ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի սաները ճանաչողական շրջայցով եղել են Ազգային ժողովում


ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի սաները ճանաչողական շրջայցով եղել են Ազգային ժողովում

  • 15-09-2017 14:03:54   | Հայաստան  |  Հասարակություն

 
2017 թվականի սեպտեմբերի 14-ին, ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ճանաչողական շրջայցով խորհրդարան էին հյուրընկալվել ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի երեխաները: 
 
ԱԺ տեղեկատվական վարչության պետ Մարուսյա Ասատրյանը, ողջունելով ճանաչողական այցով խորհրդարանում գտնվող երեխաներին, ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը և կազմը, պատգամավորների ընտրության կարգը, ԱԺ մշտական հանձնաժողովների գործունեությունն ու օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ընթացակարգը: 
 
ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի երեխաները  իրենց հուզող հետաքրքրական հարցերն ուղղեցին ԱԺ Տեղեկատվական և վերլուծական վարչության պետ՝ տիկին Ասատրյանին, ստանալով սպառիչ ու բովանդակալից պատասխաններ: Երեխաները հնարավորություն ունեցան հետևել նաև Ազգային ժողովի նիստին:
 
Խորհրդարան այցի նպատակն էր ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի երեխաներին կրթել որպես իրազեկ քաղաքացիների՝ ծանոթացնելով Հայաստանի օրենսդիր մարմնի կառուցվածքին, գործունեությանը, Սահմանադրությամբ վերապահված լիազորություններին:
 
Տիկին Ասատրյանի գնահատմամբ` անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր քաղաքացի, դեռ մանկուց իմանա, թե ինչ խնդիրներով են զբաղվում օրենսդիր, գործադիր և  դատական մարմինները:
 
ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնը հիմնադրվել է 1999 թվականին: Կենտրոնը օգնության ձեռք է մեկնում այն երեխաներին ու ընտանիքներին, ովքեր կյանքի տարբեր հանգամանքներով պայմանավորված անապաստան են մնացել, հայտնվել սոցիալ-հոգեբանական տարբեր դժվարին  խնդիրների՝ զրկանքների, բռնությունների, սոցիալական տարաբնույթ բարդ իրավիճակների առջև:  
Նոյյան տապան  -   Հասարակություն