Առաջարկություններ կներկայացվեն խաղողի մթերման ոլորտում առկա որոշ խնդիրների վերացման վերաբերյալ


Առաջարկություններ կներկայացվեն խաղողի մթերման ոլորտում առկա որոշ խնդիրների վերացման վերաբերյալ

  • 14-09-2017 18:32:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կարեն Կարապետյանի երկրորդ հանձնարարականը խաղողի մթերման  ոլորտում առկա որոշ խնդիրների վերաբերյալ էր: «Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են որոշ խնդիրներ՝ մթերված խաղողի ծավալների և գինենյութերի ծավալների միջև, ինչը որոշակի ռիսկեր է պարունակում»,-նշել է վարչապետը և խաղողի մթերման գործընթացի արդյունավետության բարձրացման, գինենյութերի որակի հսկողության և ոլորտում առկա ռիսկերի վերացման նպատակով հանձնարարել է գյուղատնտեսության նախարարին՝ խաղողի մթերումների ընթացքում ստացված տեղեկատվության հիման վրա պարբերաբար, շաբաթական կտրվածքով ամփոփել խաղողի մթերումների արդյունքները՝ ըստ մթերող ձեռնարկությունների։
 
Գործադիրի ղեկավարը հանձնարարել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին 1-ին կետով սահմանված տեղեկատվության հիման վրա համապատասխան ձեռնարկություններում իրականացնել մոնիթորինգ՝ առկա գինենյութերի ծավալները մթերված խաղողի ծավալների հետ համադրելու նպատակով և արդյունքների հիման վրա ներկայացնել առաջարկություններ կառավարության աշխատակազմ: «Մենք ունենք կոնյակի և գինու վաճառքի աճի որոշակի տենդենց: Գյուղնախարարը և Հայաստանի զարգացման հիմնադրամը ինտենսիվ աշխատում են շուկան ընդլայնելու ուղղությամբ: Մենք իրականում պետք է ուշադրություն դարձնենք այս արտադրանքի, հայկական բրենդի որակի հսկողության վրա»,-ասել է վարչապետը:  
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն