Լյուքսեմբուրգի հայկական շունչը


Լյուքսեմբուրգի հայկական շունչը

  • 14-09-2017 14:12:04   | Լյուքսեմբուրգ  |  Մշակույթ

 
Իսպանացիները մի հետաքրքիր խոսք ունեն մեր մասին. ըստ նրանց՝ «հայերն ու բասկերը ծնվում են այնտեղ, որտեղ ցանկանում են»: Այս միտքն էր ինձ ուղեկցում, երբ ճանապարհորդում էի եվրոպական մի փոքրիկ երկիր, որի հայ համայնքի կողմից հրավեր էի ստացել՝ այնտեղ գիրքս ներկայացնելու համար:
 
Լյուքսեմբուրգ... Ընդամենը 2586 կմ2 տարածք և 500.000 բնակչություն ունեցող այս դքսությունում, սակավաթիվ ազգերի կողքին, նաև հայեր են ապրում: Մոտ 100-ի հասնող և արդեն լիովին հաստատված հայ ազգաբնակչության գերնպատակներից է հայկական օրինական միության և դպրոցի ստեղծումը, որն էլ հենց հայապահպանության գրավականը կլինի հետագայում:
 
Այս փոքրիկ, բայց անասելի գեղեցիկ եվրոպական անկյունում արդեն իսկ ծնվող ու մեծացող հայ երեխաների ուծացման դեմ պայքարն ու հայ իքնության պահպանումն իրենց վրա են ստանձնել հենց նրանց ծնողները, ովքեր ջանք չեն խնայում, գոնե առայժմ, տանը հայերենի գործածման ու հայեցի դաստիարակության համար: Ըստ նրանց, հասունացել է հայկական մեկօրյա կրթօջախի բացման ժամանակը:
 
Այս ընդհանուր գաղափարի շուրջ միավորված հայրենակիցներիս ծանոթացա Լյուքսեմբուրգում հաստատված ընկերոջս՝ գործարար Ռոման Հարությունյանի միջոցով, ով մի գեղեցիկ ու ջերմ ընդունելություն էր կազմակերպել: Իսկ ահա հայապահպանության դժվարին, բայց և հաճելի գործն իր վրա է ստանձնել Վահե Առաքելյանը:
 
Հայապահպանության գաղափարով են տոգորված նաև համայնքի մյուս անդամները՝ Արմենը, Գարիկը, Ալիկը, Սիրանուշը, Ռուբենը, Էլեոնորան, Արտյոմը, Իրինան, Գաբրիելան և այլոք: Այս մտերմիկ մթնոլորտում անցավ գրքիս շնորհանդեսը, որը Լյուքսեմբուրգի նորաստեղծ հայ համայնքի անդրանիկ միջոցառումներից մեկն էր և որի ընթացքում քննարկվեցին նաև միջհամայնքային և Հայրենիք-Սփյուռք գործակցությունները: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումներ եղան նաև այս երկրում: Հիշատակության է արժանի նաև դքսության կողմից Հայոց ցեղասպանությաբ պաշտոնական ճանաչման փաստը:
 
Եվ ուրմեն, բարի երթ մաղթենք Լյուքսեմբուրգի հայ համայնքին և այդ ճանապարհին՝ բազում ու բազմաբովանդակ ազգանվեր միջոցառումներ, մի ցրտաշունչ երկրի, որտեղ արդեն զգացվում է հայկական ջերմ ու հյուրընկալ շունչը:
 
Արարատ Ղուկասյան
Վալենսիա (Իսպանիա)
Նոյյան տապան  -   Մշակույթ