Սեպտեմբերի 16-ը Ոսկրածուծի դոնորի միջազգային օրն է


Սեպտեմբերի 16-ը Ոսկրածուծի դոնորի միջազգային օրն է

  • 19-09-2017 11:59:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 Ոսկրածուծի դոնորի միջազգային օրը այս անգամ ևս խորհրդանշվեց գեղեցիկ միջոցառմամբ։ Սեպտեմբերի 16-ին, Թեհրանի «Արարատ» մարզավանում անցկացվող հերթական Համահայկական Խաղերի ընթացքում, «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» (ՈԴՀՌ) բարեգործական հիմնադրամի Իրանահայ գրասենյակի ներկայացուցիչները իրականացրեցին մեծ դոնորահավաք «Շնորհակալություն Դոնոր» խորագրով։ Միջոցառման ժամանակ ռեեստրին կամավորագրվեցին տասնյակ մասնակիցներ, որոնք ամրագրեցին իրենց պատրաստակամությունը համընկման դեպքում  դոնոր դառնալ և՛ հայ, և՛ ոչ հայ հիվանդին։ 
 
    Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական Համալսարանի ուսանողները և դասախոսական կազմը ՈԴՀՌ- ի անձնակազմի հետ, արդեն որպես բարի ավանդույթ, սեպտեմբերի 25-ին միասին կտոնեն այդ նշանակալից օրը և ցանկացողները հնարավորություն կունենան գրանցվել որպես դոնոր: 
 
   Միջոցառումը նպատակ ունի մեծացնելու ոսկրածուծի դոնորների մասին հանրային իրազեկումը և ձևավորելու նվիրաբերելու ու կարեկցելու մշակույթ: Կազմակերպիչների համագործակցությունը կոչ է՝ միանալու ոսկրածուծի/ ցողունային բջիջների փոխպատվաստման համաշխարհային միջոցառումներին: 
 
Աշխարհում գրանցված է ոսկրածուծի ավելի քան 28 միլիոն դոնոր, որից ավելի քան 29,000-ը՝ Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրում։
 
* * * Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամը ստեղծվել և հիմնադրվել է Հայաստանում 1999թ. հունիսին, ի պատասխան լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող երեխաների կյանքի փրկության և բուժման համար ստեղծված խիստ անհրաժեշտության: Հիմնադրամի հիմնական նպատակն է ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի լաբորատորիայի միջոցով հայ հիվանդների համար գտնել ոսկրածուծի համապատասխան դոնոր և ապահովել փոխպատվաստման առավել արդյունավետություն լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող հիվանդների համար: Ռեեստրը անդամագրված է Ոսկրածուծի դոնորների միջազգային կազմակերպությանը (BMDW), նաև հանդիսանում է Ոսկրածուծի դոնորների համաշխարհային ասոցիացիայի (WMDA) լիիրավ անդամ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն