Իրանը ձգտում է կյանքի կոչել միջազգային տրանսպորտային մի շարք նախագծեր և դառնալ խոշոր տրանսպորտային-լոգիստիկ հանգույց.Իրանագետ


Իրանը ձգտում է կյանքի կոչել միջազգային տրանսպորտային մի շարք նախագծեր և դառնալ խոշոր տրանսպորտային-լոգիստիկ հանգույց.Իրանագետ

  • 19-09-2017 18:31:11   | Հայաստան  |  Վերլուծություն

 
ՆԱԽԱԲԱՆ
 
2015թ. Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները չեղարկելուց հետո այդ երկիրը սկսել է ավելի մեծ թափով զարգացնել իր երկաթուղային տրանսպորտը: Ընդ որում, Իրանը ձգտում է կառուցել և արդիականացնել ոչ միայն իր ներքին երկաթուղային ցանցը, այլև մի շարք երկրների հետ համատեղ կառուցել երկաթուղիներ և միացնել իր երկաթուղային ցանցն այլ երկրների երկաթուղիների հետ: Պատճառն այն է, որ իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Իրանը փորձում է դառնալ խոշոր տրանսպորտային-լոգիստիկ մի հանգույց, որտեղով կարող են անցնել Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Աֆղանստանը, Կենտրոնական Ասիան Եվրոպային, Ռուսաստանին և Միջին Արևելքին կապող տրանսպորտային ուղիները: Ըստ այդմ, Իրանը ձգտում է կյանքի կոչել միջազգային տրանսպորտային մի շարք նախագծեր, ինչպիսին Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք, Հարավ-Արևմուտք տրանսպորտային միջանցքներն են, որտեղ նա պետք է հանդես գա որպես տարանցիկ երկիր: 
 
 
ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԻՐԱՆՈՒՄ
 
Իրանն ունի բավականին զարգացած և ճյուղավորված երկաթուղային ցանց: Ներկայումս երկաթուղային ցանցի երկարությունն այդ երկրում մոտ 10.170 կմ է: Վերջին տարիներին Իրանում մեծ ուշադրություն է դարձվում երկաթուղային տրանսպորտի զարգացմանը: Այդ երկրի նկատմամբ միջազգային պատժամիջոցները չեղարկելուց հետո Իրանի կառավարությունը սկսել է նոր երկաթուղային գծեր կառուցել և արդիականացնել գործող երկաթուղային ցանցը: 
 
Մասնավորապես, 2013թ. օգոստոսից Հասան Ռոուհանիի նախագահ դառնալուց ի վեր երկրի կառավարությունն այդ ոլորտին հատկացրել է մոտ 1.5 մլրդ դոլար: Միայն ընթացիկ բյուջետային տարում (2017թ. մարտից մինչև 2018թ. մարտ) երկաթուղային հատվածին առնչվող ծրագրերի համար հատկացվել է 500 մլն դոլար: Ավելին, Իրանում ընդունված զարգացման վեցերորդ հնգամյա ծրագրի (2016-2021թթ.) համաձայն` երկաթուղային հատվածը դարձել է այդ երկրի կառավարության գլխավոր գերակայություններից մեկը, և որոշվել է, որ Իրանի ամենամյա նավթային եկամուտների 1%-ն առաջիկա հինգ տարիների ընթացքում կհատկացվի երկաթուղային տրանսպորտի զարգացմանը: Խոսքը մոտավորապես տարեկան մոտ 1 մլրդ դոլարի մասին է: 
 
Ներկայումս Իրանում կառուցվում են մոտ 3500 կմ երկարությամբ տարբեր երկաթգծեր, ևս 6500 կմ կկառուցվի առաջիկա հինգ տարիների ընթացքում: Երկրի զարգացման 20-ամյա ծրագիրը (2005-2025թթ.) նախատեսում է, որ երկաթուղային տրանսպորտ օգտագործող ուղևորների թիվը մինչև 2025թ. կհասնի տարեկան 65 մլն-ի` ներկայիս 25 միլիոնի փոխարեն: 
 
Տարեցտարի ավելանում են նաև երկաթուղային տրանսպորտով իրականացվող բեռնափոխադրումների ծավալները: Օրինակ, անցյալ տարի երկաթուղային փոխադրումների ծավալը կազմել է տարեկան մոտ 40,4 մլն տոննա: Դրանից միայն երկաթուղային տարանցումը կազմում է 405.000 տոննա: Վերջին տվյալներով՝ այդ տարանցումն ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում (2017թ. մարտի 21-ից մինչև օգոստոս) անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 44%-ով: Նախատեսվում է, որ Իրանի զարգացման վեցերորդ հնգամյա ծրագրի ավարտին՝ 2021թ., այդ երկրում իրականացվող բեռնափոխադրումների 30%-ը կիրականացվի երկաթուղու միջոցով:
 
 
ԻՐԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ ԴԱՌՆԱԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎՈՂ ՔԱՅԼԵՐԸ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱ
 
Ներկայումս Իրանը երկաթուղային հաղորդակցություն ունի մի շարք երկրների հետ, և երկրի կառավարությունը զգալի քայլեր է կատարում այլ երկրների հետ համատեղ երկաթուղիներ կառուցելու, որոշ երկրների հետ երկաթգծերը միավորելու և միասնական, ինտեգրված երկաթուղիներ ունենալու համար: Մինչև Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկումը նրա համար առաջնայինը Կենտրոնական Ասիա և Չինաստան դուրս գալն էր: Դեռևս 2009-2014թթ. Ղազախստանը, Թուրքմենստանը և Իրանը կառուցեցին մի երկաթուղի, որի շնորհիվ այդ երկրները միմյանց հետ երկաթուղային հաղորդակցություն ունեցան: Իրանը և Թուրքմենստանն իրենց երկաթուղիները միացրել են դեռևս 1996թ. Թեջեն-Սերախս-Մեշհեդ անցումային ճանապարհով: 2014թ. Ղազախստանը, Թուրքմենստանը և Իրանն ավարտեցին նաև երկաթուղու «Ուզեն-Բերակեք-Գորգան» հատվածի կառուցումը: Երկաթուղու երկարությունը կազմում է 908 կմ, որից 120 կմ-ը գտնվում է Ղազախստանում, 700 կմ-ը` Թուրքմենստանում և 88 կմ-ը` Իրանում: Այդ երկաթուղու միջոցով կտրուկ ավելացել է Ղազախստանի և Թուրքմենստանի հետ Իրանի առևտրաշրջանառությունը: Օրինակ, 2016թ. Իրանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 750 մլն դոլար, ինչը 15%-ով գերազանցում է 2015թ. տվյալները: 
 
Իրանը փորձում է Կենտրոնական Ասիայում երկաթուղային ցանցերի միավորման մեջ ներառել նաև իրանախոս Տաջիկստանին: Ներկայումս Իրանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Տաջիկստանի միջև բանակցություններ են ընթանում չորս երկրների երկաթգծերի միացման շուրջ: Ընդ որում, Տաջիկստանն այդ երկրներից ոչ մեկի հետ սահման չունի, և այդ ծրագիրն իրագործելու համար պետք է ընդգրկվեն նաև Ղրղզստանը կամ Ուզբեկստանը: Ամենայն հավանականությամբ, Տաջիկստանն իր երկաթուղային ցանցն այդ երկրներին կմիացնի Ղրղզստանի միջոցով: 
 
Քննարկվում է նաև մեկ այլ երկաթուղային միջանցքի` Չինաստան-Ղրղզստան-Տաջիկստան-Աֆղանստան-Իրան երթուղով երկաթուղի կառուցելու հնարավորությունը: Այս նախագծի տեխնիկա-տնտեսական ուսումնասիրությունը կատարելու համար իրանական կողմը նույնիսկ Տաջիկստանին 1 մլն դոլարի դրամաշնորհ է հատկացրել: Չինաստան-Ղրղզստան-Տաջիկստան-Աֆղանստան-Իրան երկաթուղու ընդհանուր երկարությունը կկազմի մոտ 2.000 կմ: Նախնական տվյալներով՝ միայն Տաջիկստանի հատվածի կառուցման համար անհրաժեշտ է ավելի քան 3.2 միլիարդ դոլար:
 
Պետք է նշել, որ այս նախագիծը շրջանառության մեջ է դրվել դեռևս 2010թ.-ից: Իսկ վերջերս երկաթուղու կառուցման մասին խոսակցություններն ավելի են ծավալվել: Մասնավորապես, 2016թ. փետրվարին Ղրղզստանում Իրանի դեսպան Ալիի Նաջաֆի Խոշրուդին հայտարարեց, որ մոտ ապագայում տարածաշրջանում կարող է սկսվել նոր երկաթուղու շինարարությունը, որը միմյանց կկապի Իրանը, Աֆղանստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը և Չինաստանը: Կենտրոնական Ասիան կարևոր տեղ է զբաղեցնում Իրանի տարանցիկ և տրանսպորտային ոլորտներում, - հայտարարել է իրանցի դիվանագետը: - Մենք պատրաստ ենք Կենտրոնական Ասիայի երկրներին հնարավորություն տալ օգտվելու մեր հնարավորություններից, նավահանգիստներից, որոնցից շատ կան մեր երկրում: Պատրաստվել և դիտարկվում են ռազմավարական նշանակության մի շարք ծրագրեր, այդ թվում՝ տրանսպորտի բնագավառում համագործակցության ընդլայնումը: Դրանցից ամենաառաջնահերթը ես կանվանեի հնգակողմ երկաթգծի շինարարությունը, որը կանցնի Չինաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Աֆղանստանի և Իրանի տարածքներով: Մենք դա շատ կարևոր ենք համարում, և շուտով կարող ենք ականատեսը դառնալ այդ նախագծի իրականացման սկզբի: 
 
Սակայն Իրանի` նախկին ԽՍՀՄ միջինասիական հանրապետությունների հետ միասնական երկաթուղային ցանցի ստեղծման գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ նրանք օգտագործում են տարբեր լայնության երկաթուղագծեր: Այսպես, «ռուսական» ստանդարտներով երկաթուղագծի լայնությունը 1520 մմ է, իսկ «եվրոպական» ստանդարտներով երկաթուղագծինը՝ 1435 մմ: Ըստ այդմ, նախկին խորհրդային միջինասիական երկրներում Խորհրդային Միությունից ժառանգություն է մնացել «ռուսական» 1520 մմ-անոց համակարգը, իսկ Իրանում գործում են «եվրոպական» ստանդարտները: Այսպես, Թուրքմենստանից Իրան ապրանքների փոխադրման համար այսօր սահմանակետում բոլոր վագոնները պետք է փոխեն բեռնասայլակները: Դա սահմանափակում է երկաթուղային անցուղիների հզորությունը: Օրինակ, Սերախս-Մեշհեդ հատվածով օրվա ընթացքում կարող է անցնել միայն 200 վագոն: 
 
Իրանի համար հատկապես կարևոր է Չինաստանի հետ երկաթուղային հաղորդակցություն ունենալու հարցը, քանի որ այդ երկիրն Իրանի թիվ մեկ առևտրային գործընկերն է: 2016թ. Չինաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երթուղով տեղի ունեցավ առաջին փորձնական երթը, որով կոնտեյներային գնացքը Չինաստանից հասավ Իրան: 10.000 կմ տարածքը գնացքն անցավ 2 շաբաթում` երկու անգամ ավելի արագ, քան կհասներ ծովային ճանապարհով (25-30 օր): Ակնկալվում է, որ նոր երկաթուղին կնպաստի Իրանի Կասպյան տարածաշրջանի զարգացմանը և դրական ազդեցություն կունենա տրանսպորտային, արտադրական և սոցիալական ենթակառուցվածքների ընդլայնման վրա: 
 
 
Արմեն Վարդանյան
 
ՄԱՀՀԻ փորձագետ, իրանագետ
 
Շարունակությունը՝  սկզբնաղբյուրում
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play