Վարորդական վկայականներ ձեռք բերելու գործընթացում կաշառքն ու մաղարիչն «օրինականցվել է» (տեսանյութ)


Վարորդական վկայականներ ձեռք բերելու գործընթացում կաշառքն ու մաղարիչն «օրինականցվել է» (տեսանյութ)

  • 06-09-2017 16:44:29   | Հայաստան  |  Հասարակություն



 
Ավտովարորդները խնդրում են հեռուստատեսություններին դադարեցնել ավտոճանապարհային վթարների մասին լուրերը եթեր հեռարձակել: 
Այս մասին սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» ՀԿ նախագահ՝ Տիգրան Հովհաննիսյանը` ընդգծելով, որ դրանք կանխարգելիչ ազդեցություն չեն ունենում ՃՏՊ-ների թվի ավելացման վրա: 
 
Ըստ նրա,  այն, որ Հայաստանում երթևեկության մշակույթ գոյություն չունի, արդեն իսկ արձանագրված փաստ է: 
«Վարորդների շրջանում հարցում ենք իրականցրել. Բոլորը բոլորին անիծում են, նյարդայնանում են, ազդանշան են տալիս, վիճում են: Կարճ ասած, բոլորը դժգոհ են վարորդների որակից»,- նշեց Տ. Հովհաննիսյանը: 
 
Անդրադառնալով այս տարի զգալիորեն ավելացած ՃՏՊ-ների պատճառներին` «Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» ՀԿ նախագահն ընդգծեց, որ գլխավոր պատճառներից մեկը ճանապարհներին ավելացող տեսախցիկների ոչ նպատակային կիրառումն է: 
 
Նրա համոզմամբ` քանի դեռ ճանապարհներին տեղադրված տեսախցիկներն անխտիր բոլորին տուգանելու և գումար շորթելու նպատակ են հետապնդում, ապա ՃՏՊ-ների թիվն էապես չի նվազելու: 
 
Տ. Հովհաննիսյանի կարծիքով` ՃՏՊ-ների թվի ավելացման երկրորդ պատճառը վարորդական վկայականների մասայական վաճառքն է: 
 «Հայաստանում վարորդական վկայականների 80 տոկոսը վաճառվում է, գներն էլ տատանվում են 90-ից 150 հազար դրամի սահմաննրում. Բայց եթե մարդը թեզն անգիր է անում ու հանձնում, գործնականի հարցն է փողով լուծում»,- շշետեց նա` հավելելով, որ վարորդական վկայականներ ձեռք բերելու գործընթացում կաշառքն ու մաղարիչն օրինականցվել է: 
 
Բանախոսի հաղորդմամբ` 2015 թվականի տվյալներով՝ 1 մլն բնակչության հաշվով վթարների ու զոհերի քանակով Հայաստանը գտնվել է աշխարհում 3-րդ հորիզոնականում: 
 
Տ. Հովհաննիսյանի բնութագրմամբ` արդեն իսկ խայտառակ ցուցանիշ է ոստիկանության կողմից ներկայացվող մահվան ելքով վթարների թիվը, որը բացի 2016 թվականից, կազմել է 10 տոկոս. «Ես վստահ եմ, որ այդ տվյալները ոստիկանության կողմից նվազեցվում են, հակված ենք ասել, որ մահվա ելքով վթարների թվով աշխարհում առաջին տեղում ենք»: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն