ԱԻՆ-ում Սերժ Սարգսյանը ձեւավորում է նոր հենասյուն՝քաղաքական նոր դերակատարով եւ թիմով. lragir.am


ԱԻՆ-ում Սերժ Սարգսյանը ձեւավորում է նոր հենասյուն՝քաղաքական նոր դերակատարով եւ թիմով. lragir.am

  • 04-09-2017 16:46:52   | Հայաստան  |  Վերլուծություն

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱԻՆ աշխատողի օրվա առիթով, որ նշվում է սեպտեմբերի 4-ին:
 
Շնորհավորական ուղերձները որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի եւ Առաջին դեմքի աշխատանքի բաղկացուցիչ են, բայց դրանք նաեւ որոշակի իրավիճակներում որոշակի քաղաքական ազդակ պարունակող գործիքներ են: ԱԻՆ աշխատողի օրվա առիթով Սերժ Սարգսյանի ուղերձը հենց դրանցից է:
 
Նախ, ուշագրավ հանգամանք է այն, որ Սարգսյանը նախորդ տարի այդ օրվա առիթով հանդես չի եկել շնորհավորական ուղերձով: Համենայն դեպս, նախագահի պաշտոնական կայքում Սերժ Սարգսյանի ուղերձների ու ելույթների բաժնում բացակայում է այդ կապակցությամբ ուղերձն օրինակ 2016-ի սեպտեմբերի համար:
 
Դա թերեւս հաստատում է, որ Սարգսյանի ներկայիս ուղերձը ունի քաղաքական նշանակություն: Իհարկե առանձնահատուկ է նաեւ տարին, քանի որ բառացիորեն օրեր առաջ Հայաստանը դիմագրավում էր բավական ծավալուն աղետի՝ Խոսրովի արգելոցի հրդեհին, իսկ հետո եղավ նաեւ Նաիրիտի հրդեհը՝ մեծ ռիսկերով: Այդ արտակարգ իրավիճակերում Հայաստանի ԱԻՆ աշխատողները անգամ կյանքի եւ առողջության համար վտանգավոր պայմաններում գործադրեցին ահռելի ջանք, աղետի առավել ծանր հետեւանք թույլ չտալու համար: Այդ իմաստով, հատկապես հաշվի առնելով այն, որ ԱԻՆ աշխատողների վարձատրությունը բացարձակապես հեռու է այն ծավալից, որին արժանի են նրանք եւ որը համարժեք է նրանց մասնագիտական առաքելությանը, նրանք առնվազն արժանի են բարձրաստիճան շնորհավորանքի եւ շնորհակալության:
Սակայն, քաղաքական տողատակն իհարկե այստեղ չէ: Արտակարգ այդ իրավիճակների ընթացքում դրամատիկ սյուժեին զուգահեռ ակնհայտորեն զարգանում էր նաեւ քաղաքական, ներքաղաքական, իսկ հնարավոր է նաեւ արտաքին քաղաքական շրջանակներ շոշափող մի սյուժե, որի ակնառու թիրախ էր դարձել ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանը:
Տոնոյանը ԱԻՆ նախարար է նշանակվել Արմեն Երիցյանի մահից հետո: Նա կառույցը ղեկավարում է ընդամենը մի քանի ամիս, եւ հետեւաբար ակնհայտ է, որ եթե կառույցն ունի խնդիրներ ու եղել են թերություններ, բացեր, ապա Տոնոյանի պատասխանատվությունը կառույցի ներկայիս վիճակի համար դեռեւս առաջնային չէ: Սակայն, դրան զուգահեռ, ակնհայտ էր, որ արտակարգ իրավիճակները դարձան առիթ Տոնոյանին գրոհի ենթարկելու համար, ընդ որում ինչն ուշագրավ է՝ նաեւ ռուսալեզու մամուլով:
Դավիթ Տոնոյանը տեւական ժամանակ աշխատել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, լինելով Հայաստանի դրական եւ մասնագիտորեն կոմպետենտ համարում ունեցող քիչ թվով պաշտոնյաներից մեկը, գործնականում զբաղվելով զինված ուժերի արտաքին կապերով, ապահովելով այդ առումով դիվերսիֆիկացիան, ինչը ահռելի նշանակություն ունեցավ հատկապես 2014-2016 թվականներին, երբ հայկական զինուժը հետ էր մղում Ադրբեջանի մեծ ու փոքր գրոհներն ընդհուպ ապրիլյան պատերազմ:
Տոնոյանն ընկալվում էր իբրեւ «արեւմտամետ» պաշտոնյա, թեեւ նրա աշխատանքային կենսագրությունը այդ իմաստով չի տալիս այդօրինակ եզրակացության որեւէ հիմք: Խնդիրը թերեւս այն է, որ պաշտոնյան, ով չի գործում Ռուսաստանի հանդեպ անվերապահ հավատարմության երդման ամենօրյա ռեժիմում, որոշակի շրջանակներում անմիջականորեն հռչակվում է «արեւմտամետ», «անցանկալի անձի» միտումով:
Դա այն տրամաբանությունն է, որով տարիներ շարունակ Հայաստանի ուղղությամբ աշխատում են տարածաշրջանում ռուսական քաղաքականության «կապալառուները», որոնք փորձում են ձեւավորել խնդիրներն ու ըստ այդմ ստանալ ՌԴ «պետպատվերները»: Այդ քաղաքականության լիակատար տապալումն ապրիլյան պատերազմն էր, որի ընթացքում ակնհայտ դարձավ, որ Հայաստանի հանդեպ ռուսական քաղաքականությունն իր նպատակին չի հասել թե այսպես ասած լավ, թե վատ իմաստով՝ այսինքն Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից դուրս չէ, բայց ամենեւին էլ գրպանում էլ չէ:
Այդ տապալումից հետո առաջացել է որոշակի քաոտիկ վիճակ: Ավանդական «կապալառուները» տապալվել են եւ պետք է հաշվետվություն տան կենտրոնին: Նրանք կանգնած են «պետպատվերից» զրկվելու վտանգի առաջ: Բայց կենտրոնը չունի որեւէ այլընտրանքային մոտեցում Հայաստանի հանդեպ: Չկան նաեւ այդ մոտեցումը ձեւավորելու ունակ խմբեր՝ թե քաղաքական, թե հանրային, մեդիա-փորձագիտական մակարդակներում:
Դա ավանդական «կապալառուներին» տալիս է վերականգնվելու հնարավորություն, ինչի համար անհրաժեշտ է Հայաստանում գեներացնել «արեւմտամետության» վտանգը եւ դրա դեմ պայքարի անհրաժեշտությունը:
Հայաստանի հանդեպ արտակարգ իրավիճակը դարձավ առիթներից մեկը, եւ համակարգը ընդամենը մի քանի ամիս ղեկավարող Դավիթ Տոնոյանը վերածվեց թիրախի:
Այդ համատեքստը զուգորդվեց նաեւ ներքաղաքական, ներիշխանական իրողությունների հետ, իշխանության նոր ստատուս-քվոյի ձեւավորման գործընթացում: Ռուսական քաղաքականության «ավանդական կապալառուները» այդ իմաստով ունեն իրենց շահը, հետեւաբար շահընկերների շրջանակը: Այդ իմաստով ակնհայտ է Տոնոյանի դեմ շահերի այդ համընկնումն ու համատեղ գրոհը:
Իսկ Դավիթ Տոնոյանը դիտարկվում է Հայաստանի իշխանական համակարգում քաղաքական որոշակի նոր դերակատարի հեռանկարով, որի վերաբերյալ խոսել եմ դեռեւս նրա ԱԻՆ տեղափոխումից հետո՝ Նոր նախարարի նշանակման մի ուշագրավ դրվագ հոդվածում:
Դա հաստատում է նաեւ այն, որ Դավիթ Տոնոյանը ԱԻՆ-ում ձեւավորում է իր թիմը, այդ թվում ՊՆ կադրերի շնորհիվ: Տոնոյանը նախօրեին հայտարարել էր, որ դրա պատճառը այն է, որ ՊՆ կադրերը որակյալ են: Դա չի կարող տեղի ունենալ առանց Սերժ Սարգսյանի հավանության, ըստ այդմ ակնհայտ է, որ ԱԻՆ կարեւոր կառույցում Սարգսյանը ձեւավորում է անվտանգության «թեզի» վրա հիմնված նոր հենասյուն, քաղաքական նոր դերակատարով եւ թիմով:
Հենց այդ բավական թափանցիկ ակնարկներն էլ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում էր, որն այլ բան չէր, քան քաղաքական աջակցություն Դավիթ Տոնոյանին, ի պատասխան նրա դեմ ակնառու գրոհներին:
Սերժ Սարգսյանը համակարգին բավական հստակ կերպով ցույ է տալիս, որ Տոնոյանը ոչ միայն ենթակա չէ «զոհաբերության», այլ ապագա քաղաքական կառուցվածքում ունի առանցքային դերակատարում:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն