«Մեր հաղթանակների տերն ու շարունակողն ենք».«Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին ընդառաջ» նախաձեռնության նամակը՝ Տարոն Մարգարյանին


«Մեր հաղթանակների տերն ու շարունակողն ենք».«Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին ընդառաջ» նախաձեռնության նամակը՝ Տարոն Մարգարյանին

  • 13-09-2017 12:14:54   | Հայաստան  |  Հասարակություն

«Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին ընդառաջ»
նախաձեռնությունից հետևյալ բովանդակությամբ նամակ է ուղարկվել Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանին:
 
 
Հարգելի պարոն Մարգարյան,
 
2018 թվականի մայիսի 28-ին լրանում է Հայոց Պետության վերականգնման և Մայիսյան հերոսամարտերի՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսիայի ճակատամարտերի 100-ամյակը։ 
Սույն թվականի մայիսի 22-ին. մեր նախաձեռնությունը ՀՀ վարչապետին ուղղված նամակում հանդես եկավ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված առաջարկների ցանկով /այս նամակին կից ներկայացնում ենք ՀՀ Վարչապետին ուղղված նամակը (հավելված 1)/: Մեր նպատակն է 2018 թվականը հայտարարել Հաղթանակի տարի՝ միջոցառումների համար ընտրելով «Մեր հաղթանակների տերն ու շարունակողն ենք» ընդհանրական կարգախոսը։ Միջոցառումներն առաջարկել ենք բաժանել 1. Մարզամշակութային, 2. Գիտակրթական, 3. Հանրային-Հասարակական ոլորտների: 
Այս տարվա մայիսի 28-ին մեր նախաձեռնության կողմից Մալաթիա-Սեբաստիա համայնքում անց կացվեց ազգային երգի, պարի և խաղերի ուսուցմամբ հագեցած միջոցառում Մայիսյան հերոսամարտերի նվիրված շեշտադրմամբ։ Մշակել ենք միջոցառումների լոգոտիպ և այն օգտագործել շապիկների, կրծքանշանների և հուշանվերների պատրաստման մեջ։ Խումբն արդեն իսկ իրականացնում է տեղեկատվական բնույթի աշխատանքներ սոցիալական ցանցերում՝ ստեղծվել է համանուն անունով ֆեյսբուքյան էջ:
Ձեզ ենք դիմում այն նկատառումով, որ մեր առաջարկած միջոցառումներից շատերը, առավել կոնկրետ՝ հավելված 1-ինում նշված մարզամշակութային միջոցառումների մի շարքը կարող է իրականացվել Ձեր նախաձեռնությամբ կամ աջակցությամբ: Դրանք են՝
 
1. Քաղաքում հիմնել մեր կարևոր հերոսամարտերը հավերժացնող պուրակներ։ Պուրակները կարող են նվիրված լինել մեր ռազմաքաղաքական գործիչներին, որտեղ էլ կարելի է տեղադրել նրանց նվիրված քանդակներ և հուշարձաններ:
 
2. Կարևոր ենք համարում, նաև, անդրադառնալ Արամի փողոցի վրա գտնվող Հայաստանի Առաջին Հանրապետության հիմադիր-ղեկավար Արամ Մանուկյանի տանը։ Հաշվի առնելով, որ Առաջին կառավարության շենքը ներկայումս ծառայում է այլ նպատակներով, գտնում ենք, որ կարիք կա վերականգնել Արամ Մանուկյանի տունը՝ դրան տալով գիտամշակութային տուն-թանգարանի կարգավիճակ, որպես Հայկական պետականության վերականգնման խոհրդանիշ: Թանգարանը, տուրիստական հետաքրքրություն ունենալուց զատ, պետք է ծառայի որպես յուրահատուկ գիտակրթական և մշակութային կենտրոն, որտեղ ցանկացողները կարող են զբաղվել առաջին հանրապետության ստեղծմանը և մասնավորապես 1918-1920 թթ. վերաբերվող պատմության, արխիվային փաստաթղթերի և գրականության ուսումնասիրություններով և գիտավերլուծական աշխատանքներով։ Ըստ էության, այդ ժամանակահատվածն է հանդիսանում մեր պետության կերտման մտավորական, քաղաքական, ռազմական մտքի դարբնոցը, և, վստահ ենք, որ այժմ ավելի քան կարիք ունենք վերագնահատելու, վերաարժևորելու և վերաիմաստավորելու այդ բարդ ժամանակաշրջանի բազմաթիվ իրողություններ։ 
 
3. Մայիսյան հերոսամարտերին մասնակից հայտնի հերոսների անուններով փողոցների և/կամ այլ օբյեկտներ անվանակոչումների շարք սկսել Երևանում և Համայնքներում: Մասնավորապես առաջարկում ենք՝ Առաջարկում ենք Գուրգեն Տեր-Մովսիսյանի անվամբ անվանակոչել Երևանի Կենտրոն համայնքի Տիգրան Մեծ փողոցից մինչև Արմենակ Արմենակյան-Սարալանջ խաչմերուկ ձգվող 12-րդ փողոցը: 
Քաղաքապետարանի ներգրավվածությունը միջոցառումները կդարձնի առավել ընդգրկուն ու հնարավորություն կտա շատ ավելի մասշտաբային կերպով նշել հայության համար այս չափազանց կարևոր տարելիցը: Խնդրում ենք ուշադրություն դարձնել առաջարկվող միջոցառումների ցանկի վրա, և հնարավորության դեպքում ընգրկել դրանք նախարարության կողմից կազմակերպվող միջոցառումների ցանկում: Մեր նախաձեռնությունը պատրաստակամ է աջակցել Ձեզ այդ աշխատանքներում: 
 
«Մեր հաղթանակների տերն ու շարունակողն ենք»
 
Հարգանքներով՝
«Մայիսյան հերոսամարտերի հարյուրամյակին ընդառաջ» նախաձեռնության անդամներ
 
Տիգրան Մարտիրոսյան
Մերի Սերոբյան
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն