Ինչո՞ւ Ադրբեջանը կրակեց ԵԱՀԿ-ի վրա և ինչո՞ւ վերջինս էլ չարձագանքեց. lragir.am


Ինչո՞ւ Ադրբեջանը կրակեց ԵԱՀԿ-ի վրա և ինչո՞ւ վերջինս էլ չարձագանքեց. lragir.am

  • 01-09-2017 17:49:31   | Հայաստան  |  Վերլուծություն

Երեկ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերում գրել է, որ Տավուշի շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտարկման ժամանակ Ադրբեջանից կրակոցներ են հնչել: Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ճշտել է, որ կրակել են ոչ թե ԵԱՀԿ առաքելության վրա, այլ գնդակոծել են Չինարի գյուղը:
 
ԵԱՀԿ-ն չի արձագանքել այդ միջադեպին: Ամեն դեպքում, այդ առթիվ պաշտոնական հայտարարություններ չեն հնչել:
 
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի հերքել, որ այդպիսի միջադեպ եղել է: Երեկվա ճեպազրույցի ժամանակ նա ասել է. «Ինչ վերաբերում է ձեր հիշատակած դեպքին, փորձագետները պետք է իրենց խոսքն ասեն՝ տեղում ուսումնասիրելով հանգամանքները»:
Հատկանշական է, որ աղաղակող միջադեպը տեղի է ունեցել նույն օրը, երբ Երեւանում իր դռները փակեց ԵԱՀԿ գրասենյակը: Հիշեցնենք, որ գրասենյակի մանդատը չի երկարաձգվել կոնսենսուսի բացակայության պատճառով. Ադրբեջանը չի ստորագրել կազմակերպության բյուջեն:
Ինչպե՞ս կարձագանքի ԵԱՀԿ-ն միջադեպին: Հասցեական հայտարարություն կհնչի՞, թե ԵԱՀԿ-ն կձգտի մոռանալ տհաճ հարվածի մասին:
Ներկայում ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակում: ԵԱՀԿ-ին այժմ ավելորդ լարվածություն պետք չէ:
Հատկանշական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդն իր պաշտոնում վերջին օրն անսպասելի ակտուալացրել է վաղուց մոռացված մադրիդյան սկզբունքները: Հոգլանդին ոչ միայն չի աջակցել ԱՄՆ Պետդեպը, այլ նաեւ մյուս համանախագահները: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը ստիպված էր հիշեցնել, որ կարգավորման առաջարկները մեկ ամբողջություն են: «Ուղիղ ասեմ, այդ բոլոր սկզբունքները բանակցությունների առարկա են, մեկը մյուսից կարեւոր չէ, չկա ոչ մի նշան, որ մեկն ավելի շատ կիրագործվի, քան մյուսը: Այս ամենը մի փաթեթի մաս է, եւ սխալ կլինի կենտրոնանալ միայն մեկ սկզբունքի վրա», - ասել է դեսպանը:
Դեսպանը, փաստորեն, ակնարկում է, որ քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնվել ճանաչել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, մյուս սկզբունքների, այդ թվում, տարածքների հանձնման մասին խոսելն անիմաստ է:
Այդուհանդերձ, անհասկանալի մնաց, թե ինչու է Հոգլանդը որոշել «վերադառնալ» մադրիդյան սկզբունքներին, դա նրա անձնակա՞ն նախաձեռնությունն էր, թե քայլը համաձայնեցված էր մյուս համանախագահների հետ:
Մի քանի ամիս առաջ Սերժ Սարգսյանը «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը հրաժարվել է մադրիդյան սկզբունքներից: «Այն բանից հետո, երբ Ադրբեջանը գրեթե բացահայտորեն որոշեց, որ պետք է հրաժարվի մադրիդյան սկզբունքների հիման վրա լուծումից, նրան այլ ելք, այլ ճանապարհ չէր մնում։ Եթե հրաժարվում է առաջարկված տարբերակից, և սահմաններում տիրում է անդորր, ապա և միջազգային հանրությունում, և Ադրբեջանի ներսում պետք է ստեղծվի կարծիք, որ Ադրբեջանը համակերպվել է ստեղծված իրավիճակի հետ, ստատուս քվոյի հետ», ասել էր Սարգսյանը։
Եթե Ադրբեջանը հրաժարվել է մադրիդյան սկզբունքներից, ինչու՞ Հայաստանն էլ չանի նույնը: Ինչու՞ չհայտարարի, որ Հոգլանդն «ինքնագործունեությամբ» է զբաղվում՝ հիշեցնելով մեռյալ մադրիդյան սկզբունքների մասին: ԵԱՀԿ-ն չի արձագանքել այդ ինքնագործունեությանը եւ որպես պատասխան ստացել է Տավուշում առաքելության վրա կրակոցը:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն