Համայնքային ծառայության համակարգը վերանայման փուլում է


Համայնքային ծառայության համակարգը վերանայման փուլում է

  • 13-09-2017 19:06:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Տալլինի զարգացման և վերապատրաստման կենտրոնի գործադիր խորհրդի նախագահ Տոոմաս Ստեպի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին նաև  Արևելյան գործընկերության Էստոնական կենտրոնի տնօրենի տեղակալ  Տիինա Իլսենը և Տալլինի զարգացման և վերապատրաստման կենտրոնի խորհրդի անդամ Կալլե Ստեպը։
 
Նախարար Դավիթ Լոքյանի անունից ողջունելով էստոնացի հյուրերին` Վ.  Տերտերյանն ասել է, որ երկար տարիներ  համագործակցություն է ծավալվել Էստոնիայի հետ  տարբեր ծրագրերի շրջանակներում: <<10 տարի մենք ունենք համայնքային ծառայության համակարգ և երբ այն  դեռ նոր էր ձևավորվում,  ուշադիր ուսումնասիրում էինք ձեր փորձը: Հիմա մենք համայնքային ծառայության համակարգի կատարելագործման փուլում ենք: Մենք ամեն օր շփվում ենք համայքների հետ և մեզ համար մի շարք խնդիրներ ենք վերհանել` կապված մրցույթների անցկացման, վերապատրաստման, նաև նոր մարտահրավերներին պատրաստ լինելու պահանջների հետ>>,-ասել է Վ. Տերտերյանը,  ընդգծել,  որ իր նպատակն է համայնքային ծառայության համակարգում  տեսնել բարձրակարգ մասնագետների:  Նա վստահություն է հայտնել, որ էստոնական պատվիրակության հետ ՏԿԶՆ վարչական վերահսկողության և համայնքային ծառայության վարչության պետ Արա Ռոստոմյանի և վարչության աշխատակիցների  համագործակցությունը կարևոր կլինի նաև փորձի փոխանակման առումով:
 
Արա  Ռոստոմյանն իր հերթին ողջունելով հյուրերին` տեղեկացրել է, որ համայնքային ծառայության մասին գործող օրենսդրությամբ Հայաստանում միայն  կենտրոնացված վերապատրաստում է տեղի ունենում, համայնքային ծառայողները պարտադիր 3 տարին մեկ  վերապատրաստվում են: <<Տեղեկացված եմ, որ Էստոնիայում համայնքային ծառայողի  կարիքները գնահատվում են համայնքներում և համայնքներից են գալիս առաջարկները: Մենք  նախատեսում ենք մեզ մոտ  վերապատրաստումը դարձնել ըստ պահանջի>>,-ասել է Ա. Ռոստոմյանը: 
 
Էստոնական պատվիրակության ղեկավար Տոոմաս Ստեպը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ասել, որ շատ արդյունավետ համագործակցության մեծ ակնկալիքներ ունեն:  Հանդիպման ժամանակ Տ. Ստեպը ներկայացրել է համայնքային ծառայության զարգացման վերաբերյալ ծավալուն տեղեկատվություն, տեղի է ունեցել մտքերի փոխանակում: 
 
Այցի շրջանակներում, սեպտեմբերի 14-ին նախատեսվում է այց  Դիլիջան խոշորացված համայնք, որտեղ պատվիրակությունը կծանոթանան ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների գործընթացին, կքննարկվեն համայնքային ծառայությանը վերաբերող հարցեր:  
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play