«Խոսրովի անտառ» պետական արգելոցում նորից հրդեհ է բռնկվել, այս անգամ` կայծակից


«Խոսրովի անտառ» պետական արգելոցում նորից հրդեհ է բռնկվել, այս անգամ` կայծակից

  • 01-09-2017 23:39:55   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Կրկին հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: Այս մասին քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարությունը: Հրդեհի պատճառն այս անգամ, նախարարության տեղեկացմամբ, եղել է կայծակը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում այս հրդեհի վերաբերյալ ժամը 23:32-ի դրությամբ դեռ որևէ տեղեկատվություն չկար:
Հրդեհը, դարձյալ նախարարության տեղեկացմամբ, բռնկվել է այսօր` սեպտեմբերի 1-ի երեկոյան, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Խոսրով» տեղամասի ձախ սահմանին, Քյոթուզ գյուղատեղիից հյուսիս: Հրդեհի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ հրշեջ ծառայությանը: ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները և հրշեջ փրկարարները մեկնել են դեպքի վայր, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Դատելով տեղեկատվությանը կից հրապարակված լուսանկարից, հրդեհի շղթան բավական երկար է ձգվում: Հուսանք, որ այս անգամ Ռուսաստանից «Իլ-76» հրդեհաշիջող ինքնաթիռը հրավիրելու կարիք չի լինի, իսկ եթե, Աստված մի արասցե, լինի, ապա ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նախորդ անգամվա նման չի ուշացնի հրավերը, և ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը ժամանակին կլինի Հայաստանում:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն