Զվարճալի տեսարանի ավարտը (Տեսանյութ)


Զվարճալի տեսարանի ավարտը (Տեսանյութ)

  • 06-09-2017 18:22:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Տեխնոլոգիական պատ վարորդի եւ տեսուչի միջեւ
 
Համացանցում, մասնավորապես սոցիալական ցանցերում մեծ ուշադրության ու աղմուկի առարկա է դարձել տեսանյութը, որտեղ բանավեճ է ճանապարհային ոստիկանների եւ նրանց պնդմամբ կանոնները խախտող քաղաքացու միջեւ, ով ներկայանում է ասմունքող Լիանա Զուրաբյան:
Տեսանյութը, ինչպես նման գրեթե ամեն ինչ, հանրությանը բաժանել է երկու մասի՝ ՃՈ տեսուչների կողմնակիցների եւ քաղաքացու կողմնակիցների: Որ «բանակն» է ավելի շատ, էական չէ: Նաեւ քննարկվում է հարցը, թե արդյոք ճիշտ էր, որ ոստիկանությունը հրապարակեր տեսանյութը: Ոստիկանությունն էլ նշում է, որ հրապարակել է հանիրավի մեղադրանքներից պաշտպանվելու համար, քանի որ մինչ այդ քաղաքացին էր հարցը հանրայնացրել:
 
Տեսանյութը, որ հրապարակել է ոստիկանությունը, որպես տեսարան դիտարժան է եւ շոշափում է անկասկած բազմաթիվ շերտեր, հանրային-անհատական արժեհամակարգային եւ բարդութային «շտեմարանից» մինչեւ պետական կառույցների եւ իրավապահ համակարգի ծառայողների մասնագիտական կոմպետենտություն եւ վարքականոն:
Այստեղ կա տարբեր բնույթի մասնագետների վերլուծության եւ դիտարկման ահռելի նյութ:
Միարժեք է, որ համանման տեսարանների հնարավոր է հանդիպել մեր կյանքի բոլոր բնագավառներում, որտեղ առկա է քաղաքացու եւ իրավապահի, քաղաքացու եւ պետծառայողի շփում: Պարզապես ոչ բոլորն են տեսագրվում եւ հայտնվում համացանցում:
Պետք է մտածել խնդրի լուծման մասին: Բայց նաեւ ակնհայտ է, որ խոշոր հաշվով բոլորը նախընտրում են վայելել տեսարանը: Բացառված չէ, որ հենց դա է նաեւ այն հրամցնելու պատճառներից մեկը, որն իհարկե կլանելով ուշադրության ահռելի մասը, ինչպես միշտ դրանից դուրս կթողնի էական տարրերը:
 
Ինչպե՞ս լուծել խնդիրը:
Հայաստանում հաճախ է հնարավոր լսել, որ, օրինակ կոռուպցիոն ռիսկերը չեզոքացնելու համար նվազեցվում են քաղաքացի-պաշտոնյա շփումները: Դա հատկապես շատ է հնչում հարկային ու մաքսային կառույցների աշխատանքի շուրջ քննարկումներում:
Այսինքն, լուծում կարող է լինել տեխնոլոգիան, հատկապես, որ «բակում 21-րդ դարն» է:
Հնարավո՞ր է արդյոք հասնել իրավիճակի, երբ նվազագույնի կհասնի Ճանապարհային ոստիկան-վարորդ շփումը, դա լինի ծայրահեղ, բացառիկ դեպքերում: Այսինքն, արդյոք 21-րդ դարի տեխնոլոգիական ներկայիս մակարդակում բարդ է ստեղծել տեխնիկական հնարավորություն, որ ՃՈ անձնակազմը, նկատելով խախտող մեքենան եւ արձանագրելով համարները, այլեւս չունենա վարորդին մոտենալու, փաստաթղթեր պահանջելու անհրաժեշտություն եւ շատ արագ ձեւակերպի տուգանքը տեղեկատվական բազայի շնորհիվ:
Իսկ վարորդին կանգնեցնել, մոտենալ պետք է թերեւս այն դեպքերում, երբ կատարվում է ակներեւաբար վտանգավոր գործողություն, որը սպառնում է այլոց կյանքին, անվտանգությանը, պարունակում է քրեական հանցագործության լուրջ հատկանիշներ եւ այլն:
Ենթադրենք, ՃՈ անձնակազմը արձանագրել է, որ իքս մեքենայի վարորդը գերազանցել է վարելու համար սահմանված արագությունը ենթադրենք մի քանի թվանշանով: Կա՞ արդյոք դրա համար նրան կանգնեցնելու, հետո նրա հետ երկար-բարակ քննարկումների մեջ մտնելու անհրաժեշտություն, եթե խախտումն արձանագրված է տեխնիկական սարքով: Ինչու՞ առաջացնել ավելորդ բյուրոկարատական քաշքշուկ եւ անհարմարություն:
Ոստիկանն արձանագրե՞լ է, որ չկա տեխզննման կտրոն, տեխզննումն անցած չէ: Ինչու՞ ավելորդ «երկխոսություն» հաստատել վարորդի հետ եւ առաջացնել «մեծ պատմություն»:
Այնպես, ինչպես ներկայում արված է ԱՊՊԱ համակարգը՝ այլեւս չկա կտրոնը փակցնելու կարիք, տեղեկատվական բազայում արձանագրվում է, որ ապահովագրությունն արված չէ, անցնում է սահմանված ժամկետը, եւ վարորդը տուգանվում է:
Մի՞թե Հայաստանում չկա այդօրինակ համակարգի ստեղծման հնարավորություն: Թե՞ չկա փող: Իսկ գուցե կա փողն օպտիմա՞լ ծախսելու անհրաժեշտություն: Թե՞ չկա դրա շահագրգռությունը, որովհետեւ նվազում են շատ կոնկրետ կոռուպցիոն ռիսկեր:
Ի դեպ, այդ համատեքստում հետաքրքիր է, որ ոստիկանությունը, ըստ մամուլի հրապարակումների, Հայաստանում արտերկրյա գործընկերներից ամենաշատ դրամաշնորհ ստացած կառույցներից մեկն է: Հարցն այն չէ, թե ուր են գնացել այդ դրամաշնորհները, այլ այն, որ ցանկության դեպքում ոստիկանությունը թերեւս կգտներ գործընկեր նաեւ այդ հարցը լուծելու համար:
 
 
Տեսանյութը՝ Police RA-ի
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play