Հայաստանում արդարադատությունը ոչ միայն խեղաթյուրված է , այլև` բռնաբարված. փաստաբաններ (տեսանյութ)
12-09-2017 16:42:03 | Հայաստան | Իրավունք
Հայաստանում արդարադատությունը ոչ միայն խեղաթյուրված է , այլև բռնաբարված:
Նման գնահատական սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տվեցին 2013 թվականի հոկտեմբերի 12-ին Վանաձոր քաղաքում սպանված ձեռքի գնդակ մարզաձևի մարզիկ Դավիթ Հովակիմյանի գործով զբաղվող փաստաբանները:
Ըստ փաստաբան Արայիկ Պապիկյանի` սկզբում գործը հարուցվել է սպանության հոդվածով և մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի բնակիչ 22-ամյա Կարեն Կունգորցևի նկատմամբ, իսկ նախաքննության ավարտին մեղադրանքը փոխվել է սպանության փորձ կատարլու հոդվածով:
«Տևական ժամանակ Լոռու մարզի Առաջին ատյանի դատարանում գործը քննվել էր և դատաքննության ավարտից հետո դատարանը կայացրել էր Կ. Կունգորցևին արդարացնելու դատավճիռ` դատական նիստերի դահլիճից ազատ արձակելով նշյալ անձնավորությանը»,- նշեց Ա. Պապիկյանը` հավելելով, որ մեղադրողի կողմից Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը բողոքարկվում է Վերաքննիչ դատարանում:
Փաստաբանի խոսքերով` Վերաքննիչ դատարանում ավելի քան մեկ տարի երկու ամիս տևած դատաքննության ընթացքում մեղադրողի բողոքը մասնակի բավարարվում է, և Կ. Կունգորցևը մեղավոր է ճանաչվում մեկ այլ հոդվածով. Այն է` Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, արդյունքում Կ. Կունգորցևը դատապարտվում է 7 տարվա ազատազրկման:
Ա. Պապիկյանի գնահատմամբ` Վերաքննիչ դատարանի կայացրած վերոնշյալ որոշումն ակհայտ անարդարացի, չհիմնավորված և ապօրինի է:
Գործի առնչությամբ տուժողի իրավահաջորդ ճանաչված Հակոբ Հովակիմյանը ևս փաստեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անարդարացի է:
Նրա համոզմամբ` Կ. Կունգորցևը ոչ մի կապ չունի իր տղայի սպանության հետ, քանի որ նրա մեղավորությունն ապացուցող որևէ հանգամանք գոյություն չունի:
«Ոչ մի ապացույց չկա, որ այդ հանցանքը կատարել է Կ. Կունգորցևը: Այնտեղ կա տեսանյութ, որտեղ էլ երևում է, որ Կ. Կունգորցևը տվյալ պահին չի եղել դեպքի վայրում: Այս դատավճիռն ինձ չի բավարարում, քանի որ տղայիս իրական սպանողն ազատության մեջ ման է գալիս, իսկ անմեղ մարդը ձերբակալված է»,- ընդգծեց Հ. Հովակիմյանը` շեշտելով, որ պայքարելու է այնքան ժամանակ, մինչև արդարացի որոշում կայացվի:
Լրագրողի այն դիտարկմանը, թե ինչո՞ւ որպես մեղավոր ընտրվեց հենց Կ. Կունգորցևը, Ա. Պապիկյանը փաստեց, որ դատական որևէ ատյանում գործի քննության ողջ ընթացքում չեն կարողացել ստանալ այդ հարցի պատասխանը, ինչը ևս մեկ անգամ հիմնավորում է իրենց վրդովմունքը:
Տուժողի իրավահաջորդի փաստաբան Արմինե Ֆանյանի փոխանցմամբ` Լոռու մարզի Առաջին ատյանի դատարանում իրենք մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի անմեղ մարդը հայտնվի ազատության մեջ, ինչն իրենց հաջողվել է:
«Լոռու մարզի Ընդհանուր իրավասության Առաջին ատյանի դատարանն ամեն կերպ ցույց տվեց իր անաչառությունը` բոլոր միջնորդություններին օբյեկտիվ արձագանքելով, բոլոր վկաներին մանրակրկիտ հարցաքննելով և ի սկզբանե առողջ մթնոլորտ ապահովելով օբյեկտիվ քննություն անցկացնելու համար»,- ընդգծեց նա` հավելելով, որ Վերաքննիչ դատարանում անհասականալի պատճառներով գործի քննությունը կտրուկ շրջադարձ է ապրում:
Ա. Ֆանյանի համոզմամբ` Վերաքննիչ դատարանը պատշաճ չի ուսումնասիրել ոչ գործի նյութերը, ոչ լազերային սկավառակները, անգամ մեղադրողի ճառը չեն լսել, ուստի իրենք այդ դատավճիռը բողոքարկելու են Վճռաբեկ դատարանում:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ո՞վ է, այնուամենայնիվ, 15-ամյա Դավիթի մահվան իսկական մեղավորը, փաստաբան Ա. Պապիկյանը նշեց, որ ըստ Վանաձորում շրջանառվող լուրերի` սպանությունը կատարել է Վանաձորի ԱԱԾ-ի աշխատակցի որդիներից մեկը:
Նրա գնահատմամբ` Վերաքննիչ դատարանի նշյալ դատավճռով դատավորներ Մանուշակ Պետրոսյանը և Մհեր Արղամանյանը, ովքեր երբևէ աչքի չեն ընկել օբյեկտիվ դատավարություն իրականացնելու կարողությամբ, ապտակ են հասցնում Դատախազությանը:
Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ վստահեցրեց, որ Վերաքննիչ դատարանի դատավճիռը կարող է նպաստել ազատության մեջ գտնվող մարդասպանի կողմից այլ հանցագործությունների կատարմանը:
«Սա պատվիրված դատավճիռ է, որն այլ բացատրություն չունի»,- նշեց նա` չբացառելով, որ հասարակության շրջանում իրական մեղավորի մասին շրջանառվող լուրերը կարող են ճիշտ լինել:
Ի վերջո կա փաստ, որ Վանաձորի ԱԱԾ-ի աշխատակիցների երկու որդիները և նրանց ընկերներից և ոչ մեկը Դավիթ Հովակիմյանի սպանության գիշերը տանը չեն գիշերել:
Նշենք, որ 15-ամյա հանդբոլիստի սպանության գործով իրական մեղավորին գտնելու և արդարադատության հասնելու համար տուժողի շահերի պաշտպանները պայքարելու են մինչև վերջ, անհրաժետության դեպքում կդիմեն նաև ՄԻԵԴ: