Թուրքիայում 90-ականներին ենք սկսել ասել, որ հայ ենք և արդեն 2008թ.-ից հպարտ ասում ենք՝ իմ մեծ մայրը կամ հայրը հայ է. Կարո Փայլան
19-09-2017 15:50:34 | Հայաստան | Քաղաքական
«Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը ՝ «ՀՀ դիվանագիտության ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ» քննարկման ժամանակ պատասխանեց մասնակիցների հարցերին:
Անդրադառնալով մահմեդական հայերի խնդիրներին, Կարո Փայլանն ասաց, որ Թուրքիայում հարյուր հազարավոր մահմեդական հայեր կա, հայերեն խոսող մահմեդականներ էլ կան, բայց նկատեց նաև, որ արդեն 4 սերունդ անցել է:
Նա նշեց, որ 90 տարի ամեն ինչ անձայն է եղել, իսկ 90-ական թվականներին նրանք կամաց-կամաց սկսել են ասել, որ հայ են, և արդեն 2008 թվականից հպարտ ասում են՝ իմ մեծ մայրը կամ հայրը հայ է:
«Անձայն մնալը հանգիստ մնալ չէ, եթե կասենք, որ հայ ենք, հանգստ չենք կարող մնալ ազգայնական այս պայմանների մեջ: Բայց եթե անձայն մնաս, ազգայնականները ավելի վրա կտան»,-ասաց նա: