Նրանք գնացին, որ մենք ապրենք. Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված Հովսեփ Կիրակոսյանը կդառնար 29 տարեկան (տեսանյութ)


Նրանք գնացին, որ մենք ապրենք. Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված Հովսեփ Կիրակոսյանը կդառնար 29 տարեկան (տեսանյութ)

  • 31-08-2017 22:06:04   | Հայաստան  |  Հասարակություն



 
Արցախի հողը Սուրբ է և Անպարտ, քանի դեռ այդ հողի անդորրը հսկում է Հայ զինվորը: Այս պարզ ճշմարտությունը վերահաստատվեց նաև 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում:
 
Այդ օրերին հայրենիքի սահմանները պաշտպանելիս` թշնամու դավադիր հարձակմանը զոհ գնաց 110 հայորդի, որոնց թվում էր նաև ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Հովսեփ Կիրակոսյանը:
27-ամյա խիզախ հայ սպան ընկավ թեժ մարտի ժամանակ՝ փրկելով իրեն վստահված 25 զինվորների կյանքը:
 
Ողբերգական այդ դեպքերից մոտ մեկ ու կես տարի է անցել, բայց վերքերը դեռ բաց են, իսկ հիշողությունները` թարմ:
 
Կապիտան Հովսեփ Կիրակոսյանի հիշատակը վառ պահելու, կատարած սխրանքի մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու և նրա ընտանիքին սփոփելու նպատակով Արմավիրի մարզի Ապագա համայնքում կայացավ «Հավերժ ներկա հերոսը» խորագրով հուշ-ցերեկույթ:
 
Հերոսի ծննդյան 29-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը ներկա էին ինչպես Հովսեփի ընտանիքի անդամները և հարազատները, այնպես էլ մարտական ընկերները, համագյուղացիները, ՀՀ ՊՆ ներկայացուցիչները, և Մշակույթի մի շարք գործիչներ:
 
Հովսեփ Կիրակոսյանի ֆիզիկական բացակայությունը չխանգարեց միջոցառման մասնակիցներին հերոսի մասին խոսել ներկայով, երգեր նվիրել նրա հիշատակին՝ այդպիսով ևս մեկ անգամ փաստելով, որ Հովսեփի և նրա նման շուրջ 110 քաջորդիների կատարածն անգնահատելի է ոչ միայն նրանց ընտանիքների և հարազատների, այլև համայն հայության համար:
 
Առանձնակի կարգապահությամբ, հայրենիքի նկատմամբ անսահման սիրով, զինվորականին հատուկ զսպվածությամբ ու գաղտնապահությամբ աչքի ընկնող հրամանատարը նաև շատ հոգատար էր իր զինվորներից յուրաքանչյուրի նկատմամբ: Թերևս այս հայրական հոգատարությամբ էր պայմանավորված այն հանգամանքը, որ նա երբևէ վտանգավոր հանձնարարություններ կատարելիս իր հետ շարքային զինվոր չէր վերցնում: 
 
Հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ Հովսեփ Կիրակոսյանն իր 25 զինվորին թողնելով խրամատում՝  միայնակ դուրս էր եկել բաց դաշտ և կռվել հակառակորդի հետ: Ծանր վիրավորվելուց հետո զինվորները նրան խրամատ էին տարել, բայց, ինտենսիվ կրակոցների պատճառով, չէին կարողացել դուրս բերել տարածքից, իսկ այդ ընթացքում արնահոսող Կիրակոսյանը հրամայել էր՝ «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»:  
 
Հայրենիքի թիզ հողը երիտասարդ հրամանատարը վեր դասեց ոչ միայն իր կյանքից, այլև կնոջ և երկու մանկահասակ զավակների փրկությունից: 
 
Ապրիլի երկուսի գիշերը ,ժամանակ չկորցնելով, նա հրահանգում է կնոջը՝ Մարիամին, արագ վերցնել երեխաներին և փախչել Մատաղիսից:  
 
Իսկ թե ինչպես պետք է դա աներ երիտասարդ կինը մանկահասակ որդիների հետ, Հովսեփը չէր էլ մտածել, քանի որ հույսը Մարիամի խիզախությունն էր. 
«Մարիա՛մ, դու ուժեղ ես, մի բան կանես, դու կարող ես»,- ասել էր մարտի դաշտ շտապող հրամանատարը և հավելել, որ շուտով կգա նրանց հետևից: 
 
Միջոցառման լուսանկարները՝ «Նոյյան Տապան»-ի
Էլիզա Զախարյան,
Ռուբեն Բաբայան,
«Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play