Սերժ Սարգսյանը հանգուցալուծումը դեռ չի հասցրել ավարտի. lragir.am


Սերժ Սարգսյանը հանգուցալուծումը դեռ չի հասցրել ավարտի. lragir.am

  • 12-09-2017 18:17:37   | Հայաստան  |  Վերլուծություն

Մամուլում հրապարակվել է տեղեկություն, թե Հովիկ Աբրահամյանը փոշմանել է եւ չի մասնակցի, այսինքն թեկնածու չի առաջադրի Արտաշատի քաղաքապետի նոյեմբերին տեղի ունենալիք ընտրությանը:
 
Քաղաքապետի պաշտոնը թափուր մնաց այն բանից հետո, երբ Աբրահամյանի որդի Արգամը խնամի Ծառուկյանի նախընտրական դաշինքի ռեյտինգային ցուցակով դարձավ ԱԺ պատգամավոր: Հետո Արգամ Աբրահամյանը հայտարարեց, որ հայրը ազգակցական շրջանակում կայացրել է Արտաշատի քաղաքապետի պաշտոնի համար թեկնածու առաջադրելու որոշում, իսկ թե ում, դեռ չի հստակեցրել: Արգամ Աբրահամյանը նաեւ ֆեյսբուքյան լուսանկարներ հրապարակեց Արտաշատի բակերում ասֆալտապատումից, ասելով, թե չնայած քաղաքապետի պաշտոնը թողնելուն, միշտ լինելու են արտաշատցիների կողքին:
Դրան զուգահեռ, մամուլում սկսեցին հրապարակվել տեղեկություններ, որ Աբրահամյանը վաճառում է իր բիզնեսները, որպեսզի կապիտալը տեղափոխի արտերկիր: Աբրահամյանը օրերս պատասխանեց, որ դա ոչ թե կապիտալի արտահանում է, այլ ընդամենը օպտիմալացում, իսկ ինքն ամուր կպած է հողին եւ ջրին:
Հասկանալի է, որ նախկին վարչապետը կրկին ակնարկում էր նոր վարչապետի «օտարությունը», այլ «հողի ու ջրի» կպած լինելու հանգամանքը: Աբրահամյանն անցնող մեկ տարում այդպես էլ չունեցավ Կարեն Կարապետյանի դեմ որեւէ այլ փաստարկ, թեեւ իր հարցազրույցում փորձեց ներկայացնել նաեւ իրավիճակը այնպես, որ Կարապետյանի արձանագրած քիչ թե շատ դրական զարգացումների հիմքն էլ դրվել է իր վարչապետության ժամանակ:
Հովիկ Աբրահամյանը հրապարակավ չի հայտարարել, թե հրաժարվում է Արտաշատի քաղաքապետ ունենալու մտադրությունից կամ երբեք չի ունեցել այդպիսի մտադրություն: Աբրահամյանը գուցե որդեգրել է Սերժ Սարգսյանի ոճը՝ պլանները հնարավորինս երկար պահել գաղտնի, որպեսզի հնարավորինս քիչ լինի դրանց խոչընդոտելու հնարավորությունը, հատկապես եթե շատ կլինեն խոչընդոտել ցանկացողները;
Մյուս կողմից, սակայն, ավելի հավանական է այն, որ Հովիկ Աբրահամյանն ինքն էլ չգիտե՝ առաջադրելու է թեկնածու, թե ոչ: Դա ոչ թե իր պլանն է, այլ Սերժ Սարգսյանի պլաններից մեկի մաս: Ընդ որում, այստեղ խնդիրը միայն Աբրահամյանը չէ: Այդ երեւույթը հատուկ է Հայաստանի ամբողջ իշխանական համակարգին: Դրանով հանդերձ, խոսքն իհարկե վարչահրամայական մեթոդի մասին չէ, երբ Սարգսյանը կանչում է եւ հրամայում՝ առաջադրվել, կամ ոչ:
Պարզապես ստեղծվում են իրավիճակներ, երբ ասենք այլընտրանք չի մնում առաջադրվելուն, կամ խորհրդարանի ընտրությանը մասնակցելուն, կամ Երեւանի ընտրությանը չմասնակցելուն, եւ այդպես շարունակ: Պարզապես, Սերժ Սարգսյանը հիանալի տիրապետում է Հայաստանի ներիշխանական համակարգային խաղատախտակի ֆիգուրներին եւ լավ պատկերացնում, թե այս կամ այն ֆիգուրի այս կամ այն շարժի համար որ տեղին պետք է դիպչել՝ համապատասխան արձագանք տեսնելու համար:
Եվ այդ իմաստով Հովիկ Աբրահամյանն ինքն էլ անշուշտ լավ գիտե, որ ինքը չգիտե՝ կմասնակցի՞ Արտաշատի քաղաքապետի ընտրությանը, թե ոչ:
Եթե Աբրահամյանն ունակ լիներ ինքնուրույն որոշումների եւ քաղաքականության, ներկայում կանգնած կլիներ ոչ թե արտաշատյան դիլեմայի առաջ, այլ հանգուցալուծած կլիներ անգամ 2018-ի դիլեման:
Առայժմ նա Սերժ Սարգսյանի հանգուցալուծման մաս է, իսկ Սարգսյանը հանգուցալուծումը դեռ չի հասցրել որեւէ տրամաբանական ավարտի:
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն