Բացառիկ հնարավորություն մասնակցելու ճապոնական «Տոհոկուհի գեղեցիկ ձեռարվեստը» ճանապարհորդող ցուցահանդեսին (տեսանյութ)


Բացառիկ հնարավորություն մասնակցելու ճապոնական «Տոհոկուհի գեղեցիկ ձեռարվեստը» ճանապարհորդող ցուցահանդեսին (տեսանյութ)

  • 11-09-2017 19:09:34   | Հայաստան  |  Հասարակություն



 
Հայաստանի և Ճապոնիայի միջև հաստատված դիվանագիտական հարաբերություններն արդեն 25 տարվա պատմություն ունեն: Հոբելյանական տարեդարձի կապակցությամբ Հովհաննես Շարամբերյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոնում բացվեց «Տոհոկուհի գեղեցիկ ձեռարվեստը» խորագրով ցուցահանդեսը: 
 
Սեպտեմբերի 8-ից մինչև հոկտեմբերի 8-ն անցկացվող ցուցահանդեսի ընթացքում արվեստասեր հայ հասարակությունը հնարավորություն կունենա ծանոթանալու Ճապոնիայի աշխարհագրորեն լայն տարածք ընդգրկող Տոհոկու շրջանի ինքնատիպ մշակութային ժառանգությանը: 
Խորհրդանշական միջոցառմանը ներկա էին ինչպես Հայաստանում գործող դիվանագիտական կառույցների, այնպես էլ ՀՀ Մշակույթի նախարարության, Ազգային ժողովի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ: 
 
«Այսօր մենք տոնում ենք Հայաստանի և Ճապոնիայի միջև հաստատված դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, որը մեզ համար շատ յուրահատուկ տոն է: Մեր երկու երկրների միջև հարաբերությունները ձևավորվել են փոխըմբռնման և բարեկամական հիմքի վրա»,- նշեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին: 
 
Նրա խոսքերով` 25 տարիների ընթացքում հայ-ճապոնական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել բազմաթիվ ուղղություններով: 
 
Դեսպանի գնահատմամբ` հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունների կարևոր ձեռքբերումներից է երկու երկրների դեսպանատների բացումը Հայաստանում և Ճապոնիայում: 
 
«Տոհոկուհի գեղեցիկ ձեռարվեստը» խորագրով ցուցահանդեսում ներառված են խեցեգործության, ասեղնագործության, մետաղի և փայտի գեղարվեստական մշակման նմուշներ, ինչպես նաև հնդկեղեգե, լաքապատ իրեր: 
 
«Տոհոկուն Ճապոնիայի ամենահին շրջաններից մեկն է, որը գտնվում է Խոյուսու կղզու հյուսիս-արևելյան մասում: Այս վայրի մասին առաջին հիշատակությունը թվագրվում է նեոլիտի ժամանակաշրջանից: Այդ ժամանակից ի վեր մեզ են հասել խեցեգործական իրեր, որոնք ունեն շատ բնորոշ զարդանախշեր»,- նշեց Հովհաննես Շարամբերյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Եվգենիա Քալանթարյանը` հավելելով, որ Տոհոկուի շրջանը ծաղկում է ապրել 11-12-րդ դարերում: 
 
Նշենք, որ 2012 թվականից ի վեր «Տոհոկուհի գեղեցիկ ձեռարվեստը» ճապոնական ճանապարհորդող ցուցահանդեսն անցկացվել է 19 երկրների 32 վայրերում: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Տեսանյութը՝ «Նոյյան Տապան»-ի
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play