Մոսկվան պաշտպանում է Բաքուն արևմուտքից


Մոսկվան պաշտպանում է Բաքուն արևմուտքից

  • 11-09-2017 17:02:25   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռուսական տարբեր քաղաքական օղակներ պարբերաբար նշում են, որ արևմուտքը փորձում է Հայաստանին իր կողմը գրավել՝ հեռացնելով Ռուսաստանից։ Այդուհանդերձ, կասկած չկա, որ առաջին հերթին ՌԴ քաղաքականությունը Հայաստանի հանդեպ և ռուս քաղաքական գործիչների ու դիվանագետների հայտարարություններն են հայ հասարակության մոտ ամրապնդում այն տեսակետը, որ Մոսկվայի վրա հույս դնել չի կարելի։ Նմանօրինակ հայտարարությունների ասպարեզում, թերևս, ոսկե մեդալը պատկանում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային։
 
Խոշոր լվացքը
 
Վերջին օրերին ադրբեջանական քաղաքական էլիտայի կողմից Մեծ Բրիտանիայում գրանցված կեղծ ընկերությունների միջոցով մոտ 3 միլիարդ դոլարի լվացման մասին հրապարակումը գտնվում է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Հիշեցնենք, որ Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննությամբ զբաղվող կենտրոնի` OCCRP-ի բացահայտած փաստերով պարզվել է, որ Ադրբեջանի իշխող էլիտայի գաղտնի «սև դրամարկղը» նախատեսված է եղել եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու, շքեղ իրեր ձեռք բերելու և այլ մութ գործարքների համար։ 
 
ՌԴ մասնակցությունը լվացքին 
 
Ադրբեջանական «սև դրամարկղ»-ում անմասն չէ նաև Ռուսաստանը։ Պարզվում է, որ «Ռոսօբորոնէքսպորտ»-ը՝ ռազմատեխնիկայի վաճառքի ռուսական պետական ընկերությունը, 2012-ին 29 մլն․ դոլար է փոխանցել բացահայտված կեղծ բրիտանական ընկերություններից մեկին։ Ավելին, «Ռոսօբորոնէքսպորտի» գումարից առնվազն 1.8 միլիոն դոլար փոխանցվել է Հունգարիայում գրանցված «Velasco International» օֆշորային ընկերությունը: Այս ընկերությունը ըստ «Պանամական փաստաթղթերի»՝ պատկանում է Օրհան Էյուբովին՝ Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովի որդուն: Ըստ բացահայտված տվյալների՝ ռուսական զենքի մատակարարի գումարը պետք է նաև փոխանցվեր «Inmaxo Capital» մեկ այլ օֆշորային ընկերության՝ բրիտանական Metastar Invest-ի միջոցով: 
 
Բնականաբար, «Ռոսօբորոնէքսպորտը» հրաժարվում է բացատրել, թե ինչն էր Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված օֆշորային ընկերություններին կատարված վճարման իրական նպատակը:
 
Քաղաքական հստակ դիրքորոշում
 
«Ռոսօբորոնէքսպորտը» պետական ընկերություն է, և հետևաբար ադրբեջանական «սև դրամարկղում» անմասն չէ Կրեմլը։ Ավելին, սեպտեմբերի 8-ին Կրեմլը ի դեմս Մարիա Զախարովայի հայտարարել է, որ «Ռոսօբորոնէքսպորտի», գաղտնի վճարած միլիոնավոր դոլարների մասին Guardian-ի և «Կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի հետաքննության նախագծի» (OCCRP) հրապարակումները ոչ այլ ինչ են, քան ՌԴ-ի ու վերջինիս դաշնակիցների դեմ սանձազերծած տեղեկատվական արշավի մի մաս: 
 
Փաստորեն, Զախարովան հերքում է մեծամասշտաբ միջազգային հանցագործություն բացահայտող և հստակ ապացույցներ ունեցող հրապարակումը՝ պաշտպանելով իր դաշնակից Ադրբեջանին։ Այս հայտարարությունը հերթական անգամ ապացուցում է, որ «Ռոսօբորոնէքսպորտը» իր հանցավոր գործունեությունը կատարել է Կրեմլի հովանու ներքո։ 
 
Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն