Հայաստանը դառնում է խիստ վտանգավոր տարածք Երկիր մոլորակի վրա (տեսանյութ)


Հայաստանը դառնում է խիստ վտանգավոր տարածք Երկիր մոլորակի վրա (տեսանյութ)

  • 02-09-2017 16:00:46   | Հայաստան  |  Հասարակություն



 
Հայաստանը դառնում է խիստ վտանգավոր տարածք Երկիր մոլորակի վրա. մենք վաղը նորից կկանգնենք անսպասելի բռնկումների, սելավների ու հրդեհների առաջ: 
 
Նման մտահոգություն սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց բնապահպան, աշխարհագրական գիտությունների դոկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ  նախագահ Կարինե Դանիելյանը: 
 
Ըստ նրա` «Խոսրովի անտառ» պետական արգելոցում և «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհները ցույց տվեցին, որ Հայաստանը ոչ տեխնիկապես, ոչ հոգեպես պատրաստ չէ նման կարգի արտակարգ իրավիճակներին դիմակայելու: 
 
«Արտակարգ իրավիճակում ոչ միայն Հայաստանն է հայտնվել, այլև ամբողջ մոլորակը: Ոչ պաշտոնական էկոլոգների համոզմամբ` Երկիր մոլորակը վանում է մարդկությանը, որպես մի տեսակի, որը խանգարում է իրեն, և այս պայմաններում կգոյատևեն այն ազգերն ու երկրները, որոնք համապատասխան վերաբերմունք կդրսևորեն բնության նկատմամբ»,- նշեց Կ. Դանիելյանը: 
 
Վերջինիս կարծիքով` վերջին երկու խոշոր հրդեհներից հետո պատկան մարմինները  
պետք է գույքագրում անցկացնեն Հայաստանի ողջ տարածքում` ամենառիսկային գոտիները բացահայտելու և կանխարգելիչ ու նախազգուշական գործունեություն ծավալելու համար: 
 
Բնապահպանի խոսքերով` խիստ մտահոգիչ է նաև թույնով ու ծանր մետաղներով լցված 21 պոչամբարների հարցը. «Եթե Արթիկի դեպքում մեր բախտը բերեց և սելավը թափոնները չլցրեց քաղաք, ապա 1990-ականների սկսզբին Դաստակերտի պոչամբարն այդպիսի սելավի արդյունքում քանդվեց, թույները բերեց լցրեց խմելու ջրի ջրամբար, որից օգտվում էին մի քանի բնակավայրեր և զինվորական մաս, արդյունքում ունեցանք թունավորումներ: Հիմա այս վտանգը ոչ մեկին չի անհանգստացնում. Նախարարությունը հերթով նոր մետաղային հանքեր շահագործելու թույլտվություն է տալիս»: 
 
Կ. Դանիելյանն առաջարկեց շտապ գործողությունների պլան մշակել և իրականացնել, քանի դեռ բնական աղետները չվերածվեն տեխնոգեն աղետների:
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն