Հայաստան – Սփյուռք 6-րդ համաժողովի միջոցառումների ժամանակացույցը
14-09-2017 18:22:16 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 18-20-ին Երևանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Հայաստան – Սփյուռք 6-րդ համաժողովը, որի շրջանակներում երկրորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին ՀՀ կառավարության հետ համատեղ կազմակերպվելու են Հայկական Առևտրային Ցանցի (ՀԱՑ) բիզնես ֆորումը և տարեկան ժողովը: Մասնակցելու են Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ պաշտոնատար այրեր, մասնավոր սեկտորի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ֆորումի առաջին նիստին (Սեպտեմբերի 20-ին ժամը 11:45-13:45) քննարկման թեման լինելու է «Սփյուռքի գործարարության պրոֆեսիոնալ ցանցերի ներուժը», որը կմեկնարկի Ռումինիայի ֆինանսների նախկին նախարար և ներկայիս սենատոր Վարուժան Ոսկանյանի «Միջազգային ցանցերի նշանակալի դերակատարությունը» ելույթով:
Երկրորդ նիստը (ժամը 15:15-17:15ին) կանդրադառնա Հայաստան-Սփյուռք տնտեսական համագործակցության խթանման խնդիրներին՝ տեղական ներդրումային միջավայրի, սիրիահայ գործարարների փորձի, Արցախի տնտեսության և ՏՏ ոլորտին առնչվող հարցերին:
Նույն օրը՝ սեպտեմբերի 20-ին ժամը 18:00-20:00-ին Երևանի Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում գտնվող «ՍԱԼՈՆ» ռեստորանում տեղի կունենա Հայ Առևտրային Ցանցի երրորդ մրցանակաբաշխության արարողությունը: «Տարվա բիզնես անհատականություն-2017» մրցանակը տրվելու է «Վիվասել ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, «Համաշխարհային գլոբալ նվաճում» մրցանակը շնորհվելու է Շարժայի բանկի գործադիր տնօրեն Վարուժան Ներգիզյանին, «Հայաստանի բիզնես գերազանցություն» մրցանակը կստանա «Ապավեն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանը, իսկ «Հայաստանի ներդրող» նրցանակը՝ «Վիասֆեր տեխնոպարկ» ՓԲԸ-ի հիմնադիր Թոնի Մորոյանը:
ՀԱՑ-ը հիմնադրվել է 2011 թ. ապրիլին Երևանում կայացած անդրանիկ նիստի ժամանակ: Այն նպատակ ունի աջակցել համաշխարհային հայ գործարար համայնքի կապերի հաստատմանը և ամրապնդմանը՝ ստեղծելով նոր հարթակ ամբողջ աշխարհումմ գործող հայկական առևտրային գործարար կազմակերպությունների, երկկողմ պալատների համար գիտելիքների և փորձի փոխանակման նպատակով: ՀԱՑ-ի կազմում կան 14 բիզնես կազմակերպություն Հայաստանից և Սփյուռքից: ՀԱՑ-ի միջոցառումները կազմակերպվում են երկու տարին մեկ անգամ:
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայություն (Ղեկավար՝ Վրեժ Սարուխանյան, հեռ. 091-42-30-21):