Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը «Հայաստանի թվայնացման օրակարգը» թեմայով երկօրյա աշխատաժողով է գումարել
12-09-2017 17:38:21 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող և DADA6 կողմից իրականացվող «Զարգացում և ռազմավարական ուսումնասիրություններ» ծրագրի օժանդակությամբ, ս.թ. սեպտեմբերի 9-10-ը կազմակերպել էր երկօրյա աշխատաժողով՝ նվիրված «Հայաստանի թվայնացման օրակարգի» քննարկմանը:
Աշխատաժողովի նպատակն էր տալ Հայաստանի թվայնացման օրակարգի մշակման ծրագրի մեկնարկը և պատրաստել օրակարգի փաստաթղթի նախագիծը՝ հաշվի առնելով հայաստանյան իրավիճակը, ներկայիս կարիքները և թվայնացման միջազգային միտումները:
Քննարկումներին մասնակցեցին՝ ՀՀ կառավարության և պետական մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, էլեկտրոնային կառավարման քաղաքականության մշակման և իրագործման մեջ ներգրավված մասնագետներ, մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԵՄ հայաստանյան պատվիրակության և այլ զարգացման գործընկերներ, ինչպես նաև արտաքին փորձագետներ: Քննարկումների ընթացքում թե՛ պետական պաշտոնյաները և թե՛ մասնավոր հատվածի ներկայացուցիչները կիսվեցին իրենց կարծիքներով ու մտահոգություններով, ինչպես նաև ներկայացրին իրենց ակնկալիքները՝ պատկերելով իրենց երազանքի «թվային Հայաստանը»: Առավել քննարկված թեմաներն էին՝ ՀՀ Կառավարության ներսում, ինչպես նաև կառավարություն–մասնավոր հատված, կառավարություն–կառավարություն հարաբերություններում փոխգործելիության հետ կապված հարցերը և մասնավոր հատվածի թվայնացման գործընթացի բարդություններն ու առանձնահատկությունները:
Մոդերատորների կողմից ղեկավարվող գործնական վարժության ընթացքում մասնակիցները աշխատեցին «Թվայնացման օրակարգ» փաստաթղթի նախագծման վրա, որի արդյունքում առանձնացվեցին և ձևակերպվեցին կարևորագույն ուղղությունները, որոնք պետք է հադնիսանան հիմնաքարեր Հայաստանի թվայնացման օրակարգի համար: Դրանք են. ենթակառուցվածք, թվային հմտություններ, էլեկտրոնային կառավարման համակարգ, մասնավոր հատվածի թվայնացում, ինստիտուցիոնալ շրջանակ և կիբեր անվտանգություն: Յուրաքանչյուր ուղղության շրջանակներում քննարկվեցին Հայաստանի առանցքային ռազմավարական ակտիվները և դրանց զարգացմանը խոչընդոտող հիմնական «նեղ տեղերը», որոնց առավել խորը անդրադարձ կկատարվի ռազմավարության մեջ:
«Հայաստանի թվայնացման օրակարգ» փաստաթղթի վերջնականացումը նախատեսվում է իրականացնել մինչև ս.թ. դեկտեմբեր ամիսը: