Աշոտ Մանուկյանը ելույթ է ունեցել ԱԷՄԳ-ի գլխավոր կոնֆերանսում

19-09-2017 18:31:35   | Ավստրիա  |  Մամլո հաղորդագրություն
 


 
  Սեպտեմբերի 18-ին Վիեննայում մեկնարկել է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր կոնֆերանսի 61-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ:
 
Այսօր ելույթ ունենալով համաժողովում՝ ՀՀ պատվիրակության ղեկավարն իր ելույթում անդրադարձել է ատոմային էներգիայի անվտանգ օգտագործմանը, միջուկային զենքի չտարածման պայմանագրի պարտավորությունների պահպանմանը, կարևորել Հայկական ԱԷԿ-ի անվտանգության ապահովման բարձր մակարդակը։ Նախարարը համաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրել  է միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված փորձագիտական առաքելությունների արդյունքներին, որոնց համաձայն Հայկական ԱԷԿ-ի անվտանգությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Աշոտ Մանուկյանը բարձր է գնահատել ԱԷՄԳ-ի հետ երկարատև ու արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանը։ 
Համաժողովի շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յու.Ամանոյի հետ։ 
 
 
Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից