Պաշտոնապես բացվել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը


Պաշտոնապես բացվել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը

  • 01-09-2017 17:32:24   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
 
01.09.2017թ.: Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ միասին ներկա է գտնվել Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացման արարողությանը: Արցախը Հայաստանին կապող երկրորդ մայրուղին (ԳորիսՍտեփանակերտ ճանապարհից հետո)՝ Վարդենիս-Մարտակերտը պաշտոնապես բացվեց սեպտեմբերի 1-ին։ Ավտոճանապարհը սկիզբ է առնում Գեղարքունիքի մարզից և Արցախի Շահումյանի շրջանով ձգվում մինչև Մարտակերտի շրջան։ 114 ․ 6կմ երկարությամբ ճանապարհն ունի 10 և ավելի մետր լայնություն։Մայրուղին ունի օժանդակ կառույցներ, այդ թվում՝ ջրահեռացման խողովակներ, ափապաշտպան կառույցներ, հենապատեր, եզրաքարեր, վերանորոգված 17 մեծ ու փոքր կամուրջներ։  
Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ 
25 տարվա գործունեության ընթացքում իրականացրած ամենախոշոր ծրագիրն է։ Ծրագրի ընդհանուր արժեքն է մոտ 17մլրդ  ՀՀ դրամ, որից 7․500 000 000 դրամը հատկացրել է  ՀՀ կառավարությունը, 1 950 000 000 դրամը՝ ԱՀ կառավարությունը։ Մնացած գումարը «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավաքագրել է 2013 և 2014 թվականների հեռուստամարաթոնների շրջանակներում, որոնց իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել Միացյալ Նահանգների, Բրազիլիայի, Իտալիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Լիբանանի, Իրանի հայ համայնքների, Հայաստանի ու Արցախի նվիրատուները։   
Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցման ծրագրի շրջանակներում իրականացվել են նաև լրացուցիչ աշխատանքներ. կառուցվել են մայրուղուց դեպի Չափառ գյուղ տանող մոտ 4կմ ճանապարհահատվածը և մայրուղուց դեպի Դադիվանք տանող 1կմ 150մ ճանապարհը, վերանորոգվել Դրմբոնից դեպի Մարտակերտ տանող 11.6կմ ճանապարհը: Հիմնադրամի և կապալառու ընկերությունների միջև կնքված պայմանագրի համաձայն՝ վերջիններս պարտավորվում են 5 տարի երաշխիքային սպասարկում իրականացնել ամբողջ ճանապարհի երկայնքով։ 
Ռազմավարական նշանակության նոր մայրուղու գործարկումը զգալիորեն կրճատում է ոչ միայն այն ժամանակն ու տարածությունը, որն այսօր անհրաժեշտ է ԳորիսՍտեփանակերտ ավտոճանապարհով Արցախի հյուսիսային շրջաններ ուղևորվելու համար, այլև ամրապնդում է միջհամայնքային կապերը՝ նպաստելով հարակից համայնքների տնտեսական զարգացմանը, խթանում է զբոսաշրջությունը` աշխուժացնելով երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական կյանքը: Ճանապարհը հնարավորություն է տալիս նաև ծանոթանալ մեր պատմամշակութային հուշարձաններին ու վայելել հայրենի բնաշխարհի գեղեցկությունը:  
 
 
 
   
  
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն