Հայկական օրեր Ռումինիայի Գեորգեն քաղաքում


Հայկական օրեր Ռումինիայի Գեորգեն քաղաքում

  • 13-09-2017 19:19:29   | Ռումինիա  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 8-ից 10-ը Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում անցկացվեց Գեորգենի հայկական արվեստի 7-րդ փառատոնը: Փառատոնի պատվավոր հյուրերի թվում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը և Գեորգենի հետ եղբայրացած Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը:
 
Փառատոնի եռօրյա ծրագրի մեջ ընդգրկված էին տեղի հայկական ժողովրդական ստեղծագործություններ, Գեորգենի Հայ կաթոլիկ եկեղեցու երգչախմբի և Գեռլա/Արմենոպոլիսի «Հայաքաղաք» պարախմբի կատարմամբ հայկական հոգևոր երգեր և ժողովրդական պարեր, ուղևորություն դեպի Գեորգենի մերձակա Չոբոտ լեռան Հայկական մատուռ, ինչպես նաև Բուդապեշտի «Ուրարտու» թատերախմբի կատարմամբ «Ազնավուր» և «Մուսա Լեռ» մյուզիքլները:
 
Այս տարի Գեորգենի Հայկական Արվեստի փառատոնը մասն էր կազմում Հարգիտայի Փոքրամասնությունների գեղարվեստական փառատոնի, որտեղ ներկայացված էին հունգարական, հայկական, հրեական, գերմանական, գնչուական և հունական ազգային փոքրամասնությունների պարեր և երգեր:
 
Փառատոնի այս տարվա թողարկումը նվիրված էր Գեորգենում հայերի հաստատման 380-ամյակին: Ի հիշատակ այդ պատմական տարեթվի՝ սեպտեմբերի 8-ին Հայ կաթոլիկ եկեղեցուն հարակից տարածքում տեղադրվեց Հայկական խաչքար, որի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին հայկական պատվիրակությունը, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ և հյուրեր Հունգարիայի հայոց համայնքից: Նույն օրը հանդիսավոր պայմաններում բացվեց Գեորգենի Հայ համայնքի տունը: Այս միջոցառումներին ողջույնի խոսքերով ելույթներ ունեցան մարզպետ Նալբանդյանը և դեսպան Գասպարյանը:
 
Հանդիսավոր մեկ այլ արարողություն տեղի ունեցավ սեպտեմբերի 10-ին, երբ Գեորգենում բացվեց և Տրանսիլվանիայի հայ կաթոլիկ համայնքի առաքելական կառավարիչ արքեպս. Գիորգի Յակուբինիի ձեռամբ օծվեց Մխիթարյան միաբանության աբբահայր Ստեփանոս Ակոնց-Կյովերին (1740-1824թթ.) նվիրված հուշատախտակը: Աբբահայր Ստեփանոս Ակոնցի և Մխիթարյան միաբանության մասին ելույթներ ունեցան Թըրգու Մուրեշի հունգարահայոց միության նախագահ դոկտ. Աթիլա Պուշկաշը, դեսպան Համլետ Գասպարյանը, Գեորգենի քաղաքապետ Զոլտան Նագին: 
Հայկական պատվիրակության այցի օրերին համագործակցության հուշագիր ստորագրվեց ՀՀ Լոռու մարզիև Հարգիտա նահանգի միջև:
 
Հայկական պատվիրակությունը սեպտեմբերի 8-10-ը նահանգի վարչական կենտրոն Միերկուրեա-Չուկում, Օդորհեյու-Սեկույեսկ քաղաքում և Գեորգենում հանդիպումներ ունեցավ նաև Հարգիտայի գործարար շրջանակների հետ, որին մասնակցում էին հիսունից ավելի տեղական ընկերությունների և ձեռնարկությունների ներկայացուցիչներ: Պատվիրակությունը շրջայց կատարեց նաև նահանգի արտադրական ձեռնարկություններ, կրթական հաստատություններ և տուրիստական վայրեր:
 
Տեղական հեռուստատեսությունը և մամուլը լայնորեն անդրադարձան հայկական պատվիրակության այցինևմշակութային իրադարձություններին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play