Կառավարությունը որոշել է լուծել երկար տարիներ հանրակացարաններում բնակվող շուրջ 46 ընտանիքի բնակարանային հարցը


Կառավարությունը որոշել է լուծել երկար տարիներ հանրակացարաններում բնակվող շուրջ 46 ընտանիքի բնակարանային հարցը

  • 07-09-2017 15:12:45   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հանրակացարաններում երկար տարիներ բնակվող տեղաբնակ բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով գործադիրն ընդունել է «Բնակելի տարածք նվիրելու մասին» որոշում: Կառավարությունը որոշել է  Երևան քաղաքի և Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Վայոց ձորի, Արմավիրի  մարզերի  հանրակացարաններում բնակվող ՀՀ քաղաքացիներին նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: Այս որոշմամբ կլուծվի ընդհանուր առմամբ 46 ընտանիքի բնակարանային հարցը: 
 
Կառավարությունը որոշել է նաև Պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին  ամրացված «Սիսիանի գոտիական փորձարարական կայան» դուստր ձեռնարկության լուծարումից հետո մնացած շարժական գույքը՝ խողովակները և փականները, հետ վերցնել և անհատույց սեփականության իրավունքով հանձնել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքին` հողերի ոռոգման նպատակով օգտագործելու համար: Նախատեսում է Սիսիանի մոտ 62 հա  համայնքային հողերը դարձնել  մշակովի:
 
Կառավարության որոշմամբ` կնվազեցվի «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը և գույքը կամրացվի ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին: Հիմնավորման համաձայն՝  Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը Չափագիտության ազգային ինստիտուտին միացնելու արդյունքում վերջինիս է անցել նաև փորձարարական մշակումների գործարանը, որը, սակայն չի օգտագործվում: Ընկերությունը գործարանի պահպանման նպատակով տարեկան կատարում է շուրջ 6,0 մլն. ՀՀ դրամի չափով ծախսեր՝ պահպանության և գույքային հարկերի  մասով: Ընկերության առողջացման համար նպատակահարմար է նշված գույքային միավորը տնօրինությունից հանել, ինչը հնարավորություն կտա նվազեցնել կատարվող ծախսերը, ինչպես նաև կնպաստի նշված գույքի օգտագործման արդյունավետության բարձրացմանը: Գործարանը գտնվում է առանձնացված` պարսպապատ տարածքում, ապահովված է ջրով, բնական գազով և էլեկտրամատակարարումով և կարող է ներդրումային հետաքրքրություն առաջացնել:
 
Գործադիրի որոշմամբ լուծարվել է Կրթության ազգային ինստիտուտի հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագիրը: ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությունը մեկամսյա ժամկետում ինստիտուտի հետ պետք է կնքի 2007 թ. հոկտեմբերի 26-ին կնքված անհատույց օգտագործման համապատասխան  պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր: Այնուհետև կիրականացվեն ինստիտուտին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույքի հանձնման–ընդունման աշխատանքները և կներկայացվի առաջարկություն դրանց հետագա օգտագործման վերաբերյալ:
 
Կարեն Կարապետյանը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետին հանձնարարել է գույքագրել օպտիմալացման արդյունքում ազատված շինությունները և հոկտեմբերին տեղեկանք ներկայացնել դրանց վերաբերյալ՝ քննարկելու նպատակով:  
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play