Հայաստանի հանքերը, ըստ էության, յուրօրինակ թալանի են տրված


Հայաստանի հանքերը, ըստ էության, յուրօրինակ թալանի են տրված

  • 01-09-2017 21:38:49   | Հայաստան  |  Իրավունք

 
 
Հայաստանի Հանրապետության ընդերքը (հանքերը), որը, ՀՀ Անկախության հռչակագրի համաձայն, ի սկզբանե ժողովրդական սեփականություն էր` տրված պետության կառավարմանը, հետագայում Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքով դարձվեց պետության բացառիկ սեփականություն, այո՛, մեր հանրապետության անկախության հռչակումից գրեթե անմիջապես հետո, ըստ էության ու գործնականում տրված է յուրօրինակ թալանի:
Ավելին. եթե Հայաստանում հանքարդյունահանողները բնօգտագործման վճարները նախկինում կատարում էին գոնե մարված պաշարներից ելնելով, ապա Ընդերքի մասին նոր օրենսգրքի ընդունումից հետո, արդեն տևական ժամանակ է, մետաղական օգտակար հանածոների դիմաց բնօգտագործման չնչին (5-6 տոկոս) վճարները կատարում են իրացված ծավալներից ելնելով:
Հայաստանի հանքերը տրված են անօրինական շահագործման: Այսօր այս միտքն արտահայտվեց ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովում կազմակերպված քննարկման ընթացքում հանդես եկած մի շարք անձանց ելույթներում:
ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովում (նախագահ` Վազգեն Սաֆարյան) այսօր, ի թիվս այլ հարցերի, կազմակերպվել էր կրկնակի քննարկում հանքարդյունաբերության ոլորտի հայեցակարգի մասին: Քանի որ թեման բավական տարողունակ է, իսկ հատկացված ժամանակը սուղ էր, կարելի է ասել, որ բուն հայեցակարգի մասին քննարկումը եղավ մակերեսային, հայեցակարգի հետ կապված շատուշատ հարցեր դուրս մնացին քննարկումից: Այդ իսկ պատճառով հանձնաժողովի նախագահ Վ. Սաֆարյանը խոստացավ առաջիկայում նեղ շրջանակով կազմակերպել ևս մեկ քննարկում, որն ամբողջությամբ կնվիրվի հանքարդյունաբերության ոլորտի հայեցակարգին:
Կառավարության կողմից առաջարկություն է եղել, որպեսզի հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականությունը հետագայում ուղենշելու համար կազմվի նոր հայեցակարգ: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, որպես լիազոր մարմին, կազմել է հայեցակարգի նախագիծ, որը Հանրային խորհրդում արդեն իսկ մեկ անգամ քննարկվել էր:
Հանրային խորհրդի փորձագետ, մասնագիտությամբ լեռնային ճարտարագետ, լեռնային արդյունաբերությունում 27-ամյա աշխատանքային ստաժ ունեցող (լեռնային վարպետից մինչև ձեռնարկության տնօրեն) Գագիկ Դորունցը, որպես հիմնական զեկուցող, կազմել է տեղեկանք` Ընդերքի մասին օրենսգրքի և հիշյալ հայեցակարգի առնչությամբ Հանրային խորհրդի առաջարկությունների վերաբերյալ, որն ավելի վաղ խորհրդի կողմից ուղարկվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, ստացվել է պատասխանը…
Ներկայացնելով հայեցակարգը, Գ. Դորունցն ասաց, որ հայեցակարգը հիմնարար մտահղացում է, ինչը սահմանում է բարեփոխումների, պլանների ռազմավարություն: Հայեցակարգի ստեղծման ընթացքում գլխավոր խնդիրն առաջնահերթությունների սահմանումն է: Փորձագետը տեղեկացրեց, որ հանձնաժողովի կողմից երեք առաջարկություն է արված, որոնցից երկուսը վերաբերում են գործող օրենսգրքի հոդվածներով առաջնորդվելուն:
Նրա հավաստմամբ, Ընդերքի մասին օրենսգրքի առնվազն երկու դրույթ չի կատարվում: Առաջինն այն է, որ օրենսգրքի համաձայն, ընդերքը պետք է օգտագործման տրամադրվի կառավարության հաստատած և ընդունած պետական, տարածքային, տեղական ծրագրերի համապատասխան: Այսինքն` եթե որևէ մեկն ընդերքօգտագործման հայտ է ներկայացնում, լիազոր մարմինը պետք է ունենա կառավարության ծրագիրը, տեսնի այդ օգտակար հանածոյի արդյունահանման պահանջը կա թե չկա, և դրանից հետո նոր միայն արտոնագիր տա կամ մերժի արտոնագրի տրամադրումը:
«Օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն, ընդերքօգտագործումը (և՛ ուսումնասիրությունը, և՛ արդյունահանումը, դրանք ընդերքօգտագործման երկու փուլերն են) պետք է իրականացվի կառավարության կողմից ընդունված ու հաստատված ծրագրերով,- ասաց փորձագետը:- Ես մոտ 10 տարի աշխատել եմ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում, մինչ այդ` բնապահպանության նախարարության ընդերքի գործակալությունում, լիցենզիաների և թույլտվությունների բաժնում, պետն եմ եղել, այս հարցը մի քանի անգամ բարձրացրել եմ:
Օրենսգիրքը պահանջում է, որ ընդերքօգտագործման գործընթացի համար, որի մեջ մտնում է նաև ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրումը, ունենանք կառավարության կողմից հաստատված ծրագիր, որպեսզի ըստ այդ ծրագրի, տրամադրվեն թույլտվությունները:
Այսօր այդ ծրագրի բացակայության պատճառով մի շատ հետաքրքիր իրավիճակ է տիրում հատկապես ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման մասով: Ըստ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տվյալների, 200-ից ավելի ընդերքօգտագործողներ կան, որոնք ունեն ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման թույլտվություն: Եթե մենք այս երկրաբանական տերմինից մի քիչ հեռանանք, ստացվում է, որ այդքան անձինք ունեն շինանյութերի համար հումք արդյունահանելու թույլտվություն:
Եթե վերցնենք մեր շինարարական համալիրի այսօրվա ծավալները, այդքան շինանյութեր իրենք չեն կարող իրացնել, և դա է պատճառը, որ նրանց 60-70 տոկոսը (ես մեկ անգամ ստուգայցի եմ գնացել) չի կատարում ընդերքօգտագործման պայմանագրով իր վրա դրված պարտավորությունը, ըստ որի, եթե 3 տարվա ընթացքում 50 տոկոսից պակաս արդյունահանում է կատարում, նրանից թույլտվությունը վերցնում են: Բայց ես այդ անձանց մեղքը չեմ տեսնում, քանի որ սպառում չկա, նրանց արտադրանքի պահանջարկը չկա այդքան: Իսկ դա գիտե՞ք ինչի է հանգեցնում…
Եթե, ասենք, գործարանային պայմաններում մարդն արտադրանք է տալիս, այն չի իրացվում` դա ուրիշ հարց է, սակայն ընդերքօգտագործման դեպքում խախտվում է ռելիեֆը, առաջանում են բնապահպանական, շրջակա միջավայրի վրա ազդեցության հարցեր, որովհետև ընդերքօգտագործման ժամանակ պատահում են դեպքեր, երբ որ գյուղատնտեսական նշանակության հողերն այդ նշանակությունից հանում, տալիս են ընդերքօգտագործողին»:
Այսպիսով ստացվում է, որ առանց այն էլ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների լուրջ պակաս ունեցող Հայաստանը հանքարդյունաբերության պատճառով զգալի տարածքներ է կորցնում, մինչդեռ, թեկուզ օբյեկտիվ պատճառով, հանքարդյունաբերողները ոչ իրենք են ստանում նախատեսված օգուտը, ոչ էլ պետությանն են տալիս համապատասխան գումարները: Այդ դեպքում լուրջ հարցեր են առաջ գալիս` ինչո՞ւ է հանքարդյունահանման այդքան արտոնագիր տրվել, օրենսդրության պահանջները չկատարած հանքարդյունահանողներից քանիսի՞ արտոնագրերն են չեղյալ համարվել…
Ըստ Գ. Դորունցի, ինքն առաջարկել է օրենքով ամրագրել ծրագրում ներառվելիք հարցերը, ընդերքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագիրը և ամենակարևորը` ժողովրդական տնտեսության կարիքների համար անհրաժեշտ ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ծավալները և հատկապես տեսականին, այսինքն` ի՞նչ է պետք այսօր շինարարական համալիրին, խի՞ճ է պետք, ցեմե՞նտ է պետք, և ինչքան է պետք»:
Մյուս խնդիրը, որը թերևս ավելի կարևոր է, սեփականության հարցն է, որը, զեկուցողի հավաստմամբ, ռազմավարական նշանակություն ունի:
«Օրենսգիրքն ասում է, որ ընդերքն ընկերությանը տրամադրվում է արդյունահանման համար` օգտակար հանածոների օգտագործման նպատակով, այսինքն` ինքը` պետությունը, դեռ մնացել է սեփականատեր, տրամադրում է օգտագործման նպատակով,- ասաց Գ. Դորունցը:- Մեկ այլ հոդվածում էլ գրված է, որ պետական սեփականություն համարվող բնական պաշարների օգտագործման համար ինքը վճարում է բնօգտագործման վճար: Ես ասում եմ, որ օգտագործման տնտեսական հիմնավորումը սա է, իսկ օտարման համար անձը սեփականատիրոջ հետ կնքում է գույքի ձեռք բերման պայմանագիր, որ դառնա սեփականատեր: Այն անձը, որ հիմա վաճառում է խտանյութը, նա սեփականատեր չէ:
Ես ընդամենն ասում եմ, որ օրենսգրքով սահմանված կարգով աշխատեք: Այսօր, եթե դիտարկում ենք օրենսգրքի տեսանկյունից, այդ վաճառքն անօրինական է: Ընդերքօգտագործողը չլինելով սեփականատեր, օգտագործման համար իրեն տրամադրված պետական սեփականություն համարվող բնական պաշարներն իրացնում է: Եթե ուզում են իրացնել, պետությունից պետք է գնեն նրա սեփականությունը, գույքի ձեռքբերման պայմանագիր կնքեն… Մենք տեղեկացրել ենք նախարարությանը, որ գործող օրենսգրքի երկու պահանջները չեն կատարվում, այսինքն` կառավարության կողմից ծրագիրը չկա, և երկրորդը` սեփականության հարցը լուծված չէ, հանքարդյունահանողներն առանց սեփականության իրավունք ստանալու, հանքահումքը կամ դրանից ստացած խտանյութը վաճառում են»:
Փորձագետի տեղեկացմամբ, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից Հանրային խորհրդին պատասխանել են, որ իրենք մինչև 2020 թվականն այդ հարցին կանդրադառնան, ինչն իր համար տարօրինակ է, քանի որ մատնանշված է, որ առկա գործընթացը չի համապատասխանում օրենսգրքի պահանջներին:
Գ. Դորունցը տարակուսում է` իսկ ի՞նչ է, մինչև հայեցակարգի ընդունումը, որը կարող է 2020 թվականին լինել, օրենսգրքի հիշյալ դրույթների խախտումները պետք է շարունակվե՞ն…
Անդրադառնալով լեռնահանքային արդյունաբերության զարգացման քաղաքականության հայեցակարգին, Գ. Դորունցն ասաց, որ Հայաստանում այսօր բնական քարերի արդյունահանման ժամանակ, կախված ընդերքում եղած հումքի որակից, մինչև 60 տոկոսի թափոններ են առաջանում: Օրինակ, 1 խմ բազալտե բլոկ ստանալու արդյունքում մոտ 40 տոկոս թափոն է առաջանում: Ըստ նրա, Հանրային խորհուրդն առաջարկել է հայեցակարգում ներառել հանքահումքային հենքի վերարտադրության վերաբերյալ դրույթներ, որպեսզի այդ թափոններն օգտագործվեն: Զեկուցողի տեղեկացմամբ, դա այնքան կարևոր խնդիր է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է հենց այդ թեմայով:
«Առաջարկել ենք մի այնպիսի ծրագիր մշակել, որը խթան կհանդիսանա հանքարդյունահանող այդ ընկերությունների համար, որպեսզի գումարները ներդնեն ոչ թե արդյունահանման, այլ վերամշակման ձեռնարկություններ ստեղծելու համար,- ասաց փորձագետը:- Վերամշակող ձեռնարկությունների ստեղծման դեպքում մի կողմ նետված թափոնների ծավալները կքչանան, բացի այդ, մրցունակ արտադրանք կարտադրենք»:
Նախարարությունից պատասխանել են ձեր դիտողություններն ու առաջարկությունները արժանի գնահատական ստացան, ուշադրություն կդարձնենք, այսինքն, ինչպես զեկուցողն ասաց, մի լղոզված մի բան: Ըստ Դորունցի, ինքը սպասել է, որ նախարարությունից այն երկու հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերում են օրենսգրքի դրույթներից երկուսի չկատարմանը, կպատասխանեին, որ դուք ճիշտ չեք, կամ էլ կգրեին, որ դուք ճիշտ եք, մենք սրանից հետո կառաջնորդվենք օրենսգրքի պահանջներով:
«Խնդիրը հետևյալն է` օրենսգիրքը պետք է կիրառվի ինչպես որ գրված է,- ասաց Վազգեն Սաֆարյանը:- Երկրորդ. այն առաջարկությունները, որոնք մենք գտել ենք նպատակահարմար ամփոփել և ուղարկել նախարարություն, ուղարկել ենք, որ այդ առաջարկությունները մինչև հայեցակարգի ընդունումը ներառվեն հայեցակարգում»:
Սակայն, ինչպես պարզվեց, առանց դրա, կառավարությունն արդեն հավանություն է տվել հայեցակարգին:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք