ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության պատվիրակությունն այցելել է Սփյուռքի նախարարություն


ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության պատվիրակությունն այցելել է Սփյուռքի նախարարություն

  • 13-09-2017 15:17:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության պատվիրակությանը՝ ատենապետուհի Քարոլին Շմավոնյանի գլխավորությամբ : ՀՕՄ պատվիրակության կազմում էին փոխատենապետուհի Նայիրի Տերտերյանը, քարտուղարուհի Ռիթա Հինթլյանը, գանձապահ Սիլվա Գույումճյանը, ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության անդամներ Լիզա Ավագյանը, Նելլի Վեքիլյանը, Աննա Տեր Հակոբյանը, Վարսենիկ Սարգիսյանը, Սոնյա Աքելյանը, Ալեսյա Բեջանյանը Օժիկ Գրիգորյանը, Նելլի Նարգիզյանը:
 
Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհավորեց կառույցի անդամներին՝ ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչության 25-ամյակի և սեպտեմբերի 6-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ՀՕՄ-ի «Սոսե» մանկապարտեզի հանդիսավոր բացման առթիվ: Հրանուշ Հակոբյանը կարևորեց Սփյուռքում ՀՕՄ-ի հայանպաստ գործունեությունը, առողջապահական, կրթական, սոցիալական ծրագրերի իրականացումը, պատշաճ ուշադրությունը լեզվի և ինքնության պահպանության հարցերին: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ հավաքվել եք Կենտրոնական վարչության ամբողջ կազմով: Մենք հպարտանում ենք ՀՕՄ-ով, որովհետև մեկ դարից ավելի է՝ այսքան ազգանվեր աշխատանքներ եք կատարել: Դուք ձեր գործունեությամբ ապացուցել եք, որ հայ կինը նվիրյալ է, նախաձեռնող, գործունյա: Աշխարհի բոլոր կետերում ՀՕՄ-ուհիների արածը միշտ էլ արդյունավետ է եղե;: Շատ կարևոր են հայոց լեզվի պահպանության հարցերին ուղղված գործունեությունը, հատկապես երիտասարդների շրջանում: Ինքնության պահպանման, երիտասարդներին հայ պահելու համար մեծ նշանակություն ունեն նրանց Հայաստան այցելությունները»:
 
Նախարարը ներկայացրեց Սահմանապահ գյուղերին աջակցության» ծրագիրը և առաջարկեց 43 գյուղերից ընտրել մեկն ու այն դարձնել «ՀՕՄ-ի գյուղ», շենացնել այն, մանկապարտեզ, դպրոց վերանորոգել, սոցիալական ծրագրեր իրականացնել:
 
Քննարկվեցին Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին կառույցի մասնակցությանը, ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՕՄ-ի միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր:
 
ՀՕՄ Կենտրոնական վարչության անդամները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի համար: Նրանք նախարարին ներկայացրին իրականացրած աշխատանքները, պատրաստակամություն հայտնեցին մասնակցել «Սահմանապահ գյուղերի աջակցություն» շարժմանը, ակտիվացնել մասնակցությունը նախարարության ծրագրերին: 
 
ՀՕՄ-ը Հայաստանում գրանցվել է 1991 թվականին և շուրջ 600 անդամուհիներով գործում է Հայաստանի Հանրապետության 48 համայնքում:
 
ՀՕՄ-ի առաքելությունն է՝ նպաստել Հայաստանի Հանրապետությունում իրավական, ժողովրդավարական պետության ձևավորմանը և քաղաքացիական հասարակության կերտման գործընթացին, օժանդակել հայ ժողովրդի սոցիալական, կրթական, առողջապահական և բարեսիրական ծրագրերի իրականացմանը:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play