Պատմական փաստարկները ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում


Պատմական փաստարկները ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում

  • 12-09-2017 17:41:51   | Հայաստան  |  Վերլուծություն

Սովորաբար, միջազգային զինված հակամարտությունների կարգավորման ընթացքում միջնորդները կողմերին հորդորում են չխորանալ պատմության մեջ, չդիմել պատմական փաստարկների (նույն համառությամբ այդ պահանջը չի առաջադրվում իրավական փաստարկների դեպքում, չնայած այս կամ այն կերպ հասկացվում է, որ դրանք նույնպես պետք է շրջանցվեն):
 
Ղարաբաղյան հակամարտության դեպքում այդ պահանջը բաց տեքստով կամ ոչ բացահայտ ուղղված է լինում հատկապես հայկական կողմերին՝ այն ենթադրությամբ, թե իբր հենց նրանք են սիրում դիմել պատմական անցյալին և այդ հիմքով ներկայացնել հակամարտության հետ կապ չունեցող փաստարկեր և ոչ կառուցողական առավելապաշտական պահանջներ: Խորհրդային պետական հայտնի գործիչ Եվգենի Պրիմակովը թափանցիկ ակնարկով մեզ այդ հարցում «մեղադրել» է դեռևս 1988թ., երբ հարցը քննարկվում էր հիմնախնդրին նվիրված Խորհրդային Միության (հետայսու՝ ԽՍՀՄ)1 ԳԽ նախագահության նիստում: Մոտեցումը որդեգրված է նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահների կողմից, որոնց առաջարկություններում որևէ ուղղակի անդրադարձ չկա խնդրի պատմությանը՝ որպես իրենց առաջարկի հիմնավորում: Բանակցությունների ընթացքում պատմությունը շրջանցելու սովորաբար բանավոր խոսքի ձևով ներկայացվող հորդորը կամ պահանջը հանգում է հետևյալին. «սուզվելով» պատմության մեջ՝ կողմերն այնքան են հեռանում խնդրի արդի վիճակից, որ սկսում են խոսել նրա հետ անմիջապես կապ չունեցող թեմաներից և բերում փաստարկներ, որ կապ չունեն կոնկրետ իրադրության հետ և չեն կարող նպաստել հակամարտության կարգավորմանը: Մոտեցումն ընդհանրացվում է բանակցային գործընթացին կանխահղվող մեթոդաբանական այն դրույթով, թե պատմությունը չի կարող կառուցողական դերակատարություն ունենալ կոնֆլիկտի խաղաղ հանգուցալուծման բանակցային գործընթացում, որ իրենք (այսինքն՝ միջնորդները) փորձում են դնել փոխըմբռնման ու փոխզիջումների ուղու վրա:
 
Համանախագահների նման պահվածքը բացատրություն ունի, և այն զուրկ չէ բանական հիմքերից: Իրոք, Ղարաբաղյան հակամարտության դեպքում հազիվ թե կառուցողական նշանակություն ունենա պատմականորեն հավաստի այն դրույթը, թե երբ Քուռը եղել է հայկական պետության հյուսիսարևելյան սահման, տարածաշրջանում ընդհանրապես թուրքեր չեն եղել: Միջնորդներն այդ փաստը չեն կարող հիմք ընդունել խնդրի կարգավորման որևէ առաջարկ ներկայացնելու համար: Եվ նրանց կարելի է հասկանալ: Նույն տրամաբանությամբ նրանք նշանակություն չեն տալիս (դարձյալ պատմականորեն հավաստի) այն փաստին, որ ընդհուպ մինչև XX դարը Հարավային Կովկասում ոչ Ադրբեջան անունով պետություն է եղել և ոչ էլ այդ էթնոնիմն ունեցող ազգություն, որ 1920թ. Խորհրդային Ադրբեջանը հիմնվել է որպես ոչ ազգային հանրապետություն (այդ տեսակետից այն միակն է եղել ԽՍՀՄ-ում), որտեղ խորհրդային տարիներին ցեղասպանության է ենթարկվել նրա հիմնադիր ժողովուրդներից մեկը՝ ադրբեջանահայությունը2: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անգամ նման փաստերի մասին չեն սիրում խոսել: Ավելի հաճախակի հնչեղություն է տրվում քաղաքական իրատեսության և նպատակահարմարության գաղափարներին:
 
Բայց պարզվում է, որ պատմական (և նաև իրավական) փաստարկներից հեռու մնալու միջնորդների հորդորները միայն բանակցային գործընթացի արդյունավետության պրագմատիկ նկատառումներով չեն արվում: Ավելին, այդ մտահոգությունը չէ կոնֆլիկտների պատմությունը դրանց կարգավորման գործընթացներից դուրս մղելու միջնորդների հիմնական շարժառիթը: Կա հանրայնորեն հայտնի այլ մի բացատրություն՝ չնայած միշտ չէ, որ այդ մասին խոսվում է: Բանն այն է, որ գլոբալացված աշխարհում ծագող բացառապես բոլոր կոնֆլիկտներն անմիջապես հայտնվում են գերտերությունների շահերի դաշտում: Այլևս չկա որևէ հիմնախնդիր, որ նրանք «չհամարեն իրենցը», չկա որևէ կետ, որտեղ ծագած կոնֆլիկտը կարգավորելու կամ ավելի բորբոքելու հարցում նրանք դրսևորեն անտարբերություն: Գլոբալ քաղաքական դաշտի ամեն մի խոշոր խաղացող ձգտում է օգուտ քաղել այստեղ ու այնտեղ ծագող կոնֆլիկտներից, օգտագործել դրանք որպես տարածաշրջանային գործընթացների կառավարման գործիք: Հենց դա է սովորաբար նկատի առնվում, երբ խոսվում է կոնֆլիկտի քաղաքականացման մասին: Ասվածը նորություն չէ, ինչպես նորություն չէ և այն, որ կոնֆլիկտների վերահսկման ու կառավարման ամենահարմար ու փորձված եղանակներից մեկը վաղնջական ժամանակներից հայտնի միջնորդական գործառույթի ստանձնում է: Պատահական չէ, որ միջազգայնորեն նշանակալից բոլոր կոնֆլիկտների կարգավորման միջնորդական առաքելությունը մեր օրերում իրագործում են աշխարհի հզորները՝ գլոբալ քաղաքական դաշտի գլխավոր դերակատարները, որ հենց Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունները:
 
Կոնֆլիկտների քաղաքականացումը բացատրություն է տալիս այն հարցին, թե ինչ ուշադրության են արժանանում հակամարտ կողմերի պատմական, իրավական (առավել ևս՝ բարոյական) բնույթի փաստարկները: Խնդիրը քաղաքականացնող միջնորդների (և նաև նկրտումներ ունեցող կողմի) համար դրանք դառնում են իրենց գործողությունները սահմանափակող կանխապայմաններ, որ կարող են խանգարել վեճի՝ իրենց համար նպաստավոր կարգավորմանը: Բնական է, որ այդ մասին միջնորդները չեն բարձրաձայնում: Պրագմատիկ կեցվածքով նրանք կողմերին առաջարկում են ձևակերպել իրողություններն այնպես, ինչպես դրանք կան որպես առկա փաստեր և այնուհետև, հաշվի նստելով իրողությունների հետ, ձևակերպել իրենց պահանջները՝ փոխզիջումային տեխնոլոգիաներով համաձայնության հասնելու համար3: «Հաշվի նստել իրողությունների հետ» պահանջը, որը բանակցություններում ներկայացվում է որպես իրատեսության հորդոր, սովորաբար հենց պատմական ու իրավական փաստարկները շրջանցելու համար է առաջադրվում:
 
Միջնորդների համար ձեռնտու «Քաղաքականությունը պատմության հետ գործ չունի» տարածում ստացած արտահայտությունը պարզ ձևակերպմամբ լայն հանրությանը ներկայացվող այն մտքերից մեկն է, որով նրանք համոզում են, որ հակամարտությունների կարգավորման գործընթացներում քաղաքականությունը գերիշխում է բացարձակ իմաստով՝ անմնացորդ դուրս մղելով այլ կարգի բոլոր փաստարկները: Բանաձևն այնքան հաճախ է առկայծում քաղաքական վերլուծություններում ու տարաբնույթ տեղեկատվական հոսքերում, որ թվում է, թե այն կասկածից դուրս ճշմարտություն է: Սակայն հարցի ավելի հանգամանալից վերլուծությունը պարզում է դրան տրամագծորեն հակառակ իրողություն: Դրանում համոզվելու համար բավական է դիմել կոնֆլիկտների կարգավորման միջազգային փորձին4:
 
Փաստի խորքային իմաստավորումը տանում է դեպի կոնֆլիկտի՝ որպես սոցիալական երևույթի տեսական-փիլիսոփայական վերլուծությունը: Այդ համատեքստում է հասկանալի դառնում, որ կոնֆլիկտի պատմությունը նրա գոյաբանության կայանատեղին ու նրանում ներդրված իմաստների զետեղարանն է: Նրանով է անցնում դեպի այդ իմաստները տանող ուղին, նա է տրամադրում հակամարտող կողմերի քաղաքական ու բանակցային վարքի, նրանց բանակցային մարտավարության ու ռազմավարական նպատակաների ըմբռնման բանալիները: Ղարաբաղյան հակամարտությունն այդ իմաստով բացառություն չէ:
 
Դրույթը, որը մենք այստեղ կփորձենք հիմնավորել, հակամարտության կարգավորման քաղաքական (ոչ ուժային) գործընթացից նրա պատմությունը դուրս մղելու անհնարինությունն է, որ մեր թեմայի դեպքում հաստատում են ինչպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկած, այնպես էլ Բաքվի, Ստեփանակերտի և Երևանի կողմից խնդրի հանգուցալուծման մասին ընդունած փաստաթղթերը: Սույն հոդվածի պաթոսն այն անվիճելի փաստի հերքումը չէ, որ հզորները քաղաքականացնում են կոնֆլիկտների կարգավորման գործընթացը: Պատմության, իրավունքի ու բարոյականության տեսակետից բոլոր կոնֆլիկտներն ունենում են արդար ու անարդար, զավթող ու պաշտպանվող կողմեր: Եվ եթե արդար կողմն ունի պատմական ու իրավական որոշիչ փաստարկներ և լռում է այդ մասին՝ այն մտայնությամբ, թե դրանք ոչ մի արժեք չունեն, քանի որ խնդիրը քաղաքականացված է, ուրեմն նա տանուլ կտա կռիվը նաև քաղաքական դաշտում: Եթե նա չի տիրապետում այն հնարքներին, թե ինչպես են այդ փաստարկները շրջանցում կամ «թաքուն» օգտագործում «միջնորդության բեռը» ստանձնած խոշոր տերությունները, չի կարող տիրապետել նաև քաղաքական փաստարկումների նրբություններին: Այս հոդվածն այդ մասին է:
 
Բայց նախ՝ երկու միջանկյալ դիտարկում։
 
Առաջին դիտարկում. Մենք դիտարկելու ենք հակամարտությունների քաղաքական, բանակցային կարգավորման, այլ ոչ թե կողմերին կամ նրանցից մեկին բռնի ուժով որևէ լուծում պարտադրելու դեպքը: Բռնությամբ, պատերազմով հարաբերություններ պարզելու ժամանակ ոչ միայն պատմական, այլև իրավական, բարոյական ու այդ կարգի բոլոր փաստարկներն են մոռացության մատնվում: Միջազգային հանրությունը, ի դեմս ԵԱՀԿ-ի, Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը տեսնում է միայն նրա խաղաղ կարգավորման ուղիներում: «Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում» բանաձևը, որ ԵԱՀԿ անունից հավաստում են միջնորդները, սոսկ ձևական բնույթ չունի: Տարածքային ամբողջականության ու ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքների հետ մեկտեղ՝ այն մեկն է այն երեք սկզբունքներից, որոնք դրված են խնդրի կարգավորման հիմքում: ԵԱՀԿ-ն այն որդեգրել է ոչ միայն կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված առաքելություններին առերևույթ հարազատ մնալու նկատառումներով: Ամենայն հավանականությամբ, վճռական նշանակություն է ունեցել տարածաշրջանում 1991-ին հաստատված և մինչ օրս պահպանվող աշխարհաքաղաքական հավասարակշռության հանգամանքը: Բայց ինչպիսին էլ լինեն միջազգային հանրության կողմից այդ սկզբունքների որդեգրման բացատրությունները, փաստ է, որ 1992-ից ի վեր դրանք մնում են անփոփոխ: Ուժի կամ նրա կիրառության սպառնալիքի բացառումը, որը ԵԱՀԿ-ն դրել է հակամարտության կարգավորման հիմքում, նշանակում է, որ հիմնախնդրի կարգավորման մանդատն ստացած միջազգային այդ կառույցը ստանձնել է հարցի ոչ ուժային լուծմանը հետամուտ միջնորդի առաքելությունը: Ընդ որում, այդ գաղափարախոսությամբ ուժի գործադրման կամ կողմերից մեկին խնդրի որևէ լուծում պարտադրելու արգելքը վերաբերում է ոչ միայն հակամարտ կողմերին, այլ նաև իրեն՝ ԵԱՀԿ-ին, որը շուրջ քառորդ դար է, ինչ իր առաջարկությունները չի պարտադրում կողմերին և հաշտվում է դրանք Բաքվի, Ստեփանակերտի կամ Երևանի կողմից մերժվելու փաստերի հետ5: ԵԱՀԿ-ն, այսպիսով, հիմնախնդրի կարգավորաման նախագծերն առաջադրել է սոսկ որպես առաջարկություններ:
 
Հարցը, որին դեմ են առնում ԵԱՀԿ որդեգրած սկզբունքների կոնֆլիկտաբանական իմաստավորման փորձերը, այն է, թե արդյոք սկզբունքորեն հնարավոր է հակամարտության հետ կապված պատմաիրավական փաստերի դուրսմղումը (շրջանցումը, անտեսումը) բանակցային խոսույթից, երբ միջնորդներն ուժի բացառման պայմանով հորդորում են կողմերին խնդրի հանգուցալուծմանը հասնել փոխզիջումների ճանապարհով: Ինքը՝ փոխզիջումն արդեն անհրաժեշտաբար ենթադրում է անդրադարձ նախկին կարգավիճակներին ու սահմաններին, անցյալի իրավական իրողություններին, այն բանին, թե իրավունքի տեսակետից ինչ է պատկանել (պատկանում) կողմերին` դրա հիման վրա փոխզիջման գնալու համար: Ակնհայտ է, որ փոխզիջումների ուղին դեպի պատմություն տանող ուղի է:
 
Երկրորդ դիտարկում. Պարզվում է, այնուամենայնիվ, որ կա հակամարտ կողմերի հարաբերությունների կարգավորման այնպիսի տարբերակ, որը չի ենթադրում պատմական (և նաև իրավական) փաստարկներին դիմելը: Դա կոնֆլիկտի կարգավորման այն տեխնոլոգիան է, որը հայտնի է ստատուս-քվո անվամբ:
 
Ստատուս-քվոն հակամարտության սառեցումը կամ ընդհանրապես դադարեցումն է մի կետում, որտեղ հաստատվում է ուժերի այնպիսի հավասարակշռություն (դրա մասնավոր դեպք է կողմերի ուժասպառ լինելը), որ անիմաստ է դարձնում հետագա առճակատումը: Ստատուս-քվոն հաճախ հաստատվում է նաև խնդրով շահագրգիռ հզորների միջամտությամբ կամ պարտադրանքով, եթե կոնֆլիկտի շարունակումը վտանգում է նրանց շահերը: Կողմերը կարող են հաշտվել դրա հետ, և այդ դեպքում ստատուս-քվոն դառնում է հակամարտության հանգուցալուծում: Այդտեղ մի տեսակ կտրվում են նախորդ շրջանի զարգացումների տրամաբանությունը, կողմերի նպատակներն ու վարքի շարժառիթները: Կոնֆլիկտի պատմությունը ծվարում է դասագրքերում և ժողովուրդների ու ազգերի հիշողության մեջ: Խաղաղությունը պահպանվում է այնքան, որքան նրանք հարգում են հաստատված ստատուս-քվոն՝ փաստացի հաստատված վիճակը, որ մեծ կոնֆլիկտների դեպքում սովորաբար միջազգային քաղաքական և ուժային հավասարակշռության արդյունքում է հաստատվում:
 
Մեր մոլորակի վրա հաստատված պետական բոլոր սահմաններն ինչ-որ իմաստով ստատուս-քվոյի միջոցով հաստատված սահմաններ են, ինչ-որ ժամանակ հաստատված ռազմաքաղաքական հավասարակշռության արդյունք: Ինչպես պատմական փորձն է ցույց տալիս, նրանց անսասանության որևէ երաշխիք չկա: Ստեղծված հավասարակշռությունը որևէ հիմք չի տալիս հուսալու, որ նոր միջազգային քաղաքական իրադրություններում այն չի դառնա հին կոնֆլիկտի բորբոքման նոր մեկնակետ:
 
Մեր քննարկման թեման այստեղ ոչ թե հաստատված ստատուս-քվոն ուժի կիրառությամբ փոխելն է, այլ նրա վերանայումն է բանակցային սեղանի շուրջ՝ ուժի կամ նրա գործադրման սպառնալիքի բացառման պայմանով:
 
Ակնհայտ է, որ ստատուս-քվոյի այդպիսի վերանայումը ենթադրում է վերադարձ անցյալի ինչ-որ իրավիճակի, որի խախտված լինելը կողմերից մեկը համարում է իր համար անարդար ու անընդունելի: Ղարաբաղյան կոնֆլիկտը հենց այդպիսի կոնֆլիտ է ըստ ադրբեջանական կողմի, որն իրեն ներկայացնում է հայկական ագրեսիայի զոհ: Դատելով ԵԱՀԿ միջնորդների հռետորաբանությունից և կոնֆլիկտի հանգուցալուծման մասին ներկայացվող առաջարկություններից, որոնցում ենթադրվում է այսպես կոչված գրավյալ տարածքների վերադարձ, նրանք նույնպես խնդիրն այդպես են հասկանում: Ենթադրվում է վերադարձ անցյալի ինչ-որ իրավիճակի: Սա նշանակում է, որ ղարաբաղյան պատերազմի արդյունքում հաստատված ստատուս-քվոյի ցանկացած վերանայում, եթե այն կատարվում է բանակցությունների միջոցով, դարձ է դեպի խնդրի պատմությունը, որին, ինչպես տեսանք վերը, անխուսափելիորեն տանում է նաև փոխզիջումների մարտավարությունը: Ահա թե ինչու, հակառակ պատմությանը չդիմելու իրենց հորդորներին, որոնցով միջնորդները դիմում են կողմերին, հենց իրենք են իրենց առաջարկություններում ու խնդրի առնչությամբ արված հայտարարություններում ուղղակի կամ անուղղակի անդրադառնում հիմնախնդրի պատմությանը: Նույնը, ինչպես կտեսնենք, անում են կոնֆլիկտի կողմերը:
 
Շարունակությունը՝  սկզբնաղբյուրում
Ալեքսանդր Մանասյան
Փ.գ.դ., պրոֆ.
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն