Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Մատինյանը


Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Մատինյանը

  • 11-09-2017 16:15:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Սեպտեմբերի 9-ին կյանքից հեռացավ հայ անվանի գիտնական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Հայկի Մատինյանը:
 
Մեծ է Սերգեյ Մատինյանի դերը հանրապետությունում տարրական մասնիկների տեսական ֆիզիկայի համաշխարհային մակարդակի դպրոցի ստեղծման և զարգացման գործընթացում: Ակադեմիկոս Մատինյանը հայտնաբերել է քվանտային քրոմոդինամիկայի վակուումի անկայունությունը, ինչպես նաև ոչ աբելյան տրամաչափական դաշտերի դինամիկ քաոսը: Նա կարևոր արդյունքներ է ստացել չեզոք Κ-մեզոնների օպտիկայի, վեկտորական մեզոնների ֆոտոծնման բնագավառներում։ Ակադեմիկոս Մատինյանի գիտական աշխատանքները վերաբերել են թույլ էլեկտրամագնիսական և ուժեղ փոխազդեցություններին, տարրական մասնիկների տեսությանը, դաշտի քվանտային տեսությանը, բարձր էներգիայի միջուկային ֆիզիկային, քվանտային հիդրոդինամիկային (գեր հոսունության տեսություն) և նեյտրոնային աստղաֆիզիկայի հարցերին։
 
Սերգեյ Մատինյանը ծնվել է 1931 թվականին` Թբիլիսիում: 1954 թվականին ավարտել է Թբիլիսիի համալսարանը։ 1968-1994 թվականներին եղել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տարրական մասնիկների տեսության լաբորատորիայի վարիչ, 1970-1994 թվականներին` նաև ինստիտուտի փոխտնօրեն։
 
Սերգեյ Մատինյանը մեծ ներդրում է ունեցել հանրապետության համար գիտական կադրերի պատրաստման գործում: Նա Հայաստանում ստեղծել է ֆիզիկոս տեսաբանների գիտական դպրոց: Սերգեյ Մատինյանի ղեկավարությամբ պաշտպանվել են բազմաթիվ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ:
 
Բեղմնավոր գիտական գործունեության համար Սերգեյ Մատինյանը պարգևատրվել է  Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանով:
 
Սերգեյ Մատինյանը 1994 թվականից տեղափոխվել է ԱՄՆ։
 
ՀՀ ԳԱԱ նախագահությունը ցավակցում է Սերգեյ Մատինյանի հարազատներին, մտերիմներին, գործընկերներին: Սերգեյ Մատինյանի հիշատակը միշտ վառ կմնա գիտության պատմության մեջ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play