«Բաքուն շարունակում է հակադրվել միջազգային հանրության և Հայաստանի ջանքերին». Էդուարդ Նալբանդյան


«Բաքուն շարունակում է հակադրվել միջազգային հանրության և Հայաստանի ջանքերին». Էդուարդ Նալբանդյան

  • 18-09-2017 16:45:57   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը սեպտեմբերի 18-ին  Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում  անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնախնդրին, կարևորեց Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչումը:
 
«Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ընդունում է եռանախագահների առաջարկները որպես բանակցային հիմք, իսկ Ադրբեջանը դրանք մերժել է: Պարզ է, որ չի կարող հանգուցալուծում լինել, մինչև Ադրբեջանը չընդունի միջազգային սկզբունքները»,-ասաց նա:
 
Նախարարը նկատեց, որ փոխարենը Բաքուն նախընտրում է մտացածին սցենարներ հորինել և համանախագահներին երևակայական առաջարկություններ վերագրել:
 
«Այս մտավարժանքներն իրականության հետ կապ չունեն: Ինչպես ասում են՝ ստի ոտքը կարճ է: Ամեն անգամ, երբ եռանախագահները հայտարարություններ են անում, ջրի երես է ելնում, թե որքան իրականությունից հեռու են ադրբեջանական կեղծիքները և որքան համահունչ է Հայաստանի դիրքորոշումը միջազգային հանրության դիրքորոշմանը»,-ասաց նա:
 
Ըստ նրա՝ Ադրբեջանը փորձում է խաթարել բանակցային գործընթացը: «Բաքուն շարունակում է հակադրվել միջազգային հանրության և Հայաստանի ջանքերին, չի հարգում պայմանավորվածությունները»,-ավելացրեց Էդուարդ Նալբանդյանը:
 
«Ադրբեջանն անտեսում է եռանախագահների կոչերը, ինչը հարված է հասցնում բանակցային գործընթացին, խորացնում է անվստահությունը: Հայաստանը և Արցախը խնդրի խաղաղ կարգավորման ջատագովն են, բանակցային ճանապարհին այլընտրանք չկա, և այս կարծիքին են համանախագահ երկրները»,-ասաց նա միեւնույն ժամանակ ավելացնելով, որ դա է պատճառը, որ բանակցություններից, հանդիպումներից Հայաստանը չի հրաժարվում:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play