Լապշինը կարող է հեռանալ Ադրբեջանից առաջիկա երկու օրերի ընթացքում. փաստաբան


Լապշինը կարող է հեռանալ Ադրբեջանից առաջիկա երկու օրերի ընթացքում. փաստաբան

  • 12-09-2017 16:14:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը կարող է հեռանալ Ադրբեջանից առաջիկա երկու օրերի ընթացքում, այս մասին ադրբեջանական «Թրենդ»-ին ասել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը:
 
Լապշինի հետ այսօր հանդիպած փաստաբանը հավելել է, որ բլոգերը կհեռանա Ադրբեջանից իր մոր հետ հանդիպումից հետո, որը նրան տեսնելու համար այսօր ժամանելու է Բաքու:
 
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ Ադրբեջանի նախագահի կողմից ներում ստացած բլոգեր Ալեքսանդր Լապշինն ազատվել է կալանքից: 
 
Լապշինի փաստաբանն ավելի վաղ հայտնել էր, որ բլոգերն Իսրայել արտահանձնման դիմում է ներկայացրել:
 
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին:
 
Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել էր, որ բլոգերը կիրակի փորձել է ինքնասպանություն գործել:
 
Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման: Ինչպես նշվել է դատավճռում, Ալեքսանդր Լապշինը մեղավոր է ճանաչվել 318.2 հոդվածով, որը նախատեսում է պատիժ «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմաններն անօրինական կերպով հատելու համար»: 
 
Դատախազը խնդրել էր Լապշինի նկատմամբ սահմանել պատիժ՝ 6,5 տարվա ազատազրկման տեսքով:
 
Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին՝ 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: 
 
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով բլոգերի արտահանձնմանը, հայտարարել էր, որ Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play