Կգույքագրվեն ՀՀ խոշոր քաղաքների կենտրոնական մասերում առկա բոլոր կիսակառույց և անավարտ շինարարության օբյեկտները
07-09-2017 14:33:47 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 7-ին կայացած ՀՀ կառավարության նիստի ընթացքում գործադիրի ղեկավարը հանդես է եկել մի շարք հանձնարարականներով:
Նրա կողմից տրված երրորդ հանձնարարականը վերաբերում էր հանրապետության տարածքում գտնվող կիսակառույց և անավարտ շինարարության օբյեկտներին:
«Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում, հատկապես` խոշոր քաղաքների (Երևան, Գյումրի, Վանաձոր) քաղաքային միջավայրում գոյություն ունեն մասնավոր ընկերություններին պատկանող բազմաթիվ անավարտ շինություններ և հողամասեր, որտեղ տարիներ շարունակ շինարարություն չի իրականացվել:
Նշված կիսակառույց և անավարտ շինարարության օբյեկտների անհրապույր տեսքից և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունից խուսափելու, հանրապետությունում տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, կառուցապատման ներդրումային գործընթացը խթանելու, ինչպես նաև զբոսաշրջության համար առավել գրավիչ միջավայր ձևավորելու նպատակով հանձնարարում եմ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, մարզպետներին՝ Երևանի քաղաքապետի հետ համատեղ 1-ամսյա ժամկետում գույքագրել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքներում ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների վրա, հանրապետության քաղաքների կենտրոնական մասերում առկա բոլոր նմանատիպ շինություններն ու հողամասերը»,-ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը հանձնարարել է նաև 2-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ այդ շինությունների հետագա ճակատագրի վերաբերյալ` գործող օրենսդրության համապատասխան: