Հայաստանի Բրիտանական միջազգային դպրոցում ուսումնական առաջին տարում սովորելու է ավագ դպրոցի 18 աշակերտ (տեսանյութ)


Հայաստանի Բրիտանական միջազգային դպրոցում ուսումնական առաջին տարում սովորելու է ավագ դպրոցի 18 աշակերտ (տեսանյութ)

  • 11-09-2017 16:29:33   | Հայաստան  |  Հասարակություն



 
Հայաստանի Բրիտանական միջազգային (BISA) դպրոցում ուսումնական առաջին տարում սովորելու է ավագ դպրոցի 18 աշակերտ: 
 
Ինչպես «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց դպրոցի ակադեմիական տնօրեն Աշոտ Աբրահամյանը, իր տեսակով եզակի Հայաստանի Բրիտանական միջազգային դպրոցը հիմնվել է հեղինակավոր «Փիրսոն Էդուքեյշն» կրթական և գնահատման ծառայության կենտրոնի հետ երկարատև համագործակցության արդյունքում: 
 
Ըստ նրա` նման միջազգային դպրոցի բացման նպատակն է բազմակողմանի, որակյալ և ժամանակակից միջազգային կրթությունը հասանելի դարձնել նաև հայ դպրոցականներին: 
 
Ա. Աբրահամյանի խոսքերով` երկու տարի տևող ուսումնական գործընթացի ավարտին դպրոցի շրջանավարտներին տրամադրվելու է բրիտանական ավարտական վկայական (A Level-ի ատեստատ), որը ճանաչված է աշխարհի առաջատար համալսարանների կողմից և հնարավորություն է տալիս առանց լրացուցիչ քննություն հանձնելու` հետագա կրթությունը շարունակել համաշխարհային բարձրակարգ կրթական հաստատություններում:
 
«Ուսումնական առաջին տարին մենք երկու հոսքով ենք սկսում` բիզնես և տնտեսագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ. Հայտարարած ունեինք նաև բնագիտական և հումանիտար հոսք, սակայն աշակերտների կողմից հետաքրքրություն այդքան էլ չեղավ»,- նշեց նա` հավելելով, որ առաջիկայում փորձելու են սեմինարների և այլ տեղեկատվական միջոցառումների կազմակերպմամբ խթանել աշակերտների շրջանում հետաքրքրվածությունը: 
 
Ա. Աբրահամյանի փոխանցմամբ` Հայաստանում Բրիտանական միջազգային դպրոց ընդունվելու համար ավագ դպրոցի աշակերտները պետք է հանձնեն հիմնականում անգլերեն լեզվի և մաթեմատիկայի քննություն, ինչպես նաև կախված ընդունելության քննությունների արդյունքներից մասնակցեն հարցազրույցի:  
 
«Այս տարի դպրոցում մինչև 100 տոկոս կրթաթոշակ ենք սահմանել, արդյունքում ընդունված 18 աշակերտներից 8-ը` սովորելու են կրթաթոշակով: Մենք կրթաթոշակների տրամադրման հարցում որևէ աջակցություն չունենք, ամբողջը փոխհատուցվում է մեր բյուջեից` հնարավորություն տալով շատ լավ արդյունքներ գրանցած աշակերտներին ֆինանսի պատճառով չզրկվել այս բացառիկ տարբերակից»,- փաստեց BISA-ի ակադեմիական տնօրենը` տեղեկացնելով, որ կրթաթոշակները տրամադրվում են ռոտացիոն սկզբունքով: 
 
Նշենք, որ դպրոցում ընդունելությունը կազմակերպվելու է երկու անգամ` ձմռան և ամռան ամիսներին: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play