որևէ տեղեկատվություն չկա ՀՀ գլխավոր դատախազության, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, ԱԱԾ կայքերում, ինչը նշանակում է, որ «Նաիրիտ-1» գործարանում ս. թ. օգոստոսի 28-ին տեղի ունեցած պայթյունի ու հրդեհի առնչությամբ դեռ քրեական գործ հարուցված չէ: Օրինակ, ՀՀ քննչական կոմիտեի կայքում տեղեկատվություն կա նույնիսկ հեծանվի, անասունների գողության առթիվ հարուցված քրեական գործերի վերաբերյալ, բայց մայրաքաղաքի համար վտանգավոր նման միջադեպի` «Նաիրիտ-1» գործարանում տեղի ունեցած պայթյունի ու հրդեհի առնչությամբ բառ անգամ չկա:
Դե, պաշտոնապես կարող են պատասխանել, որ դեռ նյութեր են նախապատրաստվում, հրդեհատեխնիկական, քիմիական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություններ են նշանակված, եզրակացությունները երբ որ ստացվեն, նյութերի քննության արդյունքում նոր որոշում կկայացվի` քրեական գործ հարուցելու կամ չհարուցելու վերաբերյալ: Սակայն, այդ պատճառաբանությունն առնվազն ծիծաղելի կլինի, քանի որ պարզ և անվիճելի է` «Նաիրիտ-1» գործարանում պայթյունն ու հրդեհը, օրինակ, ոչ կայծակի հետևանքով է առաջացել, ոչ երկրաշարժի պատճառով էթինոլ լաքի պահեստարանի կամ բաքի սեղմվելու, մի խոսքով, ֆորս մաժորային իրավիճակի մասին խոսք չի կարող լինել: Պարզ է նաև, որ կա հանցանք` գործողության թե հանցավոր անգործության կամ անփութության ձևով արտահայտված:
Գործողությամբ արտահայտված հանցանքի վերաբերյալ արդեն հրապարակայնորեն իր կարծիքն է արտահայտել է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը (Սլովակիա), ըստ որի, «Նաիրիտ-1» գործարանում կատարվածը հնարավոր է, որ միտումնավորության արտահայտություն է: Ըստ բազմաթիվ ԶԼՄ-ների հրապարակումների, միտումներից մեկը կարող է լինել «Նաիրիտը» վերագործարկելու նպատակով արտերկրից ներդրումներ կատարելու առաջիկա հնարավոր գործարքի կանխումը, խափանումը: Ինչպես հայտնի է, վերջերս արտերկրից խոշոր ներդրող էր հայտնվել, խոսքը «Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի մասին է, որը որոշակի հետաքրքրություն էր ցուցաբերում ու գուցե դեռ հիմա էլ ցուցաբերում է «Նաիրիտ»-ի նկատմամբ: Օգոստոսի սկզբին հիշյալ հոլդինգի ներկայացուցիչները հանդիպել էին ՀՀ փոխվարչապեռ Վաչե Գաբրիելյանի հետ, քննարկել «Նաիրիտում» ներդրումներ կատարելու, գործարանը վերագործարկելու հեռանկարը:
«Հանցակազմն ակնհայտ է»,- Առաջին լրատվականի հետ հարցազրույցում ասել է Աշոտ Գրիգորյանը և քիչ հետո ավելացրել.- «Ես  միայն հայտարարում եմ, որ կատարվածը հանցագործություն է»։
Եթե էթինոլ լաքի պահեստարանի պայթյունն ինչ-որ մեկի կամ ոմանց ձեռքի գործն է, ապա հնարավոր մյուս միտումը կարող է լինել նախատեսվող ու «Նաիրիտում» առկա իրավիճակը պարզելու նպատակ ունեցող աուդիտի խափանումը, քանի որ այն կարող է ի հայտ բերել լուրջ հափշտակություններ կամ այլ չարաշահումներ, մախինացիաներ. մեզ հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը:
Ինչ վերաբերում է իշխանական որոշ օղակների կողմից առաջ մղվող այն վարկածին, թե էթինոլ լաքն ինքնաբռնկման հատկություն ունի և շոգի, բարձր ջերմաստիճանի պարագայում կարող էր ինքնաբռնկվել, հանգեցնել պայթյունի, ապա նախ նկատենք, որ օգոստոսի 28-ին Երևանում, պաշտոնական տեղեկատվության համաձայն, ջերմաստիճանը եղել է 34-36 աստիճան, մինչդեռ օգոստոսի առաջին տասնօրյակում մայրաքաղաքում ջերմաստիճանը, պաշտոնական տեղեկատվության համաձայն, ավելի բարձր էր: Օրինակ, օգոստոսի 7-ին Երևանի ցածրադիր գոտում («Նաիրիտ-1» գործարանը հենց այդ գոտում է գտնվում) ջերմաստիճաը հասել է 41.8 աստիճանի, իսկ հուլիսի 25-ին Արարատյան դաշտում նույնիսկ ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել` 42.6 աստիճան: Հետևաբար եթե էթինոլ լաքի պահեստարանի պայթյունի պատճառը բարձր ջերմաստիճանն ու էթինոլ լաքի ինքնաբռնկման հատկությունն է եղել, ապա այն հուլիսի 25-ից օգոստոսի մինչև առաջին տասնօրյակի վերջ ինչո՞ւ չի ինքնաբռնկվել…
Այնուամենայնիվ, եթե նույնիսկ ընդունենք, որ էթինոլ լաքի պահեստարանի պայթելու պատճառը բարձր ջերմաստիճանը և տվյալ նյութի ինքնաբռնկման հատկությունն են եղել, ապա դա բնավ չի հերքում այն, որ կատարվածը հանցավոր անգործության կամ անփութության հետևանք է: «Նաիրիտ-1»-ի ղեկավարությունը շատ լավ իմանալով բարձր ջերմաստիճանի և էթինոլ լաքի ինքնաբռնկման հատկության մասին, պարտավոր էր ժամանակին հրշեջ մեքենաների միջոցով կամ այլ կերպ կազմակերպել էթինոլ լաք պարունակող պահեստարանների հովացումը, որպեսզի թույլ չտար ջերմաստիճանի այնքան բարձրացում, որ տեղի ունենար ինքնաբռնկում:
Անդրադառնալով տարիներ առաջ «Նաիրիտում» տեղի ունեցած պայթյունին ու հրդեհին, Աշոտ Գրիգորյանը հիշյալ հարցազրույցում ասել է. «Ես տեղյակ եմ, որ կաշառքով գործը փակվեց, այն ժամանակ Վահան Մելքոնյանն էր «Նաիրիտ»-ի ղեկավարը, Տիգրան Սարգսյանի եղբայրն էր այնտեղ, ու այդպես կարողացան կոռուպցիայի միջոցով գործը փակել։ Հիմա էլ դրա արդյունքում անտերության պատճառով հրդեհ եղավ։ Իշխանությունների համար ամենաձեռնտու վարկածն այն է, որ պատահաբար է վառվել. լավ, ընդունենք՝ այդպես է, իսկ ինչո՞ւ եք անտերության մատնել այդ կարևորագույն օբյեկտը։ Համարյա նույն բանն է, որ ատոմակայանն անտերության մատնեք, ամբողջ ժողովուրդը կվարակվի, կմահանա։ «Նաիրիտ»-ը նույն կարգի ռազմավարական օբյեկտ է, ինչպե՞ս կարելի է անտերության մատնել։ Հանցակազմն ակնհայտ է, հիմա նույնպես փակելու են աչքերը ու ոչ էլ հետաքննելու են՝ արդյոք հատո՞ւկ արվեց, որ հոլդինգին  վախեցնեն, որ մենք ձեռ քաշենք վերագործարկելու մեր ցանկությունից»։
Այստեղ մի ճշտում կատարենք. տվյալ քրեական գործը չի փակվել, այլ խնդիր է, որ հիմնական մեղավորներն այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազության կողմից պաշտոնապես չեն բացահայտվել ու քրեական պատասխանատվության չեն կանչվել: Կաշառքո՞վ է դա արվել, թե ոչ՝ չգիտենք, բայց կասկած չունենք, որ դա արվել է կոռուպցիայի միջոցով կամ կոռուպցիայի արդյունքում: Այնպես որ, այս առումով միանգամայն հիմնավոր է Աշոտ Գրիգորյանի մտահոգությունը, որ իրավապահները (տվյալ պարագայում՝ ՀՀ քննչական կոմիտեն) այս դեպքում ևս փակելու են իրենց աչքերը, մենք էլ ենք մտահոգ, որ այս դեպքում ևս հիմնական մեղավորները ջրի երես չեն հանվելու:
Զուտ բարեբախտություն է, որ «Նաիրիտ-1»-ում օգոստոսի 28-ին տեղի ունեցած պայթյունի ու հրդեհի հետևանքով զոհ, վիրավոր չունեցանք, որևէ մեկն այրվածքներ չստացավ, ինչն անխուսափելի կլիներ, եթե պայթյունի ու նրան հաջորդած հրդեհի պահին հիշյալ քիմիական նյութի պահեստարանի մոտ մարդ լիներ: Եվ զուտ հրշեջների անձնվեր կամ նույնիսկ անձնազոհ աշխատանքի շնորհիվ է, որ հրդեհն ավելի մեծ տարածում և աղետալի հետևանքներ չունեցավ:  
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Իրավունք