Խորհրդարանում շարունակվում են տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման շուրջ քննարկումները


Խորհրդարանում շարունակվում են տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման շուրջ քննարկումները

  • 12-09-2017 13:50:28   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում սեպտեմբերի 12-ին կազմակերպվել է քննարկում տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման թեմայով, որին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը,  փոխնախագահ Վահրամ Բալայանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ԱՀ կառավարության տարածքային կառավարման վարչության պետ Ժիրայր Միրզոյանը և խորհրդարանականներ:
 
Քննարկման ընթացքում ԱՀ կառավարության ներկայացուցիչը ներկայացրել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման հայեցակարգային մոտեցումները և մշակման փուլում գտնվող օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը:
 
Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Ժիրայր Միրզոյանն անդրադարձել է համայնքային բյուջեների կազմմանը, ավագանու ձևավորմանը և գործունեությանը, կրթության ոլորտում համայնքներին վերապահված լիազորություններին և այլ հարցերում աշխատանքային նախագծով առաջարկվող լուծումներին:
 
Ներկայացնելով տարածքային զարգացման բնագավառում Հայաստանի Հանրապետության փորձը՝ Դավիթ Լոքյանն ընդգծել է տեղական ինքնակառավարման համակարգի գործունեության համար օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությունը՝ համայնքներում առկա առանձնահատկությունների հաշվառմամբ: Արձագանքելով պատգամավորների արտահայտած մտահոգություններին՝ ՀՀ ՏԿԶ նախարարը պատրաստակամություն է հայտնել Արցախում համապատասխան օրենքի նախագծի կազմման ընթացքում ցուցաբերել մասնագիտական և փորձագիտական օժանդակություն:
 
Ամփոփելով քննարկումը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին կառուցողական քննարկման համար և համոզմունք հայտնել, որ նշված հարցի շուրջ մտքերի փոխանակությունը թույլ կտա ճիշտ և համարժեք լուծումներ գտնել:
 
Արցախի Հարապետության
 
ԱԺ մամուլի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն